«Հայկական հակաքաղցկեղային լիգա» հասարակական կազմակերպությունը` «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոննների հետ համատեղ, 2019թ.-ի դեկտեմբերի 14-15-ը, Երևանում անցկացրեց «ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴՊՐՈՑ» 2-րդ միջազգային  դասընթացը: Դասընթացը նպատակ ուներ համախբել ոլորտի առաջատար մասնագետներին  և դասախոսությունների, տարատեսակ քննարկումների արդյուքնում իրականացնել փորձի փոխանակում՝ վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման լավագույն օրինակները սեփական երկրում տեղայնացնելու և առավել արդյունավետ մեթոդների կիրառման նպատակով: Դասընթացը շատ ուսանելի էր նաև Հայաստանի մարզաբնակ բժիշկների համար, ովքեր արտերկիր մեկնելու հնարավորություն չեն ունեցել:  
«Հայկական հակաքաղցկեղային լիգա»-ի փոխնախագահ Արամ Բադալյանի խոսքով այս տարի դասընթացն ուշագրավ էր նրանով, որ հատուկ ուշադրություն դարձվեց ռադիոիզոտոպային բժշկությանը, մասնավորապես՝ ներկայացվեց  Էրեբունի ԲԿ-ի բազայի վրա ստեղծված Ռադիոիզոտոպային կենտրոնը, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին և շնորհիվ իր տեխնիկական չափորոշիչների, հնարավորություն է տալիս իրականացնել վահանաձև գեղձի խնդիրների միջազգային մակարդակի ախտորոշում և բուժում:


Հրավիրված հյուրերի կազմում էին ոչ միայն ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներն, այլ նաև՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի ղեկավար, ուռուցքաբան, բ.գ.թ. Նատալյա Շենգելյա դե Լանգեն, ուռուցքաբան վիրաբույժ, պրոֆեսոր Միխայիլ Կրոպոտովը, Ռուսաստանի էնդոկրինոլոգիայի գիտական կենտրոնի ճառագայթաբան, ուռուցքաբան, պրոֆեսոր Պավել Ռումյանցևը, ՌԴ Կրասնոդարի երկրամասի Էնդոկրին վիրաբուժության միջհամայնքային կենտրոնի բաժանմունքի վարիչ, էնդոկրին-վիրաբույժ, բ.գ.թ. Եվգենի Ռյաբչենկոն և Ռուսաստանի էնդոկրինոլոգիայի գիտական կենտրոնի էնդոկրին-վիրաբույժ, պրոֆեսոր Վլադիմիր Վանուշկոն: Վերջինս նշեց, որ այս տեսակ դպրոցների անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ բժշկության մեջ լուրջ փոփոխություններ են կատարվում, և ոլորտի մասնագետները պետք է միասին վերաիմաստավորեն, վերամշակեն այդ տեղեկատվությունը: Բացի այդ, միջոցառման շրջանակում չափազանց կարևորվեց այն մոտեցումը, որ ցանկացած հիվանդության բուժում պահանջում է մուլտիդիսցիպլինար մոտեցում:  Այդ առումով նշանակալի է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան տարբեր տեսանկյուններից ուսումնասիրել վահանաձև գեղձի հիվանդությունները, ինչը հետագայում հնարավորություն կտա բուժման առավել արդյունավետ եղանակ ընտրելու համար:

Բժիշկ Արամ Բադալյանը նշեց նաև, որ դպրոցը շարունակական բնույթ է կրելու և տարեցտարի ընդլայնելու է մասնակիցների շրջանակը:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը

Լուսանկարիչ՝ Արման Պապիկյան