Մինչեւ մեկ տարեկան երեխաների ապահով քունը ոչ միայն նրանց առողջության, այլեւ կյանքի պահպանման գրավականն է:

Երեխային ճիշտ քնացնելը կանխարգելում է երեխայի հանկարծամահության համախտանիշը, որի առաջացման պատճառները տարբեր են, սակայն կարեւոր է բացառել այն ռիսկերը, որոնք կարող են բարձրացնել վերջինիս վտանգը:

Ռիսկ 1. Երեխային փորիկի վրա քնացնելը

Երբ երեխան քնում է փորիկի վրա, ապա կրկնակի արտաշնչման արդյունքում հետներշնչման ժամանակ ոչ լիարժեք թթվածնով հագեցած օդ է շնչում, ինչն աստիճանաբար նվազեցնում է արյան մեջ թթվածնի մակարդակը, որն էլ կարող է բերել հանկարծամահության

Ռիսկ 2. Փափուկ անկողնու եւ փափուկ խաղալիքների առկայությունը երեխայի մահճակալում

Փափուկ անկողինը եւ փափուկ խաղալիքները վտանգավոր են նրանով, որ կարող են փակել երեխայի շնչուղիները:

Ռիսկ 3. Երեխային մոր կողքին քնացնելը

Մոր եւ մանկան համատեղ քունը բարձրացնում է կրծքով կերակրման որակը, բայց եթե երեխան մոր անկողնում է գտնվում, մեծ է դժբախտ պատահարի ռիսկը (քնած մոր շրջվելը երեխայի կողմ), կարող է առաջանալ թթվածնի սահմանափակում, երբ երեխան շատ մոտ գտնվի մոր մարմնին:

Ռիսկ 4. Երեխայի ներարգանդային եւ հետծննդյան շրջանում մոր ծխելը

Ներարգանդային եւ արտաարգանդային շրջանում ծխելը նվազեցնում է մոր արյան մեջ թթվածնի մակարդակը, իսկ պտղի մոտ կարող են առաջանալ զարգացման արատներ, որոնք հետագայում նույնպես կարող են բերել հանկարծամահության:

Կարդացեք նաեւ՝ Որքա՞ն պետք է քնի նորածին երեխան


Աղբյուրը՝ Doctors.am