Բազմաթիվ կանայք են ստանում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումը, սակայն նրանցից շատերն այդպես էլ տեղյակ չեն լինում Հայաստանում կատարվող  օնկոպլաստիկ վիրահատության և բուժման մասին: Դա հնարավորություն է ընձեռում ազատվել կրծքագեղձի ուռուցքից՝ պահպանելով կրծքի արտաքին տեսքն ու կանացիությունը:

Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ օնկոպլաստիկ պահպանողական  վիրահատություն չէր կատարվում, օգոստոս ամսից բացվել է մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունք:  Ծառայության ղեկավարը նշում է, որ փորձել են անել ամեն ինչ, որպեսզի աշխատանքն իր մատուցած ծառայություններով, որակով և մակարդակով  համադրելի լինի Breast Unit-ի  (Կրծքագեղձով զբաղվող բաժանմունք) հետ: Ըստ նրա՝ բոլոր հնարավոր պայմաններն ստեղծված են ճիշտ ախտորոշում և բուժում կատարելու համար, և կարևոր է, որ բուժառուները հետազոտությունների համար  ստիպված չեն լինի մի հարկից մյուսը գնալ: Օնկոպլաստիկ վիրահատությունների մասին Doctors.am-ը զրուցել է մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության  ղեկավար, ուռուցքաբան Ներսես Բերբերյանի հետ:  
 

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի ցուցանիշների բարձր լինելը:

Քաղցկեղի առաջացման համար շատ պատճառներ կան՝ սկսած գենետիկայից, վերջացրած միջավայրի ազդեցությամբ: Մենք ապրում ենք ռադիացիոն միջավայրում և հատկապես Լոռու, Տավուշի մարզում կրծքագեղձի քաղցկեղ ունեցողների ցուցանիշները բարձր են՝ հանքարդյունաբերության խնդրով պայմանավորված: Միջին տարիքի կանայք անցած վատ տարիների ընթացքում սթրեսով լի օրեր են ունեցել, անորակ սնունդ օգտագործել: Կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղը հիվանդություններից  ամենատարածվածն է ամբողջ աշխարհում:

Գենետիկ գործոնը կարո՞ղ է էական նշանակություն ունենալ:

Այո, այն կարող է նշանակություն ունենալ, սակայն կրծքագեղձի քաղցկեղի  առաջացման 80 տոկոս դեպքերում դա չէ պատճառը: Վերջին տվյալներով՝ յուրաքանչյուր 8 կնոջից մեկի մոտ կզարգանա կրծքագեղձի քաղցկեղ, եթե նրա ապրելու տևողությունը լինի 80 տարի:

Ո՞ր տարիքի կանանց մոտ է առավել հաճախ  հանդիպում կրծքագեղձի քաղցկեղը:
 

Առավել տարածված է 40-60 տարեկան կանանց մոտ, բայց վերջին տարիներին քաղցկեղի հայտնաբերումների դեպքեր գրանցվում են նաև 40-ից ցածր կանանց շրջանում: Ներկայումս Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի  հայտնաբերումն է շատացել: Կարող ենք ասել, որ ախտորոշման կենտրոնների լավ աշխատանքը, մեդիան, կանանց ուշադրությունը սեփական մարմնի նկատմամբ նույնպես նպաստում են կրծքագեղձի քաղցկեղի վաղօրոք հայտնաբերմանը:

Այդ ախտորոշումը բազմաթիվ կանայք են ստանում՝ մտածելով, որ լավագույն տարբերակը կրծքագեղձի հեռացումն է:  Ի՞նչ եք կարծում, նրանց քանի՞ տոկոսն է տեղյակ օնկոպլաստիկայի մասին:

Կրծքագեղձի պահպանողական վիրահատությունները վերջին 3-4 տարիների ընթացքում են սկսել իրականացվել, սակայն շատ չեն, մեծամասնությունը (80%) շարունակում է ենթարկվել դասական ռադիկալ մաստեկտոմիայի (կրծքագեղձի արմատական հեռացում) այն դեպքում, երբ արտասահմանանում ընդամենը 20%-ը կգնար այդ քայլին: Կանանց շատ քիչ տոկոսն է տեղյակ օնկոպլաստիկայի մասին:

Որո՞նք են վիրահատական ավանդական և ժամանակակից մեթոդները: Եվ իսկապե՞ս հնարավոր է բուժել քաղցկեղը՝ պահպանելով կրծքի տեսքը:

Կրծքի պահպանողական վիրահատությունների համար այսօր բոլոր նախադրյալներն առկա են: Ճիշտ ախտորոշմամբ հայտնաբերում, բիոպսիայի միջոցով որոշում են քաղցկեղի բիոլոգիական տեսակը, ապա հիվանդը բարձրակարգ բուժում ստանալու հնարավորություն է ունենում, ինչը նպաստում է ուռուցքի չափերի փոքրացմանը, թևատակի ավշային հանգույցների ախտահարվածության նվազմանը: Կրծքագեղձը պահպանելու համար անհրաժեշտ է ճիշտ քայլեր կատարել և  որոշումներ ընդունել: Դրանց մասնակցում են վիրաբույժը, քիմիոթերապևտը, ախտորոշման բժիշկը, ռադիոլոգը, պաթոլոգը, որոնք ընտրում են, թե հիվանդին ինչ բուժում է անհրաժեշտ: Մինչև վիրահատությունը կատարվում է նախավիրաբուժական քիմիոթերապիա, ինչն այսօր շատ բարձրակարգ ձևով է իրականացվում: Որպես կանոն՝ ավանդական վիրաբուժության ժամանակ թևատակի հետ հեռացնում են ամբողջ կուրծքը: Նորագույն մոտեցումների դեպքում պետք է խուսափել մաստեկտոմիաներից, թևատակի դիսեկցիաներից, կատարել հսկիչ ավշային հանգույցի  բիոպսիա: Մենք շուտով ձեռք ենք բերելու գամապրոբ սարք, ինչը հնարավորություն է տալիս հատուկ ռադիոիզոտոպի միջոցով հայտնաբերել թիրախային հսկիչ հանգույցները:

Վերջինս վիրահատության ժամանակ վերցնում և ուղարկում ենք հյուսածքաբանական հետազոտության, և մինչև վիրահատության ավարտն ստանում պատասխանը՝ մաքո՞ւր են, թե՞ ոչ: Մաքուր լինելու դեպքում կարիք չկա ամբողջ թևատակի հեռացման, ինչը թույլ է տալիս հետագայում խուսափել դիսեկցիայի հետ կապված բոլոր բարդություններից՝ թևի այտուցից, ցավերից, շարժունակության հետ կապված խնդիրներից:
Եթե կրծքագեղձը մեծ չէ, ապա  կարելի է ամբողջովին հեռացնել այն՝ պահելով մաշկն ու պտուկը, տեղը դնել իմպլանտներ: Այն կարևոր էսթետիկ ազդեցություն ունի: Կինը կարող է նույնիսկ չզգալ, որ կրծքագեղձը հեռացված է:
Ի տարբերություն Հայաստանի, որտեղ վերջին 4 տարիների ընթացքում սկսել են իրականացվել օնկոպլաստիկ վիրահատություններ,արտասահմանում 10 տարուց ավելի է, ինչ կիրառվում են այդ մեթոդները:


Այդ վիրահատությունից հետո կրծքով կերակրելու կարողությունը պահպանվո՞ւմ է կնոջ մոտ:

Եթե կրծքագեղձը ամբողջովին է հեռացվում, ապա ոչ: Մասնակի հեռացման դեպքում, իհարկե, պահպանվում է: Կրծքագեղձի  մնացած հատվածի շնորհիվ կինը կարողանում է կերակրել երեխային:

Մինչև այսօր քանի՞ կին է դիմել կրծքագեղձի պահպանողական վիրատության:

Իմ կատարած վիրահատությունների թիվը 20-25 է: Իսկ արդեն նոր բացված բաժանմունքում իրականացվել է 4 վիրահատություն: Վերջնարդյունքը գոհացնում է այդ խնդիրն ունեցող կանանց:

Որքանո՞վ է անհրաժեշտ վիրահատական շրջանի ընթացքում կնոջ կամքը, իսկ անտեղի՝ անհանգստությունն ու հուսալքությունը: Արդյո՞ք բժշկի հոգեբանական մոտեցումը կարող է փոխել բացասական նախատրամադրվածությունը:

Կանայք, կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ստանալով, հայտնվում են հոգեբանական սթրեսի մեջ: Բուժման, հետվիրահատական շրջանի 1 տարվա ընթացքում պահանջվում է հոգեբանական կայուն առողջություն:
Երբ կինը գալիս է բիոպսիայի, նրան արդեն  անհրաժեշտ է հոգեբանական մոտեցում ցուցաբերել: Պետք է  հիվանդին պատրաստել սպասվելիք ախտորոշմանը և մի կարևոր բան ընդգծել, որ դա դատավճիռ չէ. բուժելիության բազմաթիվ օրինակներ կան:

Ի՞նչ է անհրաժեշտ կրծքագեղձի քաղցկեղը վաղ հայտնաբերելու համար:

Կանայք պրոֆիլակտիկ բուժումների չեն գնում, վախենում են, ֆինանսական միջոցները չեն բավարարում: 40 տարեկանից սկսած՝ կինը պետք է պրոֆիլակտիկ, մամոգրաֆիկ հետազոտությունների համար հաճախակի բժշկի այցելի: Իսկ դեռահասության շրջանից հետո կանայք պետք է տիրապետեն կրծքագեղձի ինքնազննմանը՝ նոր բան հայտնաբերելու համար: Կարելի է այդ գործողությունն ամիսը մի անգամ կատարել: Նվազագույնը վեց ամիսը մեկ պետք է սոնոգրաֆիա կատարել: Կրծքագեղձի դեֆորմացիան արդեն իսկ համարվում է զարգացած շրջան, իսկ մենք ձգտում ենք քաղցկեղը հայտնաբերել առաջին փուլում:
Շատ բծախնդիր կանայք շոշափելու միջոցով գտնում են նոր փոփոխություն, նշան:  

 

Գոյություն ունի հետվիրահատական շրջանի խնամք: Ինչպե՞ս է անհրաժեշտ հետևել առողջությանը՝ բարդություններից խուսափելու համար:

Հետվիրահատական շրջանի խնամքն էլ ավելի է կարևորվում հատկապես այն ժամանակ, երբ իմպլանտներ են տեղադրվում: Պետք է հարվածներից խուսափել, հնարավոր է ՝ իմպլանտը բորբոքվի, օրգանիզմը չընդունի: Կրծքագեղձի վիրահատությունից հետո կնոջն արգելվում է ֆիզիկական ծանրաբեռնվածություն մոտակա մի քանի ամվա ընթացքում, մասնավորապես տվյալ կողմում, ձեռքի, ուսի հատվածում: Պտուկ-մաշկ պահպանողական վիրահատության ժամանակ, քանի որ մաշկը բավականին բարակ է, սնուցման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, մաշկի նեկրոզ և այլն:

Ի՞նչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ օնկոպլաստիկ վիրահատության համար:

Վիրահատությունն ինքնին ֆինանսական ծանրաբեռնվածություն է պահանջում: Օնկոպլաստիկան կլասիկ մաստեկտոմիայից  ավելի թանկ է, քանի որ այն ավելի երկար և նուրբ, բարդ աշխատանք է ենթադրում, գումարվում է նաև իմպլանտի արժեքը: Բացի դրանից՝ հնարավոր է, որ վիրահատությունը երկու փուլից կազմված լինի: Օնկոպլաստիկ վիրահատությունն իմպլանտների հետ կարող է արժենալ 500 հազարից մինչև 1 մլն դրամ՝ կախված բարդության աստիճանից:
 


Ձեր առողջությանը ուշադրություն է անհրաժեշտ:
Եղեք առողջ և տեղեկացված:  

 


Աղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան