Ծնողներից բաժանվելու վախը։ Ահա թե ինչ Է տեղի ունենում, երբ 2 տարեկան զգայուն ու անօգնական երեխան, հատկապես երբ ընտանիքի միակ զավակն է, անսպասելիորեն բաժանվում է մորից։ Գուցե մորն անհրաժեշտ է մի քանի շաբաթով մեկնել քաղաքից կամ որոշել է կրկին աշխատանքի անցնել և դայակ (անծանոթ մարդ) է վարձում երեխային խնամելու համար։ Սովորաբար երեխան հանգիստ է պահում իրեն, քանի դեռ մայրը չկա։ Բայց հենց որ վերադառնում է, տզրուկի նման կպչում է մորից ու հրաժարվում նույնիսկ մոտ թողնել անծանոթ կնոջը։ Երեխան խուճապի է մատնվում, երբ նրան թվում է, թե մայրը կարող է նորից գնալ։ Առանձնապես շատ է վախենում բաժանվել մորից, երբ քնելու ժամը մոտենում է։ Երեխան սարսափահար դիմադրում է։ Եթե մայրը ուժով դուրս պրծնի նրա ձեռքից, նա կարող է վախից մի քանի ժամ լաց լինել։ Եթե մայրը նստում է նրա մահճակալի մոտ, երեխան հանգիստ պառկում է, բայց բավական է մայրը շարժվի, նա անմիջապես վեր է թռչում։

Երբեմն երեխան անհանգստանում է, որ կարող է միզել անկողնում։ Նա գիշերանոթ է խնդրում, մայրը նստեցնում է, նա զոռով միզում է մի քանի կա թիլ բայց հենց որ պառկեցնում են անկողնում, նորից գիշերանոթ է խնդրում։ Դուք կասեք, թե պարզապես պատրվակ է փնտրում, որ մորը պահի իր մոտ։ Ճիշտ է։ Բայց բանը միայն այդ չէ։ Երեխաներն իրոք վախենում են միզել անկողնում։ Երբեմն գիշերը 2 ժամը մեկ արթնանում են ու մտածում այդ մասին։ Չէ որ այդ հասակում մայրը հավանություն չի տալիս նման <<իրադարձություններին>>։ Գուցե երեխան պատկերացնում է, թե անկողինը թրջելու պատճառով մայրը քիչ կսիրի իրեն ու նորից կմեկնի։ Այսպիսով, նա վախենալու երկու պատճառ ունի։

Խուսափեք մտավախության առիթներից։ Այն երեխաները, ովքեր շատ փոքր հասակից հաճախ են եղել անծանոթ մարդկանց միջավայրում և դրանով իսկ հնարավորություն են ունեցել զարգացնել իրենց անկախությունն ու մարդամոտությունը, ավելի քիչ են ենթակա հիշյալ մտավախություններին։ Եթե ձեր երեխան մոտ 2 տարեկան է, աշխատեք խուսափել արմատական փոփոխություններ մտցնել նրա կյանքում։ Եթե կարող եք կես տարով հետաձգել ձեր ճամփորդությունը կամ աշխատանքի գնալը, ավելի լավ է հետաձգեք, հատկապես եթե դա ձեր առաջին երեխան է։ Բայց եթե անհրաժեշտ է անհապաղ մեկնել, հնարավորություն տվեք երեխային ընտելանալու և սիրելու այն մարդուն, որի խնամքին թողնելու եք նրան: Եթե երեխան ապրելու է օտար ընտանիքում, առավել ևս կարևոր է աստիճանաբար ընտելացնել նրան նոր ընտանիքին ու նոր մարդկանց: Ամենաքիչը մի քանի շաբաթ տրամադրեք դրան։ Թող նոր մարդը առաջին մի քանի օրը միայն ներկա լինի, բայց ոչինչ չանի երեխայի համար այնքան ժամանակ, մինչև երեխան վստահություն ու համակրանք տածի նրա հանդեպ։ Այնուհետև աստիճանաբար հանձնեք ձեր պարտականությունները։

Միանգամից մի հեռացեք երեխայից ամբողջ օրով։ Սկսեք կես ժամից, աստիճանաբար ավելացնելով բաժանման ժամկետը։ Ձեր արագ վերադարձը կընտելացնի նրան այն մտքին, թե միշտ էլ շուտ եք վերադառնում նրա մոտ։ Մի մեկնեք երկար ժամանակով (օրինակ, մի ամսով) անմիջապես այն բանից հետո, երբ տեղափոխվել եք նոր բնակավայր կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը մեկնել է։ Երկու տարեկան երեխային շատ ժամանակ է հարկավոր, որ ընտելանա ընտանիքի կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխությանը։

Ինչպես օգնել, որ հաղթահարի վախը։ Եթե ձեր երեխան վախենում է քնել, ամենաանվտանգ, բայց ամենադժվար իրագործելի միջոցը մինչև քուն մտնելը նրա մահճակալի մոտ նստելն է։ Մի շտապեք ծլկել։ Եթե դեռ քնած չէ, ձեր հեռանալը կվախեցնի երեխային և նրա քունը կըդարձնի ավելի թեթև։ Այդ վիճակը կարող է ձգձգվել մի քանի շաբաթ, բայց վերջ ի վերջո դուք կհասնեք այն բանին, որ նա այլևս չի վախենա քնել։ Եթե վախենում է, թե նորից կմեկնեք, աշխատեք մի քանի շաբաթով հետաձգել ձեր մեկնումը։ Եթե ստիպված եք ամեն օր գնալ աշխատանքի, փաղաքշանքով, բայց վստահ և ուրախ տեսքով հրաժեշտ տվեք նրան։ Եթե ձեր տեսքն այնպիսին է, ասես մտքում մտածում եք. <<Արդյոք ճի՞շտ եմ վարվում` թողնելով նրան>>, ապա երեխան ավելի վատ կզգա իրեն։

Ցերեկային քունը վերացնելու կամ գիշերային քունը ավելի ուշ ժամերի տեղափոխելու ճանապարհով երեխային քնել ստիպելու փորձերը սովորաբար գրեթե արդյունք չեն տալիս, այնպես ինչպես բժշկի նշանակած հանգստացնող միջոցները։ Երեխան կարող է, խուճապի մատնվելով, ստիպել իրեն ժամերով չքնել, թեև արդեն ուժասպառվելու վրա է։ Դրանից հետո ստիպված եք հանգստացնել նրան։ Եթե երեխան վախենում է քնած ժամանակ միզել անկողնում, հավատացրեք նրան, որ դա նշանակություն չունի, և դուք, միևնույն է, առաջվա պես կսիրեք նրան։

Չափից ավելի հոգատարությունը միայն սաստկացնում է վախը։ Մորից բաժանվելու մտավախությամբ տառապող երեխան չափազանց նախանձախնդրությամբ է վերաբերվում այն հարցին, արդյոք մայրն էլ նույնքան ծանր է ապրում իրենց բաժանումը։ Եթե մայրը տատանվում է ու անվստահ պահում իրեն, երբ հարկավոր է գնալ, եթե երեխայի առաջին իսկ ճիչին շտապում է նրա մոտ, ապա մոր անհանգստությունն ավելի շատ է համոզում երեխային, թե նրանից բաժանվելը, չգիտես ինչու, իրոք վտանգավոր է։

Սա կարող է հակասական թվալ վերոնշյալ այն խորհրդից հետո, թե մինչև քուն մտնելը նստեք երեխայի մահճակալի մոտ և որևէ տեղ չմեկնեք, եթե նա սարսափում է բաժանվելուց։ Մայրը պետք է լրացուցիչ ուշադրություն հատկացնի երեխային, եթե նա վախեցած է, ճիշտ այնպես, ինչպես կվարվեր, եթե հիվանդանար։ Բայց մայրը պետք է իրեն պահի ուրախ, վստահ, ցույց տալով, թե վախենալու պատճառներ չկան։ Պետք է նաև խրախուսի երեխային ցուցաբերելու ինքնուրույնություն, երբ նա բարոյապես պատրաստ լինի, և գովի, երբ այդ ուղղությամբ երեխան հասնում է հաջողության։ Մոր այդ վարքագիծը ամենաստույգ միջոցն է օգնելու, որ երեխան հաղթահարի վախը։

Չափից ավելի հոգատարությունը երեխային կախման մեջ է դնում ծնողներից, որն էլ վախի, դժվար քնելու և երեսառածության պատճառ է դառնում։ Որպես կանոն, ավելորդ հոգատարություն են ցուցաբերում շատ նվիրված, բարեհոգի ծնողները, որոնք հեշտությամբ մեղավոր են ճանաչում իրենց, նույնիսկ երբ դրա համար հիմքեր չկան։ Բայց շատ դեպքերում մեծ վնաս է հասցնում երեխայի նկատմամբ ունեցած զայրույթը խոստովանելու անկարողությունը։ Ծնողների համար ավելի հեշտ կլինի, եթե ընդունեն այն պահերի անխուսափելիությունը, երբ տանջվում են երեխայի հանդեպ ունեցած ամենաչար զգացմունքներից և աշխատեն հումորով վերաբերվել դրանց։

Երբեմն օգնում է խոստովանել երեխային, թե ինչու եք բարկանում նրա վրա (մանավանդ եթե ձեր զայրույթն այնքան էլ արդարացի չէր)։ Եթե խելամտորեն վարվեք, ապա այդ խոստովանությամբ չեք գցի ձեր հեղինակությունը։ Շատ օգտակար է երբեմն երեխային ասել. <<Գիտեմ, որ շատ ես բարկանում ինձ վրա, երբ ստիպված եմ այդպես վարվել քեզ հետ>>։

Երբ հարց է բարձրանում երեխայի կողմից երկյուղը հաղթահարելու անհրաժեշտության մասին, շատ բան կախված է նրանից, թե գործնական նկատառումներից ելնելով որքան շուտ պետք է հասնել դրան։ Առանձին անհրաժեշտություն չկա ստիպել երեխային փաղաքշել անծանոթ շանը, լողալ գետի խորունկ մասում կամ մենակ մեկնել ավտոբուսով։ Նա կցանկանա այդ անել, երբ ձեռք բերի քաջություն։ Բայց մյուս կողմից, եթե արդեն գնում է մանկապարտեզ, ավելի լավ է ուշադրություն չդարձնեք նրա վախի վրա և պնդեք, որ գնա։ Եթե միայն այդ մտքից խուճապի է մատնվում, ընդառաջէք նրան։ Թույլ մի տվեք երեխային գիշերները մտնել ծնողների անկողինը։ Նա պետք է մնա իր մահճակալում։ Նյարդային վախով տառապող դպրոցահասակ երեխան վաղ թե ուշ պետք է վերադառնա դպրոց։ Որքան նրա մեկնումը հետաձգեք, այնքան ավելի դժվարությամբ կհաղթահարի վախը։ Ծնողներից բաժանվելու երեխայի վախի յուրաքանչյուր դեպքի ժամանակ անհրաժեշտ է մտածել՝ արդյոք այդ հարցում մեծ դեր չունի չափից ավելի հոգատարությունը և փորձել հաղթահարել այն։ Այս երկու քայլերն էլ դժվար է իրագործել, և նման դեպքերում մեծ օգնություն կարող են ցույց տալ հոգեբույժ բժիշկներն ու փորձված մանկավարժները։

Քուն մտնելու որոշ դժվարություններ։ Չպետք է այնպիսի տպավորություն ստանալ, թե անհրաժեշտ է նստել դժվարությամբ քնող յուրաքանչյուր երկամյա երեխայի կողքին, մինչև նրա քուն մտնելը։ Ընդհակառակը։ Ծնողներից բաժանվելու ուժգին վախը հազվադեպ երևույթ է, բայց ծնողներից չբաժանվելու չափավոր ցանկություն են զգում գրեթե բոլոր երեխաները։ Այդ ցանկությունն արտահայտվում է երկու ձևով։ Առաջին դեպքում երեխան փորձում է մորը պահել սենյակում։ Նա խնդրում է գիշերանոթ, թեև միզել էր ընդամենը մի քանի րոպե առաջ: Մայրը գիտի, որ նա պարզապես իրեն պահելու պատրվակ է փնտրում, բայց, մյուս կողմից, ձգտում է խրախուսել գիշերանոթից օգտվելու նրա ցանկությունը և այդ պատճառով համաձայնվում է մեկ անգամ էլ նստեցնել նրան գիշերանոթին։

Բայց հենց որ պառկեցնում է անկողնում ու պատրաստվում գնալ, երեխան ջուր է խնդրում և այնպիսի տեսք ունի, ասես ծարավից մեռնում է։ Եթե մայրը տեղի տա, ամբողջ երեկո նա կհերթափոխի այդ ցանկությունները։ Պարզապես երեխան փոքր-ին չ վախենում է բաժանվել մորից։ Երեխային հանգստացնելու ամենահուսալի միջոցը հետևյալն է` բարյացակամ, բայց աներեր տոնով ասել, որ այլևս ծարավ չէ ու գիշերանո թի կարիք չունի, այնուհետև բարի գիշեր մաղթել ու առանց տատանվելու դուրս գալ սենյակից։ Եթե մայրը թույլ է տալիս, որ երեխան իրեն պահի և անհանգիստ ու անվստահ տեսք ունի, ապա դրանով կարծես ասում է, <<Գուցե նա իզուր չի այդպես անհանգստանում>>։

Նույնիսկ եթե մի քանի րոպե երեխան թնկթնկում է ու լալիս, խելամիտ կլինի չվերադառնալ նրա մոտ։ Ավելի լավ է երեխան միանգամից հասկանա, որ այդպիսով չի հասնի իր նպատակին, և շաբաթներով անօգուտ պայքար չի մղի։ Երկրորդ դեպքում երկամյա երեխան, որ չի ցանկանում բաժանվել ծնողներից, պարզապես իջնում է մահճակալից ու հայտնվում նրանց առջև։ Նա բավականաչափ խելոք է, որպեսզի այդ ժամանակ իրեն պահի խիստ սրտառուչ ձևով։ Նա երջանիկ տեսք ունի, երբ գրկում ու խոսում են իր հետ (որի համար ցերեկը ժամանակը չի բավարարում)։ Ծնողների համար շատ դժվար է այդ պահին հաստատակամություն ցուցաբերել, բայց անհրաժեշտ է, այն էլ անհապաղ։ Այլապես նրան դուր կգա իջնել մահճակալից, որը վերջ ի վերջո կվերածվի ամեն երեկո մեկ կամ երկու ժամ տևող տհաճ պայքարի։

Երբ ծնողներն ի վիճակի չեն զսպել շարունակ մահճակալից իջնող երեխային, նրանք հարցնում են. արդյոք լավ չի լինի փակել նրան սենյակում։ Լավ բան չէ մինչև քնելը լացող երեխային թողնել փակ դռան առջև։ Ավելի լավ է նրա մահճակալի վրա ցանց կապել։ Հաստատ չի կարելի ասել, որ հոգեբանական տեսակետից ցանցն անվտանգ է, բայց այդ միջոցառումը, անկասկած, ավելի լավ է, քան ամեն երեկո վեճի բռնվելը։ Սակայն ցանցը չդարձնեք պատժամիջոց։ Կարող եք երեխային ասել, թե ցանցով պատված մահճակալը նման է տնակի և խնդրեք, որ օգնի ձեզ կապել ցանցը։
Երկու տարեկան երեխաներից շատերին դուր է դալիս այդ միտքը, նրանք հաճույքով թույլ են տալիս, որ իրենց պառկեցնեն ցանցի տակ, այնուհետև ցանցը մի քիչ քաշքշելով ու համոզվելով, որ դուրս ելնելու հնարավորություն չկա, նրանք քնում են։ Եթե ցանցը վախեցնում է երեխային, ավելի լավ է չօգտվել դրանից։ Խորհուրդ չի տրվում օգտագործել այն 3 տարեկան երեխայի համար, որի մոտ ավելի շուտ կարող է երկյուղ առաջանալ փակ տարածության նկատմամբ։

Ավելի խելամիտ կլինի երկու տարեկան երեխային քնեցնել կողմնային պատեր ունեցող մահճակալում, նույնիսկ եթե ստիպված եք հաջորդ երեխայի համար գնել նոր մահճակալ։ Երեխաները չափից ավելի հաճախ են թափառում բնակարանում, հենց որ նրանց մանկականից տեղափոխում են դեռահասի մահճակալին։ Բայց եթե երեխան սովորի իջնել նաև կողմնային պատեր ունեցող մահճակալից, այդ դեպքում մահճակալի տեսակն այլևս նշանակություն չունի։

Երբեմն, եթե երեխան վախենում է մենակ քնել, նրա սենյակում տեղավորեք եղբորը կամ քրոջը։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am