«Ուիգմոր Քլինիքի» մեծահասակների օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքաբանության ծառայության ղեկավար, վնասվածքաբան-օրթոպեդ 

Հայկ Կիմի Ավագյանը ներկայացնում է արթրոզ հիվանդության առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման մեթոդները:

Արթրոզն աշխարհում բավականին տարածված հիվանդություն է, եւ ըստ միջազգային վիճակագրության, 50 տարեկանից բարձր ամեն 5-րդ մարդն աշխարհում տառապում է արթրոզով: 
Արթրոզը հոդամակերեսների մաշվածության պրոցեսն է, որն ունի տարաբնույթ պատճառաբանություն՝ տարիք, գերքաշ, տրավմաներ, տարբեր հիվանդություններ եւ այլն:

Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ՝ պայմանավորված մենոպաուզայով, որն ուղեկցվում է հորմոնալ դիսբալանսով, քաշի ավելացմամբ, էնդոկրին համակարգի այլ խնդիրներով: Այդ իսկ պատճառով 50+ կանայք պետք է առավել ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ:

Արթրոզն առավելապես հանդիպում է ծնկան եւ կոնքազդրային հոդերում: Դրսեւորվում է կարկամությամբ, հոդացավերով, շարժումների սահմանափակմամբ: Ընդ որում՝տարիքի հետ ցավերը գնալով խորանում են:

Ախտորոշման ոսկե ստանդարտը ռենտգեն հետազոտությունն է, սակայն մինչ այդ կատարվում է կլինիկական քննություն, սոնոգրաֆիա: Որոշ դեպքերում կարող է ՄՌՏ-ի կամ համակարգչային տոմոգրաֆիայի կարիք լինել:

Արթրոզի վերջնական բուժում աշխարհում դեռ չկա, բայց կա ամոքիչ՝ այսպես ասած թեթեւացնող բուժում, որի մեջ մտնում են՝

•    ոչ ստերոիդային դեղամիջոցների կիրառումը,
•    բուժական ֆիզկուլտուրան, 
•    ստերոիդային դեղամիջոցների ներարկումը, 
•    հիալուրոնաթթվի եւ թրոմբոցիտներով հարստացված պլազմայի ներարկումները:

Բուժման միջանկյալ փուլում ընդունված է դեղորայքային բուժման հետ կոմբինացնել արթրոսկոպիկ վիրահատությունները, որոնք ուղղված են տվյալ հոդում աճառային պոկված մակերեսների մաքրմանը, բորբոքված սինովիալ թաղանթի հեռացմանը: 

Արթրոզի դեմ պայքարի ոսկե ստանդարտը, իհարկե, մնում է հոդերի էնդոպրոթեզավորումը:


Աղբյուրը՝  Doctors.am

Զրուցեց Շուշան Շատիկյանը