Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները:
Ծավալի համալրումը նպատակ ունի վերականգնել ներանոթային կորուստները և կարգավորել հիպովոլեմիան՝ պահպանելու համար հեմոդինամիկան և կենսական կարևոր ֆունկցիաները: Այս նպատակին կարելի է հասնել իզոօնկոտիկ և իզոտոնիկ լուծույթներով: Հեղուկի համալրումը նպատակ ունի լրացնելու արտաբջջային տարածության գոյություն ունեցող կամ սպառնացող հեղուկի դեֆիցիտը, որը կարող է առաջանալ մաշկից, մարսողական ուղղուց կամ երիկամներից հեղուկի կորստի պատճառով:
Սա կարելի է իրականացնել լուծույթով, որը պարունակում է օսմոտիկ ակտիվ բաղադրիչներ, այսինքն՝ իզոտոնիկ ինֆուզիոն միջոցներով: Էլեկտրոլիտային համալրումը նպատակ ունի վերականգնելու օրգանիզմի ողջ հեղուկը (ներբջջային+արտաբջջային), երբ մաշկից, մարսողական ուղղուց կամ երիկամներից հեղուկի կորստի պատճառով փոխվում են ջրային բոլոր տարածությունների ծավալը և բաղադրությունը:
Քանի որ ֆիզիոլոգիական կոլոիդ - օնկոտիկ ճնշում ունեցող կոլոիդ լուծույթները մնում են ներանոթային տարածությունում, իզոտոնիկ էլեկտրոլիտային լուծույթները տեղաբաշվում են արտաբջջային տարածքում (պլազմա + ինտերստիցիալ տարածություն), իսկ գլյուկոզայի լուծույթը՝ օրգանիզմի ողջ ջրի մեջ (և ներ-, և արտաբջջային), ապա պարզ է դառնում, որ 1) ծավալի համալրումն արդյունավետ կլինի կոլոիդների ներմուծման, 2) հեղուկի համալրումը՝ իզոտոնիկ կրիստալոիդների, իսկ 3) էլեկտրոլիտների կամ ողջ ջրի համալրումը՝ գլյուկոզայի լուծույթների ներմուծման դեպքում:
Նպատակը.
Սույն աշխատանքի նպատակն է վերլուծել ինֆուզիոն թերապիայի նոր տակտիկայի ներդրման արդյունավետությունը՝ պերիտոնիտով հիվանդների հետվիրահատական բուժման շրջանակներում:
Նյութը և մեթոդները.
Հետազոտությունը կատարվել է ԵՊԲՀ-ի համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Հետազոտության համար ընդգրկվել են այն հիվանդները, որոնք վիրահատվել են պերիտոնիտի կապակցությամբ:
Հետազոտության նյութը կազմել են 13 հիվանդներ (4 կին և 7 տղամարդ)՝ 34–76 տարեկան, որոնց ծանրության աստիճանն ըստ APACHE II-ի եղել է 12.1(5.8, վերակենդանացման բաժանմունքում գտնվելու տևողությունը՝ 4.1(1.5 օր, մահացությունը կազմել է 23.1% (n=3): Ներվիրահատական ինֆուզիան ընդգրկել է կրիստալոիդ (2.7(0.5լ) լուծույթներ: Հեմոդինամիկան արագ կայունացնելու նպատակով բոլոր հիվանդները անզգայացման ներածումից հետո ստացել են 300–400 մլ NaCl-ի 7.5%-անոց լուծույթ՝ կոլոիդի (0.5 լ Օսլադեքս, 0.6%, 200/0.5) հետ համատեղ:
Հետվիրահատական շրջանում կատարվել է v. jugularis interna-ի կամ v. subclavia-ի կաթետերավորում: Վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ողջ ըթացքում հիվանդները օրական ստացել են 3000 – 3500 մլ կրիստալոիդ (0.9%-անոց NaCl-ի և Ռինգերի լուծույթներ), 1000 մլ Օսլադեքս: Առաջին երկու օրը նշված հեղուկներից բացի ներարկվել է նաև NaCl-ի 7.5%-անոց լուծույթ՝ 400 մլ, և 5%-անոց գլյուկոզա՝ 500 մլ:
Սույն հետազոտության համար անցկացված ինֆուզիոն թերապիայի արդյունավետության չափանիշներ են հանդիսացել կենտրոնական երակային ճնշումը, նատրիումի խտությունը պլազմայում և պլազմայի օսմոլյարությունը:
Արդյուքները.
Հետազոտվող հիվանդների մոտ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին օրը կենտրոնական երակային ճնշումը եղել է բացասական: Հիպերտոնիկ և կոլոիդ լուծույթների ներարկումից հետո գրանցվել է վերջինիս վիճակագրորեն հավաստի աճ 45%-ով (p<0.05), իսկ հետագա օրերին այն կազմել է 11.4(2.9 սմ ջրի ս.: Նատրիումի խտությունը և պլազմայի օսմոլյարությունը պահպանվել են համապատասխանաբար 141.5(2.5 մմոլ/լ և 294.6(5.1 մՕսմ/կգ H2O միջակայքում:
Եզրակացություն.
Այսպիսով, ինֆուզիոն թերապիան ծրագրավորելիս հարկավոր է հաշվի առնել ջրային բոլոր տարածքներում գոյություն ունեցող շեղումները և հեղուկների ընտրությունը կատարել՝ ըստ այդմ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի շտկել ջրային հոմեոստազի խանգարումները և խուսափել բացասական ջրային բալանսից, ինչը բացասաբար անդրադարնում հիվանդության ելքի վրա:
Հեղինակ : | Մ.Ի. Եղիազարյան, Վ.Վ. Կոստանյան, Վ.Ռ. Քոչարյան Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն, Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց |
Աղբյուր : | Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> -3. 2008 (35) 2-3 |
Նյութր էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am