«Մի՛ վախեցեք փոփոխություններից, քայլ արե՛ք ձեր երազանքին ընդառաջ: Եթե ծրագրերդ հիմնավոր են, հաշվարկներդ՝ ճշգրիտ, և դու քո մասնագիտության մեջ ունես որոշակի փորձ, պետք է անպայման քայլ անել առաջ, դեպի զարգացում»,- ասում է պլաստիկ վիրաբույժ, «Դա Վինչի» կլինիկային հիմնադիր-տնօրեն Արմեն Հովհաննիսյանը՝ ողջունելով կլինիկայի վերաբացման պաշտոնական արարողության ներկա հյուրերին:

«Դա Վինչի» կլինիկան այսուհետ կգործի նոր՝ ավելի հարմարավետ և ընդարձակ տարածքում: Հնդկաստանի 2 (նախկին Ձորափի) հասցեում տեղակայված երկհարկանի շենքը հուլիսի 1-ին բազմամարդ էր, ինչպես երբևէ:  «Դա Վինչի»-ի վերաբացմանը ներկա էին ինչպես բժշկական ոլորտի առաջատար մասնագետները, այնպես էլ կլինիկայի հավատարիմ այցելուները:

«Դա Վինչի» կլինիկան ստեղծվել է 2010 թվականին՝ երկու ընկերների համատեղ երազանքի արդյունքում, այնուհետև 2019 թվականին այն ընդլանվեց, և թիմին միացան նոր գործընկերներ: «Մեր ընկերությունից 20 տարի անց վերջապես որոշեցինք, որ ժամանակն է հիմնադրել մեր սեփական կլինիկան, որն իր մեջ կներառեր ե՛ւ թերապեւտիկ, ե՛ւ վիրահատական ծառայություններ: Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է ձեռք բերել պացիենտների վստահությունը»,- Doctors.am-ի հետ զրույցում ասում է  «Դա Վինչի»-ի նոր գործընկեր էնդոկրին-վիրաբույժ Լեւոն Մխիթարյանը, Արմեն Հովհաննիսյանն էլ հավելում է՝

«Կյանքը ցույց տվեց, որ մեծ, խոշոր վիրահատությունները պետք է կատարվեն մեծ հիվանդանոցներում, իսկ ոչ մեծ ծավալի միջամտությունները՝ այսպիսի կլինիկաներում: Բացի այդ, էսթետիկ բժշկությունը պահանջում է ավելի գաղտնի պայմաններ: Ահա, թե ինչու անհրաժեշտություն առաջացավ նմանատիպ կլինիկա հիմնելու»:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում մասնավոր կլինիկաները գնալով աճում են, ինչո՞ւ պացիենտները հենց «Դա Վինչի» կլինիկան պետք է ընտրեն, Արմեն Հովհաննիսյանն ընդգծում է.
«Անցած ինը տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք: Մենք կարողացանք կլինիկան հագեցնել անհրաժեշտ սարքավորումներով, ժամանակակից տեխնոլոգիաներով, սակայն ամենակարևորը ես համարում եմ այն, որ մենք միշտ անկեղծ ենք պացիենտի հետ: Մեր սկզբունքն է՝ երբեք չխաբել մարդկանց, չառաջարկել անարդյունք ծառայություններ: Փորձը ցույց տվեց, որ այդպես մենք միայն հաղթեցինք՝ ձեռք բերելով այցելուներ, որոնք մեզ չափազանց շատ են վստահում, և այդ վստահությունից ավելի մեծ կապիտալ մեզ համար գոյություն չունի:

Մեր կլինիկայի առավելություններից է այն, որ վիրաբույժն ու կոսմետոլոգն աշխատում են կողք կողքի, որովհետեւ միայն վիրաբուժությամբ կամ միայն կոսմետոլոգիայով հնարավոր չէ հասնել լավ արդյունքի: Կան իրավիճակներ, որտեղ բժիշկների ավելի լայն շրջանակ ընդգրկելով է հնարավոր հասնել ավելի լավ արդյունքի»:

«Դա Վինչի» նոր գործընկերներից է ԼՕՌ ծառայության ղեկավար, բ․գ․թ․, ԵՊԲՀ ԼՕՌ ամբիոնի դոցենտ Գնել Անանյանը: Մեզ հետ զրույցում բժիշկ Անանյանը կարևորեց կլինիկայի բազմապրոֆիլությունն ու տեխնիկական հագեցվածությունը.

«Կլինիկան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում և բուժում:  Մեր կլինիկան ծառայում է ազգաբնակչության հետագա՝ ավելի առողջ կենսակերպին՝ թե՛ բուժման, թե՛ կանխարգելման տեսանկյունից»,- նշեց Գ. Անանյանը՝ հասարակությանը կոչ անելով ավելի պատասխանատու լինել սեփական առողջության նկատմամբ և կատարել ճիշտ ընտրություն՝ թե՛ կլինիկայի, թե՛ մասնագետի, թե՛ բուժման մեթոդաբանության հարցում:

Հիշեցնենք, որ «Դա Վինչի» կլինիկայում գործում են էսթետիկ բժշկության, պլաստիկ վիրաբուժության, էնդոկրինոլոգի, ԼՕՌ, ուլտրաձայնային հետազոտության, ռեաբիլիտացիոն և մի շարք այլ ծառայություններ:

«Դա Վինչի» կլինիկա` իրական գեղեցկության և ներդաշնակության հասնելու ամենակարճ ճանապարհը: