Սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները բացասաբար են ազդում հղիության ընթացքի և հատկապես պտղի օրգանիզմի վրա, քանի որ ինֆեկցիաների հետևանքով ախտահարվում է ընկերքը, առաջանում են դիստրոֆիկ փոփոխություններ ընկերքում, արյունազեղման  օջախներ,  որի հետևանքով խանգարվում է արգանդ-ընկերքային արյան շրջանառություն, առաջանում է պտղի հիպօքսիա, ասֆիքսիա և ներարգանդային մահ: Բացի այդ, սուր ինֆեկցիաների և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով, առաջանում են պտղի զարգացման արատներ, վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն: Սուր և խրոնիկ ինֆեկցիոն  հիվանդություններից, ծննդաբերության ժամանակ, կարող են առաջանալ ծննդաբերական ուժերի թուլություն, ձգձգված ծննդաբերություն, ընկերքային և վաղ հետծննդյան շրջաններում`արյունահոսություններ: Հետծննդյան շրջանում, հատկապես սուր ինֆեկցիաների պատճառով, կարող ենառաջանալ հետծննդյան սեպտիկ հիվանդություններ:
Սուր ինֆեկցիոն հիվանդություններից պետք է նշել գրիպը, վիրուսային հեպատիտը:

Գրիպ

Հաճախ հանդիպող ինֆեկցիոն հիվանդություն է, որը վտանգավոր է հղիության բոլոր ժամկետներում: Հղիության վաղ շրջանում  գրիպի վիրուսը կարող է ազդել էմբրիոգենեզի վրա և պատճառ դառնալ պտղի զարգացման արատների առաջացմանը: Հղիության առաջին կեսում, գրիպի հետևանքով կարող են առաջանալ վիժումներ, իսկ ավելի ուշ շրջանում` գրիպով հիվանդանալիս, առաջանում է վաղաժամ ծննդաբերություն: Եթե ծննդաբերը գրպով հիվանդ է, ծննդաբերության ժամանակ` առաջանում է ծննդաբերական ուժերի թուլություն, ձգձգված ծննդաբերություն, արյունահոսություններ, ընկերքային և վաղ հետծննդյան շրջաններում, իսկ հետծննդյան շրջանում` սեպտիկ հիվանդություններ:

Վիրուսային հեպատիտ

Հղիների մոտ այս ինֆեկցիոն հիվանդությունը խիստ ծանր է ընթանում: Վարակը անցնում է ստամոքս-աղիքային տրակտով, պարենտերալ  ճանապարհով` ոչ ախտահանված ներարկիչներից, սրսկման ասեղներից, արյան և արյան պլազմայի փոխներարկումից:
Առաջանում է ջերմության բարձրացում, դեղնություն, սրտխառնոց, երբեմն` փսխում, ընդհանուր թուլություն, ցավեր աջ ենթակողային շրջանում : Հիվանդությունը խիստ բացասաբար է ազդում հղիության ընթացքի, ծննդաբերության և հետծննդյան  շրջանների ընթացքի վրա: Խիստ բացասաբար է ազդում նաև պտղի վրա և առաջանում է պտղի հիպօքսիա, հիպոտրոֆիա: Բարձր է մեռելածնության տոկոսը: Բուժումը նույնն է, ինչ որ ոչ հղի վիճակում:
Խրոնիկ ինֆեկցիոն են. տուբերկուլյոզը, մալարիան, բրուցելյոզը, տոքսոպլազմոզը, լիստերիոզը և այլ ինֆեկցիաներ:

Տուբերկուլյոզ /պալարախտ/

Տուբերկուլյոզը ծանրացնում է հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանների ընթացքը, իսկ հղիությունն իր հերթին ծանրացնում է հիվանդության ընթացքը: Եթե կնոջ անամնեզում կա տուբերկուլյոզը, որը լավացել է բուժում ստանալուց հետո, կինը կարող է ազատ հղիանալ և ծննդաբերել:   Իհարկե, հղիության ընթացքում, բացի գինեկոլոգից, պետք է լինի ֆտիզիատորի մշտական հսկողության տակ: Ներարգանդային կյանքում պտուղը չի վարակվում: Նորածինը վարակվում է ծնվելուց հետո` մոր հետ շփումից /կերակրման ժամանակ/, ուստի, ծնվելուց հետո, եթե մոր մոտ կա տուբերկուլյոզային գործող օջախ, նորածնին պետք է հեռացնել մորից :

Հղիությունը հակացուցված է.

1. Ակտիվ տուբերկուլյոզի /երբ թոքերում կա կավերնա/

2. Կոկորդի տուբերկուլյոզի

3. Ողնաշարի, կոնքի հոդերի տուբերկուլյոզի ակտիվ փուլում

4. Թոքերի երկկողմանի տուբերկուլյոզի դեպքում:

Սիֆիլիս

Չբուժված սիֆիլիսը ծանրացնում է հղիության ընթացքը: Սպիրոխետան հեշտությամբ անցնում է ընկերքային բարիերով և կարող է վարակել պտղին և նորածինը ծնվի բնածին սիֆիլիսով: Սիֆիլիսի ժամանակ առաջանում են պտղի զարգացման արատներ, վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն: Ծննդաբերության ժամանակ առաջանում են ծննդաբերական ուժերի թուլություն, ձգձգված ծննդաբերություն, արյունահոսություն` ընկերքային և վաղ հետծննդյան շրջանում: Բարձր է մեռելածնության տոկոսը: Բնածին սիֆիլիսով ծնված նորածնի մարմնի վրա լինում է սիֆիլիտիկ ցան, խոշոր պուստուլաներ ձեռքի ափերի, հետույքի, ոտքերի ներբանների շրջանում, որովայնը մեծ է, լյարդը լինում է մեծացած: Նորածնի դեմքը նման է ծերունու: Մեծ նշանակություն ունի սիֆիլիսի շուտ հայտնաբերումը, որի համար բոլոր հղիներից առաջին այցի ժամանակ և հղիության 30շաբաթում վերցվում է արյան երակից սիֆիլիսի հայտնաբերման համար /Վասերմանի ռեակցիան/ և մատից վերցրած արյան MPП քննություն:

Բոլոր խրոնիկ ինֆեկցիաների ժամանակ /մալարիա, բրուցելյոզ, տոքսոպլազմոզ և այլ ինֆեկցիաներ/, առաջանում են վիժումներ, վաղաժամ ծննդաբերություններ, պտղի զարգացման արատներ, ծննդաբերության ժամանակ` ծննդաբերական ուժերի թուլություն, ընկերքային և վաղ հետծննդյան շրջաններում` արյունահոսություններ:

impokrik.am