Ինն ամսական փոքրիկն արտահայտում է ամենաբազմազան հույզեր` հիացմունքից սկսած մինչև վախ, զայրույթ և ձանձրույթ: Հույզերն առայժմ իր զգացմունքներն ու մտքերն արտահայտելու միակ հնարավորությունն են: Փոքրիկը զգում է իրեն հասկանալու կարիքը, այլապես շփոթվում է, դժբախտ տեսք է ընդունում: Այս հասակում երեխան ձգտում է ինքնուրույնության, բայց իրեն լավ է զգում միայն այն ժամանակ, երբ մայրը կողքին է, ու միշտ պատրաստ է օգնել:


Երեխայի զարգացումը

Փոքրիկը կարող է`

- Հայացքով հետևել ընկնող առարկաներին, քանի դեռ դրանք չեն անհետացել իր տեսադաշտից:

- Ամբողջ մարմնով ձգվել, ոտքի ելնել:

- Մանր առարկաներ բարձրացնել:

- Հաճույքով խաղում է թաթիկներով (ծափիկ-ծափիկ):

- Ձեռքը թափահարելով հրաժեշտ տալ:

- << Ճանապարհորդել >> կահույքի շուրջբոլորը:

Շարժումները

Այս հասակի փոքրիկն արդեն հավանաբար կարող է առանց օգնության 10-15 րոպե նստել, թեքվել, ու բարձրացնել խաղալիքը, առանց ընկնելու: Նա կարող է ամբողջ մարմնով շրջվել, թաթիկներին հենված` երկար ուսումնասիրել, մատներով տրորել խաղալիքները, ձեռքից ձեռք փոխանցել: Բայց նա առայժմ չի կարողանում մատներով բռնել մանր առարկաները ու դրանք բռնում է չանչի սկզբունքով: Ցուցամատով հրում է խաղալիքները, երբեմն ծիծաղում` մատը մեծերին ցույց տալով: Ավելորդ իրերը ոչ թե գետին է դնում, այլ շպրտում է կամ սեղմում պինդ մակերևույթին: Խաղալիքները շպրտելիս նա հայացքով հետևում է դրանց, մինչև իր տեսադաշտից անհետանալը:
Այս հասակում փոքրիկը շատ շարժուն է, ու չորեքթաթ ինքնուրույն սողում է հատակի վրա, թավալվում կողքից կողք: Նա փորձում է ինչ-որ բանից բռնելով` ոտքի կանգնել: Ամենայն հավանականությամբ նա դա հաջողությամբ կանի, մի քանի ակնթարթ կկանգնի, հետո գետին կթրմփա, քանի որ դեռևս չի կարողանում դանդաղ իջնել ու նստել: Դրա համար նա դեռ պետք է սովորի կառավարել իր մարմինը: Երբ մայրը բռնում է երեխայի թաթիկներից, նա մարմնով առաջ թեքվելով, կսկսի արագ շարժվել` փոխելով տոտիկները և կարծես թե փորձարկելով առաջին իսկական քայլերը:

Ակտիվությունը

Փոքրիկը ավելի բարձրագոչ է դառնում: Իր պահանջկոտ ճիչերով նա իր վրա ուշադրություն է հրավիրում, ստուգում իր գոռգոռոցի պատասխան ռեակցիան, երբ ոչ մի արձագանք չի լինում, սկսում է նորից գորգոռալ: Նա շատ է սիրում << զրուցել >> մեծերի հետ` բավականին բարձր ու միօրինակ արտասանելով բառերի շարան, օրինակ` << դա-դա >>, << մա-մա >>, << ագա-ագա >>, ու այս ամենը բազմիցս կրկնում է: Իր թոթովանքը նա օգտագործում է ոչ միայն որպես մեծերի հետ հաղորդակցման միջոց` գոհունակություն կամ դժգոհություն արտահայտելով, այլև որպես ժամանցի ձև : Նա սիրում է մեծերի ձայները կրկնօրինակել, շուրթերով չպպացնում է, ծիծաղում և << բռռ…>> անում`աշխատելով ավելի բարձր աղմկել:
Այս հասակում նա լավ է կծում ու ծամում կերակուրը, կարող է ձեռքերի օգնությամբ ուտել, կերակրելիս փորձում է խլել գդալը: Հարկավոր է նրան էլ գդալ տալ, որ խաղալով ուտելիքը բերանը տանելու փորձերով հետզհետե ինքնուրույն ուտել սովորի:
Փոքրիկը հաճույքով մեծերի հետ պահմտոցի է խաղում, փնտրում խաղալիքը, որ նրա աչքի առաջ իբր թե պահել են: Նա պարզապես հրճվում է, երբ գտնում է խաղալիքը և ցույց տալիս մեծերին: Կարելի է խնդիրն ավելի բարդացնել` խաղալիքն իսկապես պահելուց հետո նրա տեղը ցույց տալով: Եթե փոքրիկը դրանից հետո չհասկանա, թե որտեղ է խաղալիքը, կշփոթվի, նույնիսկ կզայրանա:
Եթե ինչ-որ խաղերի համար նա դեռ փոքր է, դժվար է հասկանում, թե իրենից ի՞նչ է պահանջվում, մեծերը խաղին ավելի ակտիվորեն պիտի մասնակցեն, գովեն նրան, բուռն, չափազանցված զարմանքով ու հիացմունքով արձագանքեն նրաբոլոր ջանքերին: Փոքրիկը, զգալով մեծերի խրախուսանքը, տեսնելով, թե որքան ուրախություն է պատճառում նրանց իր ճարպկությամբ, գոհ ու երջանիկ կլինի: Այս հասակում երեխան ավելի ինքնավստահ է, քան առաջ, ու նրա խաղերն ավելի համարձակ են դառնում: Նրա վարքագիծն ապացուցում է, որ մեծ տեղաշարժեր են կատարվել և նրան ավելի բարդ բաներ սովորեցնելու ժամանակն է արդեն:

 

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am