Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհում 430 միլիոն մարդ է տառապում շաքարային դիաբետով: Այս թիվը գնալով աճում է, եւ, ըստ ԱՀԿ-ի, 2030 թվականին շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում կլինի մարդկանց մահվան յոթերորդ պատճառը:

Հայաստանում շաքարային դիաբետի ցուցանիշները եւս աճում են: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ «Առողջություն եւ առողջապահություն 2017» վիճակագրական տարեգրքի` մեր երկրում 15 եւ դրանից բարձր տարիքի՝ շաքարային դիաբետ ունեցողների թիվը կազմում է 82336, մինչեւ 14 տարեկանների դեպքում այդ թիվը հասնում է 400-ի:

Doctors.am-ի հետ զրուցում էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանը նշեց, որ շաքարային դիաբետի մի քանի տիպեր կան՝ առաջին տիպի դիաբետ, երկրորդ տիպի դիաբետ, LADA-դիաբետ եւ MODY-դիաբետ (վերջին երկուսն ամենաքիչն են հանդիպում):

«Շաքարային դիաբետը մի վիճակ է, որի ժամանակ օրգանիզմում դիտվում է ինսուլինի բացարձակ (առաջին տիպ) կամ հարաբերական անվաբարարություն (երկրորդ տիպ):
Առաջին տիպի դիաբետը սովորաբար լինում է մինչեւ 40 տարեկանների մոտ, հիմնականում՝ երեխաների: Երկրորդ տիպի դիաբետը հիմնականում առաջանում է ճարպակալման հետեւանքով՝ ինսուլինառեզիստենտականության արդյունքում, երբ ծայրամասային ընկալիչները լինում են քիչ զգայուն ինսուլինի նկատմամբ»,- ասաց Մուրադյանը:

Շաքարային դիաբետը վտանգավոր է, եթե չի վերահսկվում: Այն կարող է առաջացնել նեւրոպատիա, անգիոպատիա, երիկամային խնդիրներ:

«Շաքարային դիաբետի վտանգավորության աստիճանը որոշվում է գլիկոլիզացված հեմոգլոբինի թվով, որը պետք է չափել երեք ամիսը մեկ: Միջազգային չափանիշներով՝ դիաբետ ունեցող պացիենտների մոտ նորմա է համարվում յոթը, դրանից բարձր թիվը համարվում է դեկոմպենսացված»,-նշեց բժշկուհին:

Ինչպես ցանկացած հիվանդություն, շաքարային դիաբետը նույնպես ունի իր նախանշանները, որոնք, սակայն, երբեմն կարող են շփոթեցնել, քանի որ հանդիպում են նաեւ այլ հիվանդությունների ժամանակ: Այնուամենայնիվ, եթե Ձեզ մոտ նկատում եք թուլություն, հոգնածություն, հաճախամիզություն, մազաթափություն, շատակերություն, քաշի ավելացում, մաշկի չորություն, ապա արժե դիմել բժիշկի:

«Գլյուկոզայի ստուգումն արյան մեջ կարող է ախտորոշիչ լինել: Խորհուրդ կտամ գոնե տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ ստուգվել, քանի որ չբացահայտված դիաբետի դեպքում զարգանում են դիաբետի բարդություններ, որոնք կարող են կյանքի տեւողությունը կրճատել 10-15 տարով»,-նշեց էնդոկրինոլոգը:

Առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ, երբ օրգանիզմում ինսուլին չի արտադրվում, կատարվում է ինսուլինաթերապիա, իսկ երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում շաքար իջեցնող դեղորայք է նշանակվում, որոշ դեպքերում (սուր վիճակներ, չկոմպենսացված դիաբետ, հյուծված պացիենտներ)՝ նաեւ ինսուլինաթերապիա: Սրան գումարվում է նաեւ առողջ սննդակարգի պահպանումը, որը ենթադրում է քացրի, խմորեղենի, գազավորված ըմպելիքի, օսլա պարունակող մթերքի, հացաբուլկեղենի բացառում: 

Գրետա Մուրադյանը հավելեց, որ ցանկալի է սնվել փոքր չափաբաժիններով՝ երեք ժամը մեկ, իսկ մրգեղենն օգտագործել առավոտյան ժամերին: Անհրաժեշտ է բարձրացնել նաեւ ֆիզիկական ակտիվությունը: 


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը