Որպեսզի հասկանաք՝ ինչ խնդիրներ ունեք բերանի խոռոչում, անհրաժեշտ է, որպեսզի հայելու օգնությամբ մանրամասնության ուսումնասիրեք ձեր լեզուն: Առողջ լեզուն պետք է վարդագույն լինի և պատված՝ փոքր հանգույցիկներով: Լեզվի նորմալ վիճակից ցանկացած շեղման կամ ցավի դեպքում անհրաժեշտ է անհանգստանալ:

Եթե լեզուն ունի սպիտակ ծածկույթ կամ սպիտակ կետեր, ապա հնարավոր է, որ դա հետևանք լինի.

Բերանի խոռոչի կանդիդոզի-սա խմորիչային վարակ է, որն առաջանում է բերանի խոռոչում: Այն առաջանում է սպիտակ փառի տեսքով և շատ նման է կաթնաշոռի: Բերանի խոռոչի կանդիդոզ հաճախ առաջանում է տարեցների և նորածինների մոտ և հատկապես՝ նրանց մոտ, ովքեր կրում են ատամնաշարի պրոթեզ կամ շատ թույլ իմունիտետ ունեն: Դիաբետով հիվանդ մարդիկ կամ նրանք, ովքեր ասթմայի կամ թոքերի հիվանդությունների պատճառով ընդունում են ինհալացիոն ստերոիդներ, նույնպես ռիսկային գոտում են: Կանդիդոզ կարող է առաջանալ նաև հակաբիոտիկների ընդունումից հետո:

Լեյկոպլակիայի-այս դեպքում բերանի խոռոչում բջիջներն աճում են չափից շատ, ինչը հանգեցնում է լեզվի վրա և բերանի խոռոչի ներսում սպիտակ հետքերի առաջացման: Լեյկոպլակիան կարող է զարգանալ լեզվի բորբոքման դեպքում: Սա հիմնականում առաջանում է այն մարդկանց մոտ, որոնք ծխախոտային արտադրանքներ շատ են օգտագործում: Լեյկոպլակիան կարող է նախաքաղցկեղային վիճակի հիվանդություն լինել, բայց ինքն իրենով այն այդքան էլ վտանգավոր չէ: Եթե դուք ունեք լեյկոպլակիայի ախտանշաններ, ապա անպայման դիմեք ստոմատոլոգի:

Եթե լեզուն կարմիր գույն ունի, ապա հնարավոր է, որ դա հետևանք լինի.

Վիտամինային անբավարարության-ֆոլաթթվի և վիտամին B-12-ի անբավարարությունը կարող են լեզվի կարմրության պատճառ դառնալ: Անբավարարությունը ստուգելու համար արյան սովորական հետազոտությունը բավարար կլինի:

«Աշխարհագրական» լեզվի-այս դեպքում լեզվի վրա գոյանում են քարտեզ հիշեցնող կարմիր բծեր: Այս նշանները կարող են եզրագծված լինել սպիտակ բծերով, նշանների տեղադիրքը ժամանակի ընթացքում կարող է փոխվել: Սա իրականում անվտանգ է:

Կարմրախտի-սա վարակ է, որի դեպքում լեզուն ելակի նման կարմիր գույն է դառնում: Եթե նկատում եք, որ լեզուն կարմրել է և ջերմում եք, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել ընտանեկան բժշկի: Կարմրախտի դեպքում հակաբիոտիկների ընդունումը պարտադիր է:

Կավասակիի հիվանդության-այս հիվանդության դեպքում նույնպես լեզուն ելակի նման կարմրում է: Սա հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ և ուղեկցվում է բարձր ջերմությամբ: Կավասակիի հիվանդությունը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ, այդ պատճառով անհրաժեշտ է մշտապես բժշկի հսկողության տակ լինել:

Սև գույն ունեցող և մազոտ լեզու

Ինչպես մազերը, այնպես էլ լեզվի վրայի պապիլասները աճում են ողջ կյանքի ընթացքում: Շատ մարդկանց մոտ դրանք շատ են երկարում և կարող են ծածկել բակտերիաները: Երբ այդ բակտերիաները աճում են դրանք կարող են մուգ կամ սև գույնի լինել, իսկ երբ  շատ են երկարում՝ կարող են մազի նմանվել: Բարեբախտաբար, սա սովորական երևույթ չէ և հազվադեպ է պատահում և հիմնականում բերանի խոռոչի վատ հիգիենայի արդյունք է: Այն մարդիկ որոնք շաքարային դիաբետ ունեն կամ հաճախ են ընդունում հակաբիոտիկներ, ստանում են քիմիաթերապիա, նույնպես հնարավոր է, որ այսպիսի խնդիր ունենան:

Եթե ձեր լեզուն ցավում է կամ անհարթ է, ապա դա կարող է հետևանք լինել.

Վնասվածքի-եթե պատահաբար կծում եք լեզուն կամ որևէ տաք ուտելիքով վառում եք այն, ապա հնարավոր է, որ դա ցավա այնքան ժամանակ, մինչև վերքը չի լավացել: Ատամները կրճտացնելը կամ սեղմելը նույնպես կարող է վնասել լեզուն և ցավ առաջացնել:

Ծխելու- ծխելը բորբոքում է լեզուն և կարող է ցավի պատճառ դառնալ:

Բերանի խոռոչի քաղցկեղի-2 շաբաթից ավել տևող լեզվի ցավը կարող է բերանի խոռոչի քաղցկեղի հետևանք լինել: Պետք է հաշվի առնել, որ բերանի հետ կապված քաղցկեղի տեսակները սկզբնական փուլում չեն ուղեկցվում ուժեղ ցավով և եթե ցավն այդքան էլ ուժեղ չէ, ապա դա չի նշանակում, որ անհանգստանալու կարիք չկա և պետք է անհապաղ դիմել բժշկի:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic
Աղբյուրը՝ Doctors.am