Մեծանալ՝ ամենից առաջ նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն։ Եվ իսկապես, մանկության հիմնական առանձնահատկությունը փոքրիկ մարդու կախվածությունն է մեծահասակներից։ Հասունանալ՝ նշանակում է ինքնուրույնություն ձեռք բերել։ Հասուն դառնալու գործում երեխային օգնելը այն հիմնական խնդիրներից մեկն է, որ ծնողները դնում են իրենց առջև։ Բայց երբ մենք ջանքեր ենք գործադրում երեխաներին ինքնուրույն լվացվել և հագնվել սովորեցնել, թվում է, թե դրանք հիշյալ նպատակի հետ որեէ կապ չունեն։ Իսկապես, անկախ այն բանից, մենք նրանց շտապեցնում ենք, թե ոչ, նրանք ի վերջո ձեռք են բերում այդ հմտությունները։

Ահա թե ինչու մեր առջև նման խնդիր ենք դնում ոչ թե վախից, որ երեխաները երբեք ինքնուրույնաբար հագնվել չեն սովորի, և ոչ էլ մեր սեփական հոգսերը թեթևացնելու ցանկությունից, այլ այն պատճառով, որպեսզի խրախուսենք փոքրիկների ձգտումը՝ իրենց մտքերում և արարքներում անկախություն ձեոք բերել։

Ստորև առաջարկում ենք հինգ ընդհանուր հանձնարարականներ, որոնք միշտ օգտակար է նկատի ունենալ, եթե ցանկանում եք օգնել ձեր երեխային, որպեսզի նա սովորի ամեն ինչ ինքնուրույն անել։

1. Պնդերեսություն մի արեք։ Իհարկե, 2,5-3 տարեկան երեխան արդեն ի վիճակի է ինքնուրույն հանել հագուստները, բայց ինքնուրույն հագնվել նա կկարողանա միայն 5 կամ 6 տարեկանում։ Ասենք, որ 6 տարեկան փոքրիկին նույնպես հաճելի է, երբ նրա համար դայակություն են անում և բոլորովին էլ վատ չի լինի, եթե դուք երբեմն, բայց ոչ հաճախակի, ինչ-որ բանում նրան օգնեք։ Պնդել կամ պահանջել, որպեսզի նա ամեն ինչ ինքնուրույն անի՝ բոլորովին էլ երեխայի ինքնուրույնությունը զարգացնելու լավագույն ուղին չէ։

2. Ընդօրինակումը մեծ ուժ է։ Եթե դուք թույլ տաք, որ երեխան ազատ մտնի ձեր սենյակ կամ լողասենյակ, ապա նա կտեսնի, որ դուք նույն բանն եք անում, ինչ-որ ջանում եք սովորեցնել նաև իրեն։ Թույլ տվեք նույնիսկ, որ նա հագուստները ձեր ննջարան բերի և ձեզ հետ միասին հագնվի, իսկ դուք նույն բանը կարող եք անել մանկական սենյակում։ Եթե նա երբեմն իր օգնությունն  առաջարկի, մի հրաժարվեք, քանի որ դա ևս ընդօրինակում է։

3. Ձեռք բերած հաջողությունների համար օգտակար է երեխային սիրալիր խոսքեր ասել։ Եթե նա ձեզ է մոտենում և հպարտանում է, որ արդեն հագնվել է, ապա միանգամայն անհրաժեշտ է գովել խելացի փոքրիկին՝ արդարացնելով նրա այդ սպասումը։ Բայց եթե դուք, հակառակը, նրան նկատողություն անեք, ասելով, որ նա վատ է սանրվել և ճիշտ չի ընտրել փողկապը, վերնաշապիկը կամ գուլպաները, դրանով իսկ կխարխլեք նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ։

4. Ուշադրություն դարձրեք որոշ կենցաղային մանրուքների վրա։ Երեխայի համար սովորաբար դժվար է հասնել լվացարանին, ջրի ծորակին, եթե դրա համար նա հատուկ նստարան կամ փոքրիկ սանդուխք չունի։ Մանկական հագուստը սովորաբար հարմար ու գործնական է, բայց հաճախ պատահում է, որ կոճակների անցքերը շատ  նեղ են լինում կամ գոտին պետք է թիկունքի կողմից կապել. մի բան, որ փոքրիկը դեռևս չի կարողանում անել։ Պատահում է նաև, որ կախիչը շատ բարձր է ամրացրած լինում և այն պետք է իջեցնել՝ հարմարեցնելով երեխայի հասակին։ Դա կօգնի, որպեսզի նա արագ սովորի ինքնուրույն օգտվել դրանից։

5. Երեխային, անշուշտ, պետք է գովել, երբ նա քնուրույն հագնվում ու լվացվում, բայց նաև պետք է հասկացնել, որ դրանք սովորական, ամենօրյա հմտություններ են։ Իսկ երբ մենք շատ ենք պնդում, որպեսզի երեխան մաքրի ատամները և հագնվի, ապա, անկախ նրա կամքից, մեծացնում ենք այդ գործողությունների նշանակությունը։ Հաճախ մենք այնպիսի ոճով ենք հայտարարում, որ հասել է հանվելու և լողանալու ժամանակը, կարծես ինչ-որ կարևոր միջոցառում ենք իրականացնելու։

Իսկ եթե այդ գործերին մոտենանք հանգիստ, ինչպես և պետք է վերաբերվել ամենօրյա հոգսերին, ապա երեխան նույնպես դրանք կսկսի ընկալել որպես հաճելի ժամանց։ Սկզբում մենք, անկասկած, որոշ դժվարությունների կհանդիպենք։ Նման դեպքերում լավ կլինի երեխայի համար որևէ հետաքրքիր զբաղմունք հնարել։ Օրինակ, կարելի է առաջարկել, որպեսզի նա, լվացվելուց հետո ձեզ օգնի նախաճաշը պատրաստելու գործում։ \"Միայն թե արագ հագնվիր, այլապես չես հասցնի, ամեն ինչ ես մենակ կանեմ\"։

Քանի որ նման ծրագիրը անձի ընդհանուր ինքնուրույնության ձևավորման միայն մեկ բաղկացուցիչ մասն է, ապա կարելի է եզրակացնել, որ այդ ծրագիրն այնքան ավելի արդյունավետ կլինի, որքան ավելի ձևավորված են երեխայի հետ մեր փոխհարաբերությունները։ Հագուստի վրայի արագ բացվող շղթաները, անհրաժեշտ բարձրության վրա ամրացրած կախիչները, հարմար հագուստը մեծ առաջադիմության լոկ աննշան մասն են կազմում։ Մեր խնդիրը երեխայի մեջ որոշակի մտածելակերպ ձևավորելն է, իսկ այդ գործում մենք այնքան ավելի մեծ նվաճումների կհասնենք, որքան ավելի մեծ եռանդով ինքներս լավ օրինակ ցույց տանք փոքրիկին։


Աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Ալան Ֆրոմի \'\'Այբուբեն ծնողների համար\'\' գրքից