Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան հավելանյութեր են, որոնք պոլիմերային հումքին հաղորդում են ծակոտկենություն, իսկ կոշկեղենին՝ ամրություն և առաձգականություն։

Ոտնաթաթի և կոշիկի անմիջական շփման ժամանակ՝ մաշկային ծածկույթները կոշիկից մարդու օրգանիզմ վնասակար նյութերի ներթափանցման հիմնական ուղին են։ Դրանք օրգանիզմ են անցնում քրտնագեղձերի և ճարպագեղձերի, մազային պարկիկների, ինչպես նաև մաշկի եղջերաթաղանթի բջիջների և միջբջջային տարածությունների միջոցով։ Քիմիական միացությունները գազանման և գոլորշանման վիճակում լվացվում են քրտինքով և կրկին անցնում օրգանիզմ։ Մաշկից արտազատվող այլ արգասիքներ (օրինակ՝ ճարպը) կարող են պոլիմերային նյութերից ճարպալույծ միացություններ կլանել, որոնք բացասաբար են ազդում մաշկի վրա։

Հայտնի է, որ չվնասված մաշկը հիմնականում խոչընդոտում է քիմիական միացությունների ներթափանցմանը օրգանիզմ։ Անհարմար կոշիկով մաշկի վնասումը, կոշիկի մեջ անբարենպաստ միկրոկլիմայական պայմանները (բարձր ջերմաստիճան, խոնավություն, անբավարար օդափոխություն) կարող են առաջացնել մաշկածածկույթի վնասվածք, մաշկի նորմալ գործառնության խանգարում և քիմիական նյութերի նկատմամբ թափանցելիության մեծացում։

Պոլիմերային նյութերից արտազատվող միացությունները կլանվելով մաշկի և կոշիկի մեջ, հետագայում մաշկային ծածկույթի վնասվածքներ են առաջացնում։ Արձանագրված են որոշ նյութերից կարված կոշիկներից մարդկանց թունավորման և նյարդային համակարգի խանգարման դեպքեր, ինչպես նաև մաշկաբորբերի և ալերգիայի երևույթներ։ Վերջիններիս պատճառ են դարձել նաև կոշիկի արտադրության մեջ օգտագործվող ներկանյութերը, պոլիմերային ծագում ունեցող աստառը (նայլոն, կապրոն) և սոսինձը։ Ֆիզիկահիգիենիկ որոշ ցուցանիշներով կոշիկի արտաքին մակերեսի համար նախատեսված սինթետիկ նյութերը զիջում են բնական կաշիներին, քանի որ ունեն ցածր հիգրոսկոպիկություն, ջերմության նկատմամբ դիմադրության փոքր գործակից և բարձր էլեկտրականացում։ Խոնավ և չոր տաք կլիմայի պայմաններում հիգիենիկ չեն սոսնձով ամրացված կոշիկները, որոնք առաջացնում են ոտնաթաթի գերտաքացում, վատ են կլանում խոնավությունը և բնական կաշվի համեմատ 5-6 անգամ ծանր են։

Կոշիկի և մաշկային ծածկույթի անմիջական շփումով է պայմանավորված կոշկեղենից արտազատվող նյութերի ազդեցությունը ոտնաթաթի նորմալ միկրոֆլորայի վրա, որն ունի հակազդող, պաշտպանիչ, իմունացնող, ֆերմենտատիվ, վիտամինացնող և այլ դրական ֆունկցիաներ։

Ներկայացված հաղորդման մեջ բերված են պոլիմերային նյութերից կոշկեղենի հիգիենիկ չափորոշիչների գնահատման ընդամենը մի քանի փաստեր՝ տարբեր պոլիմերային միացությունները կոշիկի արտադրության մեջ օգտագործելու դեպքում։

Այսպիսով, պոլիմերային նյութերից կարված կոշկեղենը պետք է ունենա շրջակա միջավայրում նորմալ ջերմափոխանակությունը ապահովող բավարար ֆիզիկահիգիենիկ հատկություններ, չարտազատի մարդու առողջությանը սպառնացող քիմիական միացություններ, չառաջացնի մաշկաբորբ, չազդի մաշկի նորմալ միկրոֆլորայի կենսագործունեության վրա և չպարունակի նորման գերազանցող էլեկտրական լիցքեր։

Նշված հիգիենիկ պահանջները բավարարելու դեպքում՝ կոշկեղենը մարդու կյանքում կունենա ոչ միայն էսթետիկ դեր, այլև կարող է և պետք է դառնա առողջ ապրելակերպի գրավականներից մեկը։


Հեղինակներ` Սուսաննա Պողոսյան, Մարինե Դալալյան
Առողջապահություն