Գիշերային մղձավանջները վշտացնող և սարսափելի երազների հետևանք են, որոնք ահաբեկում են երեխային:
Ի տարբերություն գիշերային վախի, երեխան հիշում է և կարող է վերապատմել երազը: 



Գիշերային մղձավանջի պատճառով երեխան անգամ կարող է  վախենալ  նորից քնելուց:
Մղձավանջից  սթափվելուց հետո երեխային պետք է հանգստացնել և բացատրել, որ ինքը վատ երազ է տեսել, բայց դա իրականություն չէ, այլ միայն երազ:

Երեխային հանգստացնելու համար երբեմն հարկ է լինում, որ Դուք մնաք երեխայի մոտ կամ նրան տանեք Ձեր սենյակ և նույնիսկ քնեցնեք Ձեր մահճակալում:

Պետք է նաև խուսափել երեխային վախեցնելուց կամ ջղային վիճակ  ստեղծելուց, ինչպես նաևհեռուստացույցով հուզիչ հաղորդումներ դիտելուց: 



Աճին զուգընթաց երեխայի երևակայությունը զարգանում է, և նա կարող է վախենալ  անգամ մթությունից: Գիշերը երբեմն  նա զուգարան գնալու կարիք է զգում, պետք է միջանցքի լույսը վառած թողնել, սենյակի դուռը` կիսաբաց, որպեսզի առաջացող ստվերները չվախեցնեն նրան:


Մի ստիպեք երեխային քնել մութ սենյակում, դուռը մի փակեք, եթե նա վախենում է, կամ եթե  քնելու է նոր անկողնում:  



Հանգիստ քնի համար կարևոր է, որ փոքրիկի  կողքին լինեն սիրելի խաղալիքները, և երեխան զգա, որ Դուք կողքին եք, մոտ եք և ինքը ապահով է:


Փոքրիկ երեխաները սկզբնական շրջանում չեն տարբերում երազները իրականությունից, այդ պատճառով վատ երազներ տեսնելուց հետո, ավելի խոր ապրումներ են ունենում, քան մեծահասակները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ փոքրիկը չի ցանկանում քնել կամ սկսում է վախենալ մթությունից:



Եթե երեխան գիշերը արթնանում է և լաց է լինում, անհրաժեշտ է անմիջապես մոտենալ փոքրիկին, հանգստացնել նրան, ջուր տալ, որ խմի, ծածկել ծածկոցով և հիշեցնել նրան, թե հաջորդ օրն ինչ հաճելի գործեր են սպասվում: Որոշ ժամանակ պետք է մնալ սենյակում, մինչև փոքրիկը կքնի: Իսկ եթե երեխան շարունակում է լացել և ոչ մի կերպ չի հանգստանում, ապա պետք է այլ միջոցներ կիրառել: Հնարավոր է, որ փոքրիկը երազում տեսնում է սարսափելի կենդանիների և կես-քուն, կես-արթուն չի կարողանում ազատվել գիշերային տեսիլքներից: 




Նման դեպքերում պետք է մինչև վերջ արթնացնել երեխային, կարող եք վառել լույսը, միացնել իր սիրած երգը, որևէ խաղալիք տալ նրա ձեռքում և իհարկե ասել նրան, որ չվախենա, քանի որ մայրիկը նրա հետ է և իր տեսածը ընդամենը վատ երազ էր: Մնացեք փոքրիկի մոտ, քանի դեռ նա նորից քուն չի մտել:



Վատ երազներ առաջ բերող պատճառներից է նաև երեխայի մակերեսային քունը: Երբ փոքրիկը շատ հոգնած է լինում, կամ գրգռված նա քնում է մակերեսային քնով և տեսնում է հիմնականում վատ երազներ:

Երեխայի երազների վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ:
Մեծահասակների պահանջկոտ լինելը երեխայի դարձնում է անվստահ: Ծնողների խիստ և կոպիտ վարվելակերպը փոքրիկի մոտ կարող է առաջ բերել թշնամանք, որը կարող է նա վերապրել նաև երազներում: Մղձավանջային երազներ տեսնող երեխան գրեթե միշտ նախորդ օրը ծնողների հետ բախումներ է ունեցել և վախ է ապրել:



Փոքրիկի վրա զայրանալը, ինքնատիրապետումը կորցնելը ուժեղացնում է երեխայի տագնապը և վատացնում նրա հոգեվիճակը:
Հիշենք, որ երեխային համար վատ երազները իրականություն են:
Ամեն կերպ բարելավեք Ձեր փոխհարաբերությունները փոքրիկի հետ, եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկը մղձավանջային երազներ չտեսնի, լավ հոգեվիճակ  և հանգիստ քուն ունենա:




Գիշերային մղձավանջերնից խուսափելու համար ցանկալի է, որ երբեք երեխային մենակ չթողնեք անծանոթ սենյակում: