Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները. I մաս

Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ) և կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի (ԿՆՀՏ) այլ ձևերով հիվանդացության աճ, համեմատաբար բարձր մահացությամբ` մոտավորապես 30%, հատկապես չափահասների շրջանում [1, 2, 3]:

Հայաստանում, ըստ 1995թ. կիրառվող DOTS ծրագրի, տուբերկուլոզի ներկա համաճարակային լարված իրավիճակի պայմաններում ՏՄ-ի կլինիկական ընթացքի առանձնահատկությունների և բուժման արդյունքների վերաբերյալ մինչ օրս հետազոտություններ չէին կատարվել:

Անվիճելի է այն փաստը, որ երբեմնի անբուժելի ՏՄ-ի ժամանակին հայտնաբերումը և ճիշտ, լիարժեք բուժումը ներկայումս տալիս են դրական արդյունք ինչպես կլինիկորեն, այնպես էլ կազմաբանորեն: Միևնույն ժամանակ, ինչպես վկայում են վերջին տարիների գրականության տվյալները, ավելանում են ՏՄ-ի ուշ հայտնաբերման դեպքերը, որն արտացոլվում է բուժման արդյունքում և համարվում անցանկալի ելքերի` հիվանդների խորը հաշմանդամության և բարձր մահացության պատճառ:

Հաշվի առնելով նշված խնդիրների արդիականությունը` ուսումնասիրվել է հանրապետությունում ՏՄ-ով հիվանդացության շարժը մինչև 18 տարեկան երեխաների և չափահասների շրջանում, 16 տարվա ժամանակահատվածում (1992-2007թթ.), բաժանելով այն երկու 8-ամյա փուլի, պայմանավորված տուբերկուլոզի վաղաժամ հայտնաբերմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ:

Ստորև ներկայացվում է ՏՄ-ով հիվանդացության շարժը ըստ տարիների (աղյուսակ 1):



Ինչպես երևում է աղյուսակից, 1992-2007թթ. արձանագրված հիվանդացածների ընդհանուր թիվը եղել է 131 (70 երեխա, 61 չափահաս): Այդ ընթացքում 100 հազար բնակչին ընկնող հիվանդացության ընդհանուր ցուցանիշը աճել է 2,5 անգամ` 0,16-ից մինչև 0,4 (հաշվի է առնվել հանրապետությունում բնակչության թվի նվազումը): Դա գրեթե 4 անգամ ավելի է, քան ՌԴ-ում, որտեղ 2006թ. այդ ցուցանիշը կազմել է 0,1 [1]:

Նշված երկու փուլերում ՏՄ-ով հիվանդացության դինամիկայում նկատելի է չափահասների թվի զգալի աճ և ընդհակառակն, երեխաների թվի նվազում, ինչն ավելի ցայտուն երևում է 2 փուլերի համեմատությունից (նկ. 1):



Այսպես, երեխաների տեսակարար կշիռը նվազել է` 65,2%-ից հասնելով 41,5%-ի (1,7 անգամ), իսկ չափահասներինն ավելացել է նույն չափով` 34,8%-ից մինչև 58,5% (p<0,05): Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ եթե II փուլում տուբերկուլոզի դեմ պատվաստումներում նորածինների ընդգրկվածությունը մնում էր բարձր, ապա չափահասների շրջանում տեղի ունեցավ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման գործում միջոցառումների զգալի հետընթաց, կապված DOTS ծրագրի կիրառման հետ, ինչի պատճառով ավելացան հիվանդության ուշ հայտնաբերված, տարածուն և բարդացած (այդ թվում` ՏՄ-ով) դեպքերը:

Հիվանդների սեռատարիքային կազմն ավելի մանրամասն ուսումնասիրվել է ստացիոնարում բուժված 74 հիվանդների վերաբերյալ կլինիկական նյութերի հիման վրա (նկ. 2):



Արական սեռի հիվանդները երեխաների խմբում եղել են 9, իգականը` 20, չափահասների խմբում, համապատասխանաբար, 36 և 9: Ինչպես երևում է նկարից, արձանագրված է արական սեռի գերակշռություն` 60,8% (ո=45), սակայն միայն չափահասների հաշվին, որոնց շրջանում տղամարդկանց թվի տեսակարար կշիռը կազմել է 80,0% (ո=36), երեխաների շրջանում արձանագրվել իգական սեռի որոշ գերակշռություն` 69,0% (ո = 20): Տարբերությունն ըստ սեռի հավաստի է (p < 0,05):

Ըստ տարիքային տարբեր խմբերի, երեխաների շրջանում գերակշռում էին վաղ մանկական (0-3) և վաղ դպրոցական (7-13) տարիքային խմբերը` աղջիկների գերակշռությամբ:

Չափահասների շրջանում գերակշռում էին պատանեկան (18-21) և մեծահասակների (36-65) տարիքային խմբերը, երկուսում էլ արական սեռի գերակշռությամբ: Հիվանդացածների միջին տարիքը կազմել է 22,7, երեխաներինը` 6,5, չափահասներինը` 28,9:

Ըստ բնակության վայրի, երեխաների շրջանում գերակշռել են քաղաքաբնակները (86,2%), չափահասների շրջանում` գյուղաբնակները (60,0%):

Գրականության ցանկ

1. Береснева Р.Е., Суменкова О.Н. Туберкулез мозговых оболочек и центральной нервной системы.// Туберкулез в России. Мат.VIII Рос. сЪезла фтизиатров - Москва - 2007 -с. 339.
2. Елуфимова В.Ф. Туберкулез мозговых оболочек и центральной нервной системы у детей.// Проблемы туберкулеза - Москва - 2005 - N1 - с.3-9.
3. Зимина В.Н., Луговая Н.В., Устюжинина Е.А. Течение туберкулезного менингита у взрослых.// Туберкулез в России. Мат. VIII Рос. сЪезла фтизиатров - Москва - 2007 -с. 339-340.

Հեղինակ: Անիկ Ուլումյան, Ելենա Ատամբոլցյան ՀՀ ԱՆ հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերից

Աղբյուր: Առողջապահություն 4.2009
 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am