Գենիտալգիաները սեռական ակտի ժամանակ կրկնվող կամ մշտական ցավային զգացողություններն են, որոնք հանդիպում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ:

Այն կապված է կանանց սեռականության առանձնահատկությունների հետ, այն է` նրանց համար հոգեբանական գործոնների մեծ նշանակությունը, սեռական դրսևորումների կախվածությունը անհատական փորձից և, որ ամենակարևորն է` զուգընկերոջ անձնային հատկանիշները: Վերոհիշյալ նախապայմանները որոշում են կնոջ սեռական կյանքի որակը:

Դիսպարեունիան կարող է սեռական կյանքի նկատմամբ անգիտակից կոնֆլիկտների հետևանք լինել:

Չնայած այն հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, այն առավել հաճախ է աղջիկների մոտ: Ցավ կարող է առաջանալ անբավարար սեռական գրգռման դեպքում: Ցավը կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, որը իմիսիայի (անդամի ներհրման) իրականացման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանք դառնում:

Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների վերբալիզացիայի անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է ″մարմնի լեզվի″ ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ վերբալ դրսևորումն է: Շատ հաճախ սեքսուալ դժվարությունները և խնդիրները չեն կարևորվում և անտեսվում են ամուսինների կողմից, մինչդեռ ոչ ժամանակին հայտնաբերումը և բուժումը կարող է պատճառ լինել անձի նևրոտիզացիայի և սեքսուալ ոլորտում ֆունկցիոնալ խանգարումների առաջացմանը:

Կանանց համար սեռական աններդաշնակության պատճառ կարող է հանդիսանալ նաև ամուսնու կողմից կոպիտ վերաբերմունքը, էրոգեն գոտիների անբավարար խթանումը կամ ընդհամրապես բացակայությունը:

Սեռական անհամատեղելիությունը կարող է պայմանավորված լինել բնավորության շեշտվածության, սեռական խառնվածքի, ինչպես նաև սեռական վարքի անհամապատասխանությամբ: Սեռական մերձեցմանը ուղղված բացասական դիրքորոշման զարգացմանը նպաստում է զուգընկերոջը ֆիզիկապես (խոսք, միմիկա, հագուստ, հոտ, որը բնորոշ է տվյալա անհատին) անտանելիության հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, երբ նա կորցնում է իր էրոտիկ գրավչությունը` իրեն չհետևելու պատճառով:



Հեղինակ` բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
Աղբյուրը` sexology.am