Կանաչ թեյը հարուստ է պոլիֆենոլներով՝ ուժեղ ներգործող հակաօքսիդանտներով: Գիտնականները պարզել են, որ պոլիֆենոլները պաշտպանում են ողնուղեղի նեյրոնները վնասվածքներից և նվազագույնի հասցնում հնարավոր վնասը: Վերջին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանաչ թեյի էքստրակտը (մզվածքը) նվազեցնում է նեյրոնների թթվային սթրեսը և կանխում է ապոպտոզը (գենետիկորեն ծրագրավորված մահ), հայտնում է Science World Report-ը: Բացի այդ, կանաչ թեյի պոլիֆենոլները պաշտպանում են ողնուղեղը երկրորդային վնասվածքներից:
Թթվայնության բարձրացումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ լիպիդների գերօքսիդացումը, ԴՆԹ-ի վնասումը և սպիտակուցների օքսիդացումը: Այս և հետագա հետազոտությունների օգնությամբ հեղինակները հույս ունեն մշակել բուժման գործուն մեթոդ: Նրանք ցանկանում են գտնել ողնուղեղի վնասվածքից հետո նեյրոնների վերակառուցման և ֆունկցիոնալ վերականգնման միջոցը:
Առավել վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի էքստրակտը ամրացնում է ուղեղի նեյրոնների միջև առկա կապը: Հետազոտության շրջանակներում կամավորներին տրվել է կանաչ թեյի էքստրակտի ըմպելիք: Այնուհետև նրանք անցել են հիշողությունը ստուգող թեստ: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով մասնագետները ստուգել են ուղեղային ակտիվությունը: Հենց այս հետազոտությունն է դուրս բերել գլխուղեղի կեղևի ճակատային և գագաթային բլթերի միջև ակտիվության բարձրացումը: Ենթադրվում է, որ թեյը ամրացնում է գլխուղեղի արագ սինապտիկ կապերը (սինապս՝ նեյրոնների միացման հատված):
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ scienceworldreport.com