Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ: Սա առաջին հետազոտությունն է, որտեղ շեշտվում է կապը մարդու կողմից սեփական ընդունակությունների գնահատման և այն բանի միջև, թե ինչպես են ուրիշները նրան ընկալում:
 
Հետազոտությանը մասնակցել են 72 ուսանող: Առաջին ուսումնական օրվանից հետո նրանք պետք է գնահատեին իրենց ընդունակությունները և իհարկե, իրենց հասակակիցների ընդունակությունները: Գիտնականները նշել են, որ ուսանողներից 32-ը առավել քիչ են եղել վստահ իրենց ուժերի վրա՝ իրենց վերջնական գնահատականի համեմատ, 29-ը՝ չափազանց վստահ են եղել, և միայն 11-ն են, որ ադեկվատ գնահատատական են տվել իրենց: 
 
Հետազոտողները հայտնաբերել են դրական կորելացիա սովորողների ինքնագնահատման և մյուսների կանխատեսման միջև: Ավելի բարձր գնահատական ակնկալողները մյուսներից հեռակա կարգով ստացել են ավելի բարձր միավորներ՝ անկախ վերջնական արդյունքից: Այսպիսով՝ ուրիշները գերագնահատել են ինքնավստահ մարդկանց: Այդ ընկալումը չի փոխվել նույնիսկ 6 շաբաթ անց, երբ ուսանողներն իրար արդեն ավելի լավ էին ճանաչում:
 
Հետազոտության հեղինակ Վիվեկ Նիտյանանդան ասում է. «Մենք եկել ենք այն եզրակացության, որ միշտ չէ որ բարձր արդյունքների է հասնում ամենափորձառու մարդը: Երբեմն բարձր արդյունքների է հասնում այն մարդը, ով մյուսներին մոլորության մեջ է գցում: Նման դրվածքը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ ինքնավստահ մարդիկ ավելի շատ են հակված ռիսկի: Եթե շատ մարդիկ իրենց գերագնահատեն և մյուսներին խաբեն իրենց ընդունակությունների առումով, ապա դա կարող է հանգեցնել ցավալի հետևանքների, օրինակ՝ ավիավթարների և ֆինանսական կրախի»:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ eurekalert.org