Առողջ սննդի մասին վերջին շրջանում շատ է խոսվում: Թվում է՝ առողջ ապրելակերպ վարելն այդքան էլ դժվար չէ: «Առավոտյան կարթնանամ, թեթեւ նախաճաշ կանեմ, աշխատանքի վայրում կամ դասամիջոցի ընթացքում մի բան կուտեմ, երեկոյան շատ կքայլեմ...»,- մտածում են մեզանից շատերը: Բայց արթնանում ես շատ ուշ, չես հասցնում ճաշել, իսկ երեկոյան առաջին պատահած երթուղայինով շտապում ես տուն, որպեսզի վայելես մայրիկի պատրաստած համեղ եւ յուղալի տոլման: 
Doctors.am-ը թեմայի շուրջ զրուցել է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ:

Բժշկուհի Պետրոսյան, ինչպե՞ս ոչ առողջ սննդից անցում կատարել դեպի առողջ սնունդ:

Գիտեք՝ առողջ ապրելակերպը պետական խնդիր է՝ անկախ նրանից, թե մեր պետությունը զբաղվում է դրանով, թե՝ ոչ: Տարածված հիվանդությունների 70 տոկոսը ոչ ինֆեկցիոն քրոնիկ հիվանդություններ են: Դրանք են սիրտ- անոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, ուռուցքները, ճարպակալումը, որոնք ոչ ճիշտ սնվելու արդյունքում կարող են զարգանալ: 
Առաջին հերթին, պետք է հասկանալ, թե մարդն ինչու է ուտում: Կան սննդային  սովորությունների հիվանդություններ՝ խանգարումներ, երբ մարդն ուտում է այն ժամանակ, երբ աչքը տեսնում է, ոչ թե, երբ սոված է: Դրանք կոչվում են տեսողական վարվելակերպային խանգարումներ: Լինում են նաեւ էմոցիոնալ խանգարումներ, երբ մարդը տխուր է, բարկացած կամ հոգնած, եւ սկսում է ուտել՝ այդ կերպ փորձելով հանգստացնել էմոցիաները:

Սակայն, բացի սովորույթային խանգարումներից, սխալ ուտելը կարող է հետեւանք լինել նաեւ տարբեր տեսակի կախյալություն առաջացնող նյութերի օգտագործման, որոնք առկա են արագ սննդի, գազով հյութերի, քաղցրավենիքի որոշ տեսակների մեջ:  Այդ նյութերը համային ռեցեպտորները արգելափակում են, ինչի արդյունքում մարդը գրեթե ոչ մի համ չի զգում, բացի այդ ուտելիքների համից: Դրանք ուտելուց հետո ամեն ինչ անհամ է թվում: Սա պարզապես կախվածություն է:

Շաքարի դեպքում կախվածությունն ավելի վատ է: Երբ մարդը որոշում է շաքար պարունակող ոչինչ չուտել, նրա մոտ սկսվում է գլխացավ, տրամադրությունն ընկնում է, մարդիկ կան, որ թուլություն են ունենում, ճնշումն է ընկնում նաեւ, բայց դա ժամանակավոր է: Երբ դու շաքար չես օգտագործում, կյանքն ամբողջությամբ փոխվում է, բոլոր տեսակի այտուցները վերանում են, կուտակված հեղուկները դուրս են գալիս օրգանիզմից, դեմքի գույնն է կարգավորվում, մազաթափությունը որոշ դեպքերում կարող է բուժվել, համային ռեցեպտորները նույնպես փոխվում են:
Խորհուրդ կտամ սկսել դանդաղ եւ երկար ծամելով ուտել, ուտելիքը մանր կտորների բաժանել, սկզբում ուտել բանջարեղենը: Ցանկալի է, որ ուտելու ընթացքում սեղանին շատ բան չլինի, իսկ ուտելուց հետո էլ հեռու գնալ սեղանից: Սեղանը պետք է հավաքվի. քանի այն բաց է, մարդն անընդհատ տեսնում է ուտելիքը եւ ուտելու ցանկություն ունենում:

Նախաճաշը պարտադիր է: Դա կարող է լինել մեկ բուտերբրոդ, ձվածեղ կամ հաց ու պանիր, բայց դա պետք է լինի, դա Ձեր օրվա սկիզբն է: Շատերը պատճառաբանում են, թե ժամանակ չկա, աշխատանքից կուշանան եւ այլն: Պարզապես ուշ են քնում, ուշ են արթնանում, բայց դա էլ սովորության հարց է: 
Ճաշի ժամանակ մարսողությունը պիկի վրա է: Մարդն էներգիա է ծախսում եւ պետք է անպայման մի բան ուտի՝ թեկուզ մեկ պնակ ապուր կամ աղցան: Եթե չես նախաճաշում եւ ճաշում, ստիպված երեկոյան ես ուտում, ինչը չի մարսվում եւ կուտակվում է օրգանիզմում: Այսպես ասեմ՝ վառելանյութը լցնում ես, որ մեքենան քշես, ոչ թե մեքենան ես քշում, հետո վառելանյութ լցնում:

Խոսեցինք շաքարից կախվածության մասին: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է պետք շաքարը հանել սննդակարգից:

Պետք է դադարել շաքար ուտել միանգամից: Ես միշտ ասում եմ՝ չէ՞ որ չկա թմրադեղի փոքր դոզա, որը հիվանդին թույլ են տալիս ընդունել: Նույնն էլ շաքարի դեպքում է: Պետք չէ աստիճանաբար պակասեցնել դրա քանակը, միանգամայն անվտանգ է սննդակարգից այն միանգամից հանելը: Բայց բակավան է 2-3 օր անընդմեջ շաքար ուտել, եւ նորից կախվածությունը վերականգնվում է: Առողջ սննդակարգի անցնելը բարդ գործընթաց չէ, պարզապես դա պետք է դառնա սովորություն, ապրելակերպ: Իհարկե, միանգամից շատ բան փոխելը ամեն մարդու տրված չէ: Ցանկալի է փոքր քայլերով սկսել, նույնիսկ եթե դա լինի միայն շաքարից հրաժարվելը: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն ասի՝ «իմ ստամոքսն աղբաման չէ, ես դա չեմ ուտում, եւ վերջ»: 

Իսկ հնարավո՞ր է շաքարը փոխարինել այլ բանով:

Գոյություն ունի մեղրախոտ, բայց այն ունի որոշակի դառնահամ, այսինքն՝ սկզբում քացր է, հետո՝ դառը, այդ պատճառով դրա հետ արհեստական քաղցրացուցիչ են ավելացնում, բայց մենք դրա այլընտրանքն էլ ենք գտել՝ գետնախնձորի օշարակ:

Ներկայում համացանցը լի է տարատեսակ դիետաներով՝ ածխաջրային, սպիտակուցային եւ այլն: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ճիշտ:

Սնունդը պետք է բալանսավորված լինի, պարունակի ե՛ւ ածխաջրեր, ե՛ւ սպիտակուցներ, ե՛ւ ճարպեր, ե՛ւ հեղուկ: Վերամշակված ածխաջրերը՝ սպիտակ ալյուրը, բրինձը, օգտակար չեն եւ կարող են չլինել սննդակարգում, բայց ամբողջահատիկ հացահատիկը, միրգը, բանջարեղենի որոշ տեսակներ շատ լավ բարդ ածխաջրերի աղբյուր են եւ պետք է լինեն: Առանց ածխաջրերի դիետաներն իրենց չեն արդարացնում, եւ հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք կյանքի տեւողությունը կրճատում են:

Քանի որ ձմեռը մոտենում է, եւ շուկայում որոշ տեսակի բանջարեղեն ու միրգ գտնելը դժվարանում է, կարո՞ղ է նիհարող մարդն իր «հույսը դնել» պահածոների վրա:

Պահածոները մեծ վտանգ ունեն. դա բոտուլիզմն է: Այն մարդը, որը մեկ անգամ բոտուլիզմով հիվանդ է տեսել, այլեւս երբեք ոչ միայն պահածո չի ուտի, այլեւ չի պատրաստի: Միրգն ու բանջարեղենը կարելի է սառեցնել: Այդ ամբողջ գումարով, որը ծախսվում է պահածո փակելու վրա, կարելի է սառցախցիկ գնել եւ ձմեռվա ամբողջ պաշարը կուտակել այնտեղ: Այդպես եւ վիտամիններն ու հանքային աղերն են ավելի լավ մնում, եւ առողջության համար վտանգավոր չէ: Բանջարեղենի որոշ տեսակներ կարելի է չորացնել՝ սմբուկը, լոբին, սունկը, լոլիկը: Մրգերը նույնպես կարելի է չորացնել, բայց՝ առանց շաքարի:



Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը