«Հայաստանում եւ տարածաշրջանի այլ երկրներում այս պահի դրությամբ գրիպի հարուցիչներ չկան, բայց կան այլ շնչառական վարակների հարուցիչներ»,- այսօր Գրիպի տարեկան աշխատաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նա նշեց, որ սրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալներն են, որոնք թարմացվում են յուրաքանչուր շաբաթ:

«Ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Մենք կապի մեջ ենք մեր ուկրաինացի եւ վրացի գործընկերների հետ եւ պարբերաբար տեղեկանում ենք իրավիճակի փոփոխությունների մասին»,- ասաց Թորոսյանը:

Հոկտեմբերից սկսվում է գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահի դրությամբ արձանագրվող սուր շնչառական վարակները նախորդ տարվա նույն սեզոնի համեմատ 1,8 անգամով քիչ են: Չնայած սրան՝ գրիպի եւ սուր շնչառական վարակները գնալով պանդեմիկ ներուժ են ստանում, ինչի արդյունքում դրանց դեմ պայքարը բարդանում է:

Ի դեպ, նոր վարակների 80 տոկոսը կենդանական ծագում ունեն, այդ իսկ պատճառով քայլեր են արվում անասնաբուժական ոլորտի մասնագետների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք աչալուրջ են խնդրին.

«Թռչունների շրջանում ունենք պատվաստումներ նյուքասլ հիվանդության դեմ, որը նույնպես կարող է առաջացնել համաճարակներ: Նյուքասլը թռչունների մոտ հանդիպող հիվանդություն է, այսպես կոչված, կեղծ ժանտախտ»:

Աշխատաժողովին ներկա էր նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի փորձագետ Միքելա Հեգմանը:

Նրա խոսքով՝  նախորդ տարիներին Հայաստանը շատ կարեւոր աշխատանք է կատարել պանդեմիկ գրիպի նախապատրաստվածության ծրագրի շրջանակներում:

«Երկիրն էապես մեծացրել է գրիպի հայտնաբերման կարողությունները: Հայաստանն արդեն մասնակցում է վիրուսների հայտնաբերման եւ դրա վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրման աշխատանքներին, ինչը շատ կարեւոր է ռիսկերի գնահատման տեսանկյունից»:


 

Աղբյուրը՝ Doctors.am

Պատրաստեց Շուշան Շատիկյանը