Շոգ եղանակին սնունդը պահանջում է ավելի մեծ ուշադրություն։ Երբեմն բավական է ուտելիքը մի փոքր երկար մնա սեղանին, աղցանը ճիշտ չպահվի սառնարանում, կամ հում մսի հետ շփված տախտակն օգտագործվի այլ մթերքի համար, և հաճելի օրը կարող է ավարտվել սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ ու թուլությամբ։

Ինչպե՞ս է արտահայտվում սննդային թունավորումը

Սննդային թունավորման ամենատարածված նշաններն են ստամոքսի ցավը, սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, որովայնի ցավն ու ջղաձգումները, ինչպես նաև ջերմությունը։ Որոշ դեպքերում կղանքը կարող է լինել արյունային։

Շատ դեպքերում սննդային թունավորումը մեղմ ընթացք է ունենում և անցնում է առանց հատուկ բուժման։ Սակայն դա չի նշանակում, որ այն միշտ անվնաս է։ Երբ փսխումը և փորլուծությունը հաճախ են կրկնվում, օրգանիզմը կարող է արագ կորցնել ջուր, աղեր և հանքանյութեր՝ առաջացնելով ջրազրկում։

Ո՞ր սննդամթերքներն են ավելի ռիսկային

Սննդային թունավորման աղբյուր կարող են լինել հում կամ ոչ լիարժեք եփված միսը, թռչնամիսը, ձուն, ձկնամթերքը, չպաստերիզացված կաթն ու կաթնամթերքը, ոչ լավ լվացված միրգն ու բանջարեղենը։ Ռիսկային կարող են լինել նաև պատրաստի աղցանները, սենդվիչները, մայոնեզով կամ կրեմային բաղադրիչներով ուտեստները, եթե դրանք ճիշտ չեն պահվել։

Բացի այս բրինձը, ապուրները, սոուսները, միսը, թռչնամիսը կամ շոգեխաշված ուտեստները կարող են վտանգավոր դառնալ, եթե երկար ժամանակ մնան սենյակային ջերմաստիճանում։

Ովքե՞ր պետք է հատկապես զգույշ լինեն

Սննդային թունավորում կարող է ունենալ ցանկացած մարդ, բայց որոշ խմբերի մոտ այն կարող է ավելի ծանր ընթացք ունենալ։ Ավելի մեծ ռիսկի խմբում են փոքր երեխաները, տարեցները, հղիները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ։

Այս խմբերի համար սննդային թունավորումը երբեմն կարող է լինել ոչ միայն անհարմարություն, այլև լուրջ վտանգ, քանի որ ջրազրկումը կարող է ավելի արագ զարգանալ, իսկ որոշ վարակներ՝ առաջացնել բարդություններ։

Ե՞րբ դիմել բժշկի

Բժշկի դիմելը կարևոր է, եթե ախտանշանները չեն մեղմանում, փսխումը հաճախ է կրկնվում, փորլուծությունը շարունակվում է մի քանի օր, կա բարձր ջերմություն, արյունային փորլուծություն կամ արյունային փսխում։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ջրազրկման նշաններին՝ ուժեղ ծարավ, բերանի չորություն, մուգ մեզ, քիչ կամ բացակայող միզարձակություն, գլխապտույտ, թուլություն կամ շփոթվածություն։

Երեխաների դեպքում պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ փսխումն ու փորլուծությունը կարող են արագ հանգեցնել ջրազրկման։ Եթե երեխան թույլ է, շատ ծարավ է, քիչ է միզում, ունի արյունային կղանք, հաճախակի փսխում, ուժեղ որովայնային ցավ կամ բարձր ջերմություն, անհրաժեշտ է դիմել բժշկի։

Ինչպե՞ս պաշտպանվել սննդային թունավորումից

Սննդային թունավորման կանխարգելման հիմքում մի քանի պարզ քայլեր են։

Ձեռքերը պետք է լվանալ օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան՝ հատկապես զուգարանից հետո, ուտելուց առաջ, ինչպես նաև սնունդ պատրաստելուց առաջ և հետո։ Մրգերն ու բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ՝ անգամ եթե պատրաստվում եք մաքրել կեղևը։

Հում միսը, թռչնամիսը, ձուկը և ձուն պետք է պահել պատրաստի սննդից, մրգերից և բանջարեղենից առանձին։ Դանակները, տախտակները և խոհանոցային պարագաները պետք է լավ լվանալ հում մթերքի հետ շփումից հետո, որպեսզի մանրէները չփոխանցվեն մյուս սննդին։

Միսն ու ձկնամթերքը պետք է լիարժեք ջերմային մշակման ենթարկվեն։ Պատրաստի ուտեստները պետք է սառեցնել կամ պահել սառնարանում ժամանակին, իսկ սոուսները, մայոնեզով աղցանները և այլ արագ փչացող ուտեստները չթողնել երկար ժամանակ սեղանին։

Եվ ամենակարևոր կանոններից մեկը՝ եթե վստահ չեք, որ սնունդը պատրաստվել, մատուցվել կամ պահվել է անվտանգ պայմաններում, ավելի լավ է չօգտագործել այն։ Նույնիսկ եթե ուտեստը նորմալ տեսք ունի և տհաճ հոտ չունի, դա միշտ չէ, որ նշանակում է՝ այն անվտանգ է։