ՀՀ զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների հակահամաճարակային ապահովման նպատակով իմունականխարգելիչ միջոցառումների մասին

Գրականության տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոքր պետությունների, այդ թվում ՀՀ, զինված ուժերի համար ինֆեկցիոն հիվանդացությունը և վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպման խնդիրը այսօր խիստ արդիական են և լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն: Այստեղ խիստ կարևոր է զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների հակահամաճարակային ապահովման կազմակերպումը:

Դեռևս 1974թ. ԱՀԿ ընդունեց Պատվաստումների ընդլայնված ծրագիր, որի իրականացմամբ աշխարհում 20 տարվա ընթացքում հասանզգալի հաջողությունների 6 հիմնական վարակիչ հիվանդությունների (դիֆթերիա, փայտացում, տուբերկուլյոզ, պոլիոմիելիտ, կապույտ հազ, կարմրուկ) կանխարգելման աշխատանքներում:

Մի շարք երկրներում երկար տարիների ընթացքում չեն արձանագրվել դիֆթերիայով հիվանդացության դեպքեր: Արևմտյան կիսագնդի երկրներում 1992թ.-ից հետո վերացել է պոլիոմիելիտը, իսկ Եվրոպայի շատ երկրներում, որտեղ դեռևս գրանցվում են հիվանդության դեպքեր, հաջողությամբ են անց կացվում Պատվաստումների ազգային օրեր, որոնց ժամանակ կատարում են զանգվածային պատվաստումներ:

Օրակարգի հարց է դարձել կարմրուկի Էլիմինացիան, այսինքն նրա էնդեմիկ և երկրորդային (բերովի) դեպքերի վերացումը: Այդ խնդրիլուծումը հնարավոր է միայն պատվաստումների օգնությամբ:

Ղեկավարվող վարակների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է կանխարգելիչ պատվաստումների կազմակերպչական աշխատանքների կատարելագործում, պատվաստանյութերի տեսականու ընդլայնում և որակի բարելավում:

Համաշխարհային պատվաստումային նախաձեռնություն կազմակերպությունը իր առջև խնդիր է դրել ստեղծել համակցված պատվաստանյութեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի պաշտպանել մարդուն 25-30 ինֆեկցիաներից, դրանք ներարկվեն միանվագ, վաղ հասակում և զուրկ լինեն կողմնակի երևույթներ առաջացնելուց: Այդ նպատակին հասնելու համար կպահանջվի հաղթահարել շատ դժվարություններ, որի ժամանակ մարդկությունը կընդլայնի ինֆեկցիաների կանխարգելման հնարավորությունները՝ ստանալով առավել հուսալի, հարմար և անվտանգ պատվաստանյութեր:

Այսօր քաջ հայտնի է, որ ղեկավարվող վարակների նկատմամբ պատվաստում չստացած մարդկանց բուժման ծախսերը շատ ավելի մեծ են, քան պատվաստման համար օգտագործված նյութական միջոցները, չհաշված հիվանդների և նրանց ընտանիքի անդամների ապրումներն ու տանջանքները:

1995թ.-ից սկսած մեր ազգային բանակում կատարվում են պլանային պատվաստումներ դիֆթերիայի և փայտացման դեմ (ADC-M), որի շնորհիվ հիվանդացությունը զգալիորեն պակասել են: Գրանցվում են միայն դիֆթերիայի եզակի դեպքեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատվաստումների օրացույցը Հայաստանում վերջին տասնամյակում՝ կապված քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական գործոնների հետ, իրականացվում է անբավարար ձևով, ուստի միանգամայն արդարացված է բանակում պարտադիր պլանային պատվաստումների իրականացումը:

Զինված ուժերում իմունականխարգելումը զինծառայողների շրջանում պատվաստումների միջոցով արհեստական իմունիտետի ստեղծումն է` վարակիչ հիվանդությունները կանխարգելելու նպատակով: Պատվաստումները կատարվում են պլանային կարգով և ըստ համաճարակային ցուցումների:

Հետազոտության արդյունքներն ու դրանց քննարկումը:

Ելնելով վերը նշվածից մենք ուսումնասիրել ենք ՀՀ զինված ուժերի զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայած ներիհակահամաճարակային ապահովման կազմակերպման պրոբլեմը և մշակել ենք միջոցառումների համալիր, որտեղ իր ուրույն տեղն ունի իմունականխարգելումը, ավելի ստույգ` վերջինիս իրականացման մեթոդաբանությունը:

Զորամասում պատվաստումները կատարվում են զորամասին տրված հրամանին համապատասխան: Պատվաստումներն իրականացնում ենբժիշկները կամ նրանց հսկողության ներքո՝ փորձառու բուժակները և բուժքույրերը:

Պատվաստումների արդյունքները, դրանց կատարման ամսաթիվը, պատրաստուկի անվանումը, դեղաչափերը և օրգանիզմի ռեակցիաները գրանցվում են բժշկական գրքույկներում: Բացի այդ, կազմվում է իրականացվող պատվաստումների անվանացուցակ:

Պլանային պատվաստումները կատարվում են կենտրոնական հավաքակայանում և զորամասերում համալրման ընդունման ժամանակ ևծառայության ընթացքում՝ վերապատվաստման կարգով: Պլանային պատվաստումների ցանկը որոշվում է` ելնելով ՀՀ-ում և զինված ուժերում համաճարակային իրավիճակի առանձնահատկություններից:

Համաճարակային ցուցումներով պատվաստումները կատարվում են զորքերում վարակի ներթափանցման վտանգի կամ վարակիչ հիվանդությունների առաջացման դեպքում:

Արտակարգ կանխարգելումը զորքերի հակահամաճարակային պաշտպանության համակարգում հակաբիոտիկների, իմունային շիճուկների, որոշ դեղապատրաստուկների կիրառումն է՝ վարակման կասկածի տակ գտնվող զորքերի անձնակազմում վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար:

Հակահամաճարակային օջախներում արտակարգ կանխարգելման անցկացման մասին որոշումը կայացնում է վերադաս բուժվարչության պետը: Անձնակազմին պերօրալ օգտագործման համար պատրաստուկների հատկացումն իրականացնում է զորամասի բժշկական կազմը՝ բուժծառայության պետի ղեկավարությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինծառայողները որպես կանոն մտնում են տարբեր ինֆեկցիաներով հիվանդանալու վտանգին հաճախ ենթակա, կամ այսպես կոչված ռիսկի խմբի մեջ, ուստի անհրաժեշտ է համաճարակաբանական ցուցումի առկայության դեպքերում կատարել կանխարգելիչ պատվաստումներ ղեկավարվող վարակների դեմ, իսկ վերջին տարիների համաճարակային իրադրության պայմաններում, հատկապես վիրուսային Ա հեպատիտի և համաճարակային պարօտիտի դեմ:

Գրականություն

1. Вакцина и иммунизация (Современное поло­же­ние в мире). Женева, ВОЗ, 1998г., с. 1-5, 90-95, 100-101.
2. Вирусные гепатиты, С. Пб, 1999г.
3. Мировой опыт профилактики гепатита B. М., 2000г.
4. Михеева И.В., Лыткина И.Н., Мальцев Н.Н. и др. Эффективность селективной иммунизации в очагах эндемического паротита. Вирусные ин­фек­ции на пороге XXI века. с. 218-219.
5. Таточенко В.К. и Озерецковский Н.А. Иммуно­про­филактика. М., 1999. с. 25-55, 55-80.
6. Таточенко В.К., Озерецковский Н.А., Федоров А.М. Вакцинопрофилактика. Интеллектуальные технологии. М., 1995. Изд. Мед. газета, 23.

Հեղինակ : Գ.Ա. Աղայան, Վ.Ա. Ասոյան (ԵՊԲՀ, ԱՆ ԱԱԻ)
Աղբյուր : Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 1.2005 (23) 7-9
 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am