Երդվում եմ Ապոլլոն բժշկի, Ասկլեպիի, Հիգիեայի և Պանակեայի անուններով, բոլոր աստվածներով ու աստվածուհիներով, նրանց վկա վերցնելով, իմ ուժերին ու ըմբռնումերին համապատասխան ազնվորեն կատարել հետևյալ երդումը և մտավոր պարտավորությունը` բժշկական արվեստն ինձ ուսուցանողին համարել ծնողներիս հավասար, նրա հետ կիսվել ունևորությամբ և անհրաժեշտության դեպքում օգնել նրան, նրա սերունդներին համարել ինձ եղբայրներ և այս արվեստը, եթե նրանք կամենան, ուսուցանել նրանց անվարձահատույց և առանց որևէ պայմանագրի. խրատները, բանավոր դասերը և ուսուցման մնացած այլ հանգամանքները հաղորդել որդիներիս, ուսուցչիս որդիներին և պարտավորությամբ ու երդումով բժշկական օրենքին կապված աշակերտներին:

Ուժերիս և ըմբռնումներիս համապատասխան` հիվանդների ռեժիմը կնպատակաուղղեմ նրանց շահերին, ձեռնպահ մնալով որևէ վնաս պատճառելուց կամ անարդարացիությունից: Ինձանից մահաբեր դեղամիջոց խնդրող ոչ մեկին չեմ տա և ուղիներ ցույց չեմ տա նման մտադրության իրագործման համար, ճիշտ այդպես էլ ես ոչ մի կնոջ չեմ հանձնի վիժում առաջացնող միջոց: Մաքուր և անարատ կանցկացնեմ կյանքս ու արվեստս: Ոչ մի դեպքում կտրվածքներ չեմ կատարի քարային հիվանդությամբ տառապողի մոտ` այն հանձնելով միայն այդ գործով զբաղվող մարդկանց:

Ինչ տուն էլ որ մտնեմ, կմտնեմ հօգուտ հիվանդի` հեռու մնալով որևէ դիտավորությունից, անարդարությունից ու կորստաբերությունից, հատկապես կանանց կամ տղամարդկանց հետ սիրային գործերից` լինեն դրանք ազատներ, թե ստրուկներ:

Բուժման ընթացքում և նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք: Ինձ` երդումը անխախտ կատարողիս, թող երջանկություն տրվի կյանքում ու արվեստում և հավերժ փառք մարդկանց մոտ, իսկ խախտողին և կեղծ երդում տվողին թող լինի դրա հակառակը: