Դանիայի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ էգ մկները կարող են պաշտպանել իրենց սերնդին 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացումից՝ հղիության ընթացքում գլյուտեինազուրկ սննդով կերակրվելու դեպքում: Ինչպես ենթադրում են հետազոտողները, վերոնշյալը վերաբերում է նաև մարդկանց, հայտնում է Diabetes ամսագիրը:
Աշխարհի մասշտաբով ներկայումս շաքարային դիաբետով հիվանդ է 347 միլիոն մարդ, ինչը կազմում է աշխարհի բնակչության 6%-ը: 1-ին տիպի շաքարային դիաբետը (ինսուլին-կախյալ) բնութագրվում է ինսուլինի բացարձակ անբավարարությամբ, որն առաջանում է տարբեր ախտածին գործոնների ազդեցության արդյունքում ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների քայքայման հետևանքով (վիրուսային ինֆեկցիա, սթրես, աուտոիմուն հիվանդություններ և այլ):
 Փորձեր կատարելով մկների վրա՝ Կոպենհագենի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ հղիության ընթացքում գլյուտեինազուրկ սննդակարգը դրականորեն կարող է անդրադառնալ աղիքային միկրոֆլորայի վրա, իսկ վերջինս ունի կարևոր դեր ինչպես իմունիտետի, այնպես էլ՝ 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացման գործում: Գլյուտեինը հանդիսանում է հացազգիների, և հատկապես՝ ցորենի, տարեկանի, վարսակի և գարու պահեստային սպիտակուց:

«Մենք ենթադրում ենք, որ հղիության և լակտացիայի ընթացքում կնոջ կողմից գլյուտեինազուրկ սննդակարգին հետևելը բավարար է, որպեսզի զգալիորեն իջեցնի երեխաների մոտ հետազայում շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը»- ասել է հետազոտության հեղինակներից՝ Կամիլա Հարթմանը:

Գիտնականների խոսքերով՝ չնայած դեռ պետք է ապացուցել մարդկանց նկատմամբ մինչկլինիկական հետազոտությունների արդյունքների կիրառելիությունը, սակայն նման ենթադրության համար կան ինչ-ինչ հիմքեր: «Քանի որ 1-ին տիպի շաքարային դիաբետը զարգանում է երիտասարդ հասակում, ապա վաղ միջամտությունն արդարացված է: Բացի այդ, կան փաստեր, որ գլյուտեինազուրկ սննդակարգն ունի բարենպաստ ազդեցություն արդեն իսկ ինսուլին-կախյալ շաքարային դիաբետով հիվանդ մարդու վրա» - նշել է հետազոտության մեկ այլ հեղինակ Աքսել Կորներապը:
Այժմ գիտնականները նախատեսում են շարունակել իրենց հետազոտությունները:
«Եթե մենք պարզենք, թե ինչպես են գլյուտեինը և աղիքային միկրոֆլորան ազդում իմունային համակարգի վիճակի և ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների ֆիզիոլոգիայի վրա, ապա այդ գիտելիքները կօգնեն շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդների մշակման հարցում»- եզրափակել է Հարթմանը:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ medportal.ru