Հոգեթերապիան կազմում է միջոցների և մեթոդների մի ամբողջություն, որոնք նպատակ ունեն օգնել հուզական կամ վարքային խնդիրներով երեխաներին և դեռահասներին: Թեև կան հոգեթերապիայի տարբեր տեսաներ, յուրաքանչյուրի հիմքում ընկած է շփումը՝ որպես երեխայի զգացմունքների և վարքի մեջ փոփոխություն մտցնելու հիմնական միջոց: Հոգեթերապիան կարելի է անցկացնել անհատ երեխայի, խմբի կամ ընտանիքի համար: Երեխաների և դեռահասների շրջանում անցկացվող հոգեթերապիայի մեջ մտնում են խաղալը, նկարելը, կառուցելը, խոսելը՝ որպես զգացմունքներ կիսելու և խնդիրները լուծելու ամենակարևոր միջոցներ:

Նախնական գնահատման ժամանակ մանկապատանեկան հոգեբույժը կարող է տեսնել կամ չտեսնել հոգեթերապիայի անհրաժեշտություն: Որոշումը կայացվում է երեխայի առկա խնդիրների, դրանց պատմության, զարգացման մակարդակի, բուժմանը ենթարկվելու հավանականության և այլ չափանիշների հիման վրա: Հոգեթերապիան սովորաբար նշանակվում է բուժական այլ եղանակների՝ դեղորայքների, վարքը փոխելու կամ դպրոցում աշխատելու հետ միասին: Շատ կարևոր են հիվանդի և թերապևտի միջև ձևավորվող հարաբերությունները: Երեխան կամ դեռահասը պետք է իրեն հանգիստ և ապահով զգա, ինչպես նաև այն, որ իրեն հասկանում են: Վստահության մթնոլորտում երեխան իր զգացմունքները և մտքերը ավելի հեշտությամբ և ազատ կարտահայտի, և հոգեթերապիան ավելի արդյունավետ կլինի:

Հոգեթերապիան երեխաներին և դեռահասներին օգնում է տարբեր ձևերով: Նրանք հուզական աջակցություն են ստանում, լուծում են մարդկանց հետ ունեցած իրենց հակասությունները, հասկանում են իրենց զգացմունքները և խնդիրները, իսկ հին խնդիրների համար լուծման նոր եղանակներ են գտնում: Հոգեթերապիայի նպատակները լինում են կոնկրետ (վարքի փոփոխություն, ընկերների հետ հարաբերությունների բարելավում) կամ ընդհանուր (անհանգստության նվազեցում, ինքնագնահատականի բարձրացում): Հոգեթերապիայի տևողությունը կախված է խնդիրների բարդությունից: Հոգեթերապիայի մեջ հատուկ մասնագիտացված և հմտացած են մանկապատանեկան հոգեբույժները: