Հղիության ընթացքում շատ կանայք են բախվում թութքի զարգացման խնդրին: Ինչպե՞ս կանխարգելել դրա առաջացումը և հնարավո՞ր է արդյոք դրա բուժումը՝ հղիության ընթացքում: Doctors.am-ը թեման քննարկեց Իզմիրլյան բժշկական կենտրոնի պրոկտոլոգ -վիրաբույժ Ալեքսանդր Ղուրբանյանի հետ:
Ինչո՞վ է պայմանավորված հղիության ընթացքում թութքի առաջացումը: Հաճա՞խ եք գործ ունենում պացիենտների հետ, ովքեր հղիության ընթացքում բախվում են թութքի զարգացման խնդրին:
Ներկայում, Իզմիրլյան ԲԿ-ում առկա են պրոկտոլոգիական երկու բաժանմունքներ՝ կոլոպրոկտոլոգիա և ընդհանուր պրոկտոլոգիա: Մեր՝ ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում բուժվում են հիվանդներ՝ ոչ ուռուցքային հիվանդություններով, այդ թվում նաև հղի կանայք, ում մոտ առկա է թութք հիվանդությունը:
Հղիության ընթացքում թութքի առաջացումը պայմանավորված է մեծացող արգանդի ներգործած ճնշմամբ փոքր կոնքի օրգանների վրա, որտեղ և գտնվում է ուղիղ աղին, հեմորրոիդալ հանգույցները:
Իհարկե, հղիության ընթացքում թութքի առաջացումն անմիջական կապ ունի կնոջ կենսակերպի հետ մինչև հղիությունը՝ նստակյաց ապրելակերպ, անառողջ սնունդ, փորկապություններ…
Ամենաարտահայտված ախտանշաններից է արյունը, որը հիվանդը պարբերաբար տեսնում է դեֆեկացիայի ակտի ժամանակ, ցավերը, անհարմարավետության զգացողությունը: Շատ պացիենտներ նշում են, որ ցավերը լինում են երկարատև. քրոնիկ փորկապությունների պարագայում կա վտանգ, որ հիվանդների մոտ կառաջանա նաև աղիքի ճաք:
Հղիության ո՞ր փուլն է հատկապես ռիսկային՝ թութքի առաջացման վտանգի համար:
Իմ մասնագիտական փորձից ելնելով կարող եմ ասել, որ ռիսկային են հատկապես հղիության առաջին և երրորդ եռամսյակները:
Կանայք, ովքեր թութքի հետ կապված որևէ գանգատ չեն ունեցել, առաջին եռամսյակում, այս իրավիճակին անպատրաստ են լինում, հաճախ խուճապի են մատնվում և միջոցները, որոնց դիմում են թութքի «բուժման» նպատակով, լինում են կենցաղային, ոչ բժշկական, տարբեր ծանոթներից լսած:
Հաճախ ի՞նչ տնայնագործ միջոցներով են կանայք փորձում «բուժել» թութքը:
Լսել եմ, որ այս նպատակով օգտագործում են կտավատի ձեթով պատրաստված ձվածեղ, դնում այն թութքի հանգույցների վրա: Սա, իհարկե, անթույլատրելի է: Այս մասին խոսելը շատ կարևոր է՝ հասարակության տեղեկատվական մակարդակը բարձրացնելու տեսանկյունից: Անորեկտալ խնդիրների դեպքում խորհուրդ եմ տալիս անպայման դիմել բժշկի և ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն:
Ո՞րն է պատճառը, որ կանայք ամեն դեպքում խուսափում են դիմել պրոկտոլոգի: Ի՞նչ մեթոդներով է բժիշկը լուծում տալիս խնդրին: Արդյո՞ք ցուցված է վիրահատական միջամտությունը:
Մարդկանց մոտ վախ կա վիրահատության նկատմամբ և հատկապես հղիության ընթացքում այդ վախն ավելի է ուժգնանում: Պետք է ասեմ, որ հղիության ընթացքում ընդունված չէ կատարել պրոկտոլոգիական վիրահատություններ, սա կապված է մեծ ռիսկի հետ: Կան կանխարգելող միջոցառումներ՝ սկսած դեղորայքի օգտագործումից մինչև անգամ վիրահատական գործողություններ՝ բլոքադաներ, որոնցով կարելի է մեղմացնել հիվանդությունը հղիության ընթացքում, հասցնել մինչև նորմալ ծննդաբերության:
Ինչու՞ եմ խիստ կարևորում բժշկի դիմելը, քանի որ իմ մասնագիտական փորձից ելնելով կարող եմ ասել, որ հղի կանանց մոտ հաճախ առաջանում է անեմիա (սակավարյունություն), և կինը, ում մոտ առկա է թութք, խուճապի է մատնվում և չի կարողանում հասկանալ՝ թե ինչպե՞ս իր մոտ առաջացավ անեմիա: Սա, իհարկե, պայմանավորված է լինում այն փաստով, որ կինը արյուն է կորցնում դեֆեկացիայի ակտի ընթացքում: Մյուս բարդությունն այն է, որ հնարավոր է թութքի հանգույցների արտանկում՝ նեկրոզ, երբ բժիշկի ստիպված է լինում դիմել վիրաբուժական միջամտության:
Այսինքն, կարելի է ենթադրել, որ հղիության ընթացքում թութքի զարգացումը նորմալ երևույթ է: Թե՞ ամեն դեպքում պետք է իրականացնել որոշակի կանխարգելիչ գործողություններ՝ դեռևս հղիության պլանավորման ընթացքում:
Ցավոք, կարող եմ փաստել, որ ամեն 5-րդ հղի կնոջ մոտ առկա է թութքի զարգացում կամ դրա վտանգ:
Իսկ կանխարգելել, միանշանակ կարելի է: Առաջին հերթին պետք է կանխարգելել փորկապությունների առաջացումը: Եթե կինը նախքան հղիանալն ունեցել է փորկապության միտում, ապա վստահաբար, հղիության ընթացքում վիճակն ավելի կսրվի: Նորմալ դեֆեկացիա պետք է լինի ամեն օր, կամ 2 օրը մեկ: Հղի կնոջ մոտ առկա է պտղի կողմից ճնշում և դժվար կղազատումը, իհարկե, կնպաստի հիվանդության զարգացմանը կամ սրմանը: Հիվանդի մոտ անըհդհատ նկատվում է աղիքի ոչ ամբողջական ազատման զգացողություն: Նրանք շատ հաճախ են գնում զուգարան , բայց չունեն լիարժեք կղազատում:
Կնշե՞ք որոշ մթերքներ, որոնք սննդակարգում ներառելը կօգնի կանխարգելել կամ բուժել փորկապությունը, և հատկապես ո՞ր սննդամթերքներից է պետք խուսափել:
Անշուշտ, կանխերգելիչ կամ բուժող որոշ միջոցառումները կարող են նպաստել վիճակի մեղմացմանը. հաճախ ցուցում ենք սննդակարգում չներառել բրինձ, կրուպեղեն, տանձ, նուռ, հայերի շատ սիրելի հացը և պանիրը, մուգ թեյ և այլն… այս մթերքները նպաստում են փորկապության զարգացմանը: Իսկ հակառակ գործառույթն են կատարում կարմիր բազուկով աղցանները՝ գազարով և ձեթով, սև սալորաչիրը (ընդհանրապես, բոլոր մրգաչրերը): Այս մթերքները հասցնում են ընդհուպ ամենօրյա դեֆեկացիայի:
Կարծում ենք՝ հիգիենան ևս մեծ նշանակություն ունի:
Անկախ, թե ո՞ր եռամսյակում է հղիությունը, պետք է հետևել անորեկտալ զոնայի հիգիենային: Դեֆեկացիայի ակտից հետո, թղթով սրբվելուց հետո, ցանկացած հղի կին պետք է կատարի լվացում: Մեր հասարակության մոտ տարածված է, որ թութքի հանգույցները լվանում են սառը ջրով: Սառը ջուրը կարող է նպաստել թութքի հանգույցներում թրոմոզի առաջացմանը, հիվանդության սրմանը: Դեֆեկացիայից հետո պետք է այդ հատվածը լվանալ նորմալ, լողանալու ջերմաստիճանի ջրով: Լվացումներ կարելի է կատարել նաև ջրային վաննաներում՝ օգտագործելով երիցուկի թուրմ:
Կանայք շատ հաճախ քսուքներ և դեղորայք են փնտրում դեղատներում, ծանոթների խորհրդով: Ի՞նչ վնաս կարող է հասցնել ինքնուրույն ախտորոշումը և դեղորայքի ընդունումը:
Կանայք, հղիության ընթացքում շատ հաճախ խուսափում են դիմել այլ մասնագետի՝ առողջական խնդիրների դեպքում: Ինքնախտորոշումը, միանշանակ, սխալ է, քանի որ նմանատիպ ախտանիշները պարտադիր չէ, որ վկայեն թութք հիվանդության մասին, բացառված չէ, որ դա լինի զարգացող թարախակույտ,ճաք… վերջնական ախտորոշում կարող է դնել միայն բժիշկ-պրոկտոլոգը: Եթե հիվանդի մոտ դեռ նոր զարգացող թութք է՝ ապա խորհուրդ է տրվում առաջին հերթին պայքարել փորկապության դեմ, օգտագործել քսուքներ, օրինակ՝ Պրոկտո-գլիվենոլ, որն ունի նաև մոմիկի տարբերակ, դեղորայքն օգտագործվում է միայն դեֆեկացիայից հետո:
Եթե հղի կինը զգում է, որ փորկապությունը դարձել է անտանելի՝ կա վտանգ. պինդ կղանքը կարող է վնասել լորձաթաղանթը և առաջացնել անալ ճաք: Եթե թութքի դեպքում մարդը կարող է ունենալ գանգատներ՝ քոր, անհարմարավետության զգացողություն, հանգույցների առկայություն, ապա ճաքի դեպքում առկա է լինում լուրջ ցավային սինդրոմ:
Նշեցիք, որ հղիության ընթացքում խուսափում եք թութքի վիրահատությունից: Այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ կինը, հղիության ողջ ընթացքում, գտնվում է պրոկտոլոգի հսկողության ներքո:
Այո, իհարկե: Ես շատ եմ ունեցել հղի պացիենտներ, ովքեր ախտորոշումից հետո մինչև ծննդաբերություն, նույնիսկ դրանից հետո գտնվել են իմ հսկողության տակ:
Այդ ընթացքում ընդունված դեղորայքը չի՞ վնասում արդյոք պտղին:
Որոշ հաբեր, օրինակ՝ Դետրալեքս, չունեն անգամ կողկմնակի ազդեցություններ: Բուսական ծագման բոլոր քսուքները, նույնպես, որևէ կերպ չեն վնասում պտղին: Ցանկացած դեղորայք, ամեն դեպքում, պետք է կիրառել բժշկի նշանակմամբ՝ բացառելու համար այդ միջոցներից որևէ մեկի նկատմամ ալերգիան:
Հղի կնոջ մոտ թութք հիվանդության առկայությունը ենթադրու՞մ է արդյոք բնական ճանապարհով ծննդաբերության բացառում, թե՞ կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել նաև այս պարագայում:
Սա ամենահաճախ տրվող հարցերից է: Ուզում եմ վստահեցնել բոլոր հղիներին, որ թութքի առկայությունը հակացուցում չէ բնական ճանապարհով ծննդաբերելու համար: Գինեկոլոգի և պրոկտոլոգի համատեղ հսկողության դեպքում, կարելի է կորրեկցիայի ենթարկել հղիության ընթացքը և ծննդաբերությունից հետո դիմել ռադիկալ գործողությունների՝ վիրաբուժական եղանակով հեռացնել թութքը:
Բնական ծննդաբերությունը հակացուցված է միայն խիստ արանկումների և անեմիայի դեպքում:
Իսկ հնարավո”ր է արդյոք, որ ծննդաբերությունից հետո վիճակը մեղմանա, քանի որ արդեն չկա պտղի կողմից ճնշումը:
Այո, իհարկե: Ծննդաբերությունից հետո հիվանդության ախտանիշները բավական կրճատվում են, մանավանդ, եթե կինը հետևողական է նորմալ դեֆեկացիա ապահովելու և փորկապությունը կանխարգելելու հարցում: Վերջերս, նկատել եմ, որ երիտասարդ մայրերը՝ հետծծնդաբերական շրջանում դիմում են պրոկտոլոգի՝ հեռացնելու համար այն հանգույցները, որոնք իրենց անգամ անհանգստություն չէին պատճառում, պարզապես էսթետիկ չէին:
Առաջին ծննդաբերությունից հետո արված վիրահատությունից հետո, հնարավո՞ր է արդյոք թութքի զարգացում մյուս հղիությունների ընթացքում:
Հետագայում նույն խնդրի առաջացումը կարելի է բացառել: Վիրահատությունն իրականացնելիս մենք շեշտը դնում ենք ռադիկալիզմի վրա, այսինքն, որ հեռացվեն թութքի բոլոր հանգույցները՝ ողնուղեղային ցավազրկմամբ:
Եզրափակելով զրույցը, ո՞րը կլինի Ձեր հորդորը, խորհուրդն ընթերցողին:, քանի որ հղի կինը հաճախ խուճապի է մատնվում, երբ նկատում է թութքի ախտանշաններ:
Խուճապի մատնվել ամեն դեպքում պետք չէ: Թութքի լավագույն բուժումը կանխարգելումն է՝ ակտիվ կենսակերպը, առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը… Եվ հատկապես հղիության պլանավորման փուլում, կանանց խորհուրդ եմ տալիս շատ ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ: Իսկ խնդրի առկայության դեպքում, մեր բաժանմունքում Ձեզ կդիմավորենք մեծ ջերմությամբ և հոգատարությամբ: Վախենալ և անհանգստանալ պետք չէ, պետք է դիմել մասնագետի, ստանալ խորհրդատվություն և հետևել ցուցումներին՝ բարեհաջող կերպով ծննդաբերելու և առողջությանը չվնասելու համար: Առողջ եղեք: