Քննական շրջանը մեկնարկել է, ինչը նշանակում է, որ հատկապես ուսանողները կարիք ունեն կենտրոնացվածության, ուղեղի լավ աշխատանքի եւ հիշողության ակտիվացման, ինչն այդքան էլ չի հաջողվում Ամանորի նախապատրաստական շրջանում:

Ի՞նչ անել, եթե մտքերը ցրված են, եւ ոչ  մի կերպ չի ստացվում կենտրոնանալ պարապմունքների վրա:

Առաջարկում ենք սննդակարգում ավելացնել որոշ մթերքներ, որոնք կօգնի թարմացնել հիշողությունն ու արագացնել ուղեղի աշխատանքը:

Կոֆեին

Իհարկե, մարդու IQ-ն բարձրացնելու համար չկա կախարդական բաղադրատոմս, սակայն կոֆեինը կարող է էներգիայով ապահովել Ձեզ եւ օգնել կենտրոնանալ: Չնայած՝ կոֆենի ազդեցությունը կարճատեւ է, իսկ դրա չարաշահումը՝ ոչ այնքան ցանկալի: 

Շաքար

Շաքարն ուղեղի համար անփոխարինելի է, բայց ոչ այն շաքարը, որը կա Ձեր սեղանի վրա, այլ գլյուկոզան, որն օրգանիզմը ստանում է Ձեր ընդունած շաքարից եւ ածխաջրերից:  Մեկ բաժակ քաղցր հյութը կարող է կարճ ժամանակով ակտիվացնել հիշողությունը եւ մտածողությունը: Սակայն այստեղ էլ պետք է հիշել չափը չանցնելու մասին:

Նախաճաշ

Ուղեղի լավ աշխատանքի համար նախաճաշելը պարտադիր է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաճաշը կարող է լավացնել կարճ հիշողությունը եւ ուշադրությունը: Նախաճաշը պետք է պարունակի ամբողջական հացահատիկ, կաթնամթերք, մրգեր: 

Ձուկ

Ձուկը հարուստ է օմեգա 3-ով, ինչն ուղեղի աշխատանքի բանալին է: Օմեգա 3 ճարպաթթուն նվազեցնում է նաեւ ինֆարկտի ռիսկը, բացի այդ, լավացնում է հիշողությունը, որը տարիքի հետ անհրաժեշտ է բոլորին:

Ուղեղի եւ սրտի լավ աշխատանքի համար խորհուրդ է տրվում ձուկ ուտել շաբաթական երկու անգամ:

Ընկույզ եւ շոկոլադ

Ընկուզեղենը վիտամին E-ի աղբյուր է, իսկ դառը շոկոլադն անտիօքսիդանտի հատկություններ ունի  եւ պարունակում է կոֆեին, որոնք էլ նպաստում են կենտրոնացմանը: Օրական մեկ անգամ շոկոլադ եւ ընկուզեղեն կերեք, որպեսզի ստանաք անհրաժեշտ էներգիա՝ օգտագործելով մինիմալ կալորիաներ:

Ճիշտ կենսակերպ

Բացի ճիշտ սննդակարգից, անհրաժեշտ է նաեւ ճիշտ կենսակերպ վարել՝ խմել շատ ջուր, լիարժեք քնել, մեդիտացիա անել եւ մտածողության զարգացմանը նպաստող վարժություններ:



Աղբյուրը՝ Webmd.com