Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը
Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության և չափորոշիչների բարելավումը (այդ թվում` նաև արյուն փոխներարկելիս), վերջին 15 տարիների ընթացքում զգալի կերպով նվազեցրել են C հեպատիտի վիրուսի (HCV) գերակշռող գենոտիպերի տարածումը: Հայաստանում HCV վարակի գենոտիպային կազմը քիչ է ուսումնասիրված, մինչդեռ գենոտիպի ճշգրտումը որոշիչ նշանակություն ունի հակավիրուսային բուժման երկարատևությունը որոշելու համար և թույլ է տալիս կանխատեսել այդ բուժման հանդեպ պատասխանի հավանականությունը: Ներկայումս գոյություն ունեցող HCV գենոտիպավորման կոմերցիոն թեստերից առավել մեծ կիրառություն է ստացել INNO-LiPA HCV 2.0-ը, որը հիմնված է 5'UTR տիպայուրահատուկ զոնդերով հետադարձ հիբրիդացման մեթոդի վրա [2, 3, 4]:
Քրոնիկական վիրուսային C հեպատիտով 116 մարդկանց մոտ Versant HCV Genotype Assay (LiPA) 2.0 մեթոդով գենոտիպի որոշումը թույլ տվեց առաջին անգամ համեմատաբար մեծ թվով հիվանդների հետազոտության տվյալների հիման վրա ցույց տալ Հայաստանի տարածքում հանդիպող HCV գենոտիպերը: Ստացված տվյալները վկայում են հայազգի բնակչության շրջանում 1, 2, 3 գենոտիպերի շրջանառության մասին: Զգալիորեն բարելավված Versant HCV Genotype Assay 2.0 մեթոդը թույլ տվեց ճշգրտել նաև HCV ենթատիպերը 1 և 3 գենոտիպերով վարակման բոլոր դեպքերում, որը չափազանց կարևոր է Քրոնիկական վիրուսային C հեպատիտի բուժման մարտավարության մեջ (տես նկարը):
Բացառություն է կազմել երկու դեպք, երբ արդյունքը չի բացահայտվել` 1a/1b, 1b/3a. ամենայն հավանականությամբ, դա միքստ-վարակն է կամ ռեկոմբինանտ վիրուսով վարակումը: Երկու գենոտիպի դեպքում ենթատիպավորման չճշտված արդյունքների համեմատաբար ավելի բարձր հաճախականությունը (68% - 2 կամ 2a/2c) կապված է ոչ միայն 5'UTR հատվածի INNO-LiPA HCV 2.0-ով ամպլիֆիկացման հետ, այլև նկարագրվում է Core-հատվածի ամպլիֆիկացումը, որի ճշգրտված արդյունքները կազմում են մինչև 50% [4, 5]: Մեր կողմից հայազգի բնակչության շրջանում հայտնաբերված 1b (36%) և 3a (37%) գենոտիպերի գերակշռումը պատահական չէ և ընդհանուր առմամբ բնորոշ է տվյալ տարածաշրջանին: Հայաստանում 3 և 1a (5%) ենթատիպերով զգալի վարակվածության փաստը, որոնք, ինչպես հայտնի է, կապված են ներերակային թմրանյութերի օգտագործման հետ, թույլ են տալիս ենթադրել հանրապետությունում երիտասարդ բնակչության շրջանում թմրանյութերի ներերակային եղանակով կիրառման զգալի տարածվածության մասին: Այս տվյալները հաստատվել են նաև փոխանցման ուղիները գենոտիպերի հետ համադրելիս: Ներերակային թմրանյութեր օգտագործողների խմբում 3a գենոտիպը հանդիպում է 57.2%: Միաժամանակ, արյան փոխներարկման և բժշկական միջամտությունների հետ կապված 1b և 2 գենոտիպերի գերակշռող մասը ևս չի հակասում Քրոնիկական վիրուսային C հեպատիտի համաճարակաբանական հետազոտության արդյունքներին: Ինչ վերաբերում է տարբեր տարիքային խմբերում գենոտիպերի տարածվածությանը, ապա մեր ստացած տվյալները չեն համընկնում առանձին հետազոտողների կողմից նկարագրված` տարեցների շրջանում 1b գենոտիպի բացարձակ դերը փաստող տվյալների հետ [2, 5]: Պարզվեց, որ նշված գենոտիպը գործնականորեն նույն հաճախականությամբ հանդիպում է 30 տարեկանից ցածր (34%), 30-40 տարեկան (38%) և 40-ից բարձր (36%) հիվանդների շրջանում: Սակայն վերը նշված տարիքային խմբերում 3 գենոտիպերի բաժինը տարբերվում էր և կազմում էր, համապատասխանաբար` 28%, 44%, 41%:
Այսպիսով, Հայաստանի տարածքում շրջանառում են HCV 1, 2, 3 գենոտիպերը` 3a և 1b գենոտիպերի գերակշռմամբ:
Գրականություն
- 1. Esteban J.I., Sauleda S., Quer J.. The changigng epidemiology of hepatitis C virus infection in Europe//J Hepatol.-2008.-48 - p. 148-162.
- 2. Гаврилова И.В., Шустов А.В., Кочнева Г.В. и соавт. Факторы риска заражения больных гепатитом С в инфекционных больницах Новосибирска//Эпид. и инф. бол.-2005.-?6.-С. 28-33.
- 3. Bouchardeau F., Cantaloube J.F., Chevaliez S. et al. Improvement of HCV genotype determination with the new version of INNO-LiPA HCV assay//J. Clin. Microbiol.-2007.-10.-p. 982-06.
- 4. Haushofer A.C.1., Berg J., Hauer R. et al. Genotyping of hepatitis C virus-comparison of three assays. //Journal of Clinical Virology.-2003. -2.-p. 276-285.
- 5. Лазебник Л.Б., Ильченко Л.Ю., Дьякова И.П., Царегородцева Т.М. Инфекция, вызванная вирусом гепатита С, у пожилых//Тер. Архив.-2006.- Т11.-С. 41-44
Հեղինակ : | Նարինա Սարգսյանց, Հռիփսիմե Մագդեսիևա, Ալվարդ Հովհաննիսյան, Մհեր Դավիդյանց. Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ վարակաբանության ամբիոն |
Աղբյուր : | Առողջապահություն 3.2009 |
|
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am