Դեռևս 1930-ական թվականներին հոգեվերլուծաբանների կողմից առաջարկվեց արտ-թերապիայի գաղափարը` որպես երեխայի անձնային-էմոցիոնալ խնդիրների արտահայտման միջոց: Այսօր երևույթը մեծ կիրառում ունի աշխարհում հատկապես աուտիզմով հիվանդ երեխաների բուժման գործընթացում:
Արդեն վաղուց հոգեբաններն ապացուցել են, որ նկարելու միջոցով երեխան արտահայտում է ոչ միայն մտավոր զարգացվածության մակարդակը, այլև նկարն արտացոլանքն է նրա անհատականության, ապրումների, տեսակի, օգնում է ճանաչել ինքն իրեն և իր հնարավորությունները:
- Արտ-թերապիայով զբաղվելը բավական կարևոր է աուտիզմով հիվանդ երեխայի զարգացման համար: Հենց ստեղծագործական աշխատանքի ժամանակ է, որ խոսքեր անհրաժեշտ չեն: Սա իրենից ներկայացնում է երեխայի ներգրավումը նկարչական աշխատանքի մեջ` կոլաժների պատրաստում, կավագործություն, տիկնիկագործություն և շատ այլ հետաքրքիր ճյուղեր: Այստեղ առաջնային է այն, որ երեխան ունի ազատություն` ընտրելու նյութը, ստեղծագործական ճյուղը որտեղ ուզում է աշխատել: Այսպես նա արտահայտում է իր անհատականությունը: Նկարների միջոցով կարելի է որոշել, հասկանալ երեխայի հոգեվիճակը: Սա ժամանակակից և բավական արդյունավետ միջոց է երեխայի ընկալումներն ու աշխարհայացքը բացահայտելու, նրա հետ հաղորդակցման,- ասում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի արտ-թերապիստ Մարիամ Սահակյանը:
- Տղաս այժմ 5 տարեկան է: 3 տարեկանում բժիշկները հաստատեցին, որ նրա մոտ աուտիզմ է: Իհարկե , դա ուժգին հարված էր, մանավանդ, որ ես շատ տեղեկություններ չունեի հիվանդության մասին: Կարծում եմ` բոլոր նման ընտանիքներում առաջին զգացողությունը տագնապն է, խուճապը:
Ընտանիքի և ծնողի աջակցությունը կարևորում է նաև արտ-թերապիստը.
- Անչափ կարևորում եմ աուտիզմի մասին իրազեկությունը ոչ միայն ընտանիքում, որտեղ կա այդ խնդիրը, այլ նաև հասարակության մոտ: Միայն իրազեկ լինելով կարող ենք նպաստել խնդրի վերհանմանը և դրական արդյունք ստանալուն: Մասնագետի աշխատանքն անհամեմատ ավելի մեծ արդյունավետություն է ունենում այն դեպքում, երբ ծնողները ևս հետևողական են և ուշադիր: Այսինքն` կենտրոնում երեխայի հետ աշխատում է մասնագետը, տանը` ծնողները,- ասում է նա. - աուտիկ երեխաների հետ աշխատանքը բավական բարդ և երկարատև գործընթաց է: Եթե երեխայի հետ աշխատանք է տարվում ավելի վաղ տարիքից, արդյունքներն, իհարկե, ավելի շոշափելի են լինում: Անչափ կարևոր է նման երեխայի հետ աշխատանքի ժամանակ ունենալ անսահման համբերություն: Ինձ համար, թերևս, առաջնայինը երեխայի վստահությանն արժանանալն է: Միայն համատեղ վստահության և ներդաշնակության շնորհիվ կարելի է աշխատանքը հաջողված համարել:
Հարկ է հիշել, որ ստեղծագործական աշխատանքը նվազեցնում նաև էմոցիոնալ լարվածությունը և աուտիստ երեխայի մոտ ստեղծում է հարմարավետության հզոր զգացողություն: Մաղթում ենք, որ աուտիզմ ունեցող բոլոր երեխաներն ապրեն այդ հարմարավետության մեջ, իսկ նկարներում գերիշխեն գույները և անսահման երևակայությունը: