Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 28-ամյակի օրը, Fertility Center- Պտղաբերության կենտրոնը կտրեց իր 2-րդ մասնաշենքի «պորտալարը»:

Կենտրոնի նոր մասնաշենքը տեղակայված է առաջինի հարեւանությամբ: Fertility Center-ի 2-րդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ Doctors.am-ը:

Մեզ հետ զրույցում կենտրոնի ղեկավար Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ 2-րդ մասնաճյուղի բացումը խորհրդանշական է իրենց համար.

«Կարծես՝ զուգավորվեց, կիսվեց մեր կենտրոնը: Երկրորդ մասնաճյուղը հիմելու անհրաժեշտությունն առաջացել էր՝ ելնելով պահանջից: Ես չեմ դադարում կրկնել, որ Հայաստանում ապրող հազարավոր զույգեր այսօր կարիք ունի արտամարմնային բեղմնավորման, էլ չեմ խոսում մնացած բուժումների մասին: 

Մեր կենտրոնում պացիենտների հոսքը միշտ է եղել: Աշխարհի 30 երկրներից ունենք այցելուներ, ընդ որում՝ ոչ միայն հայ, այլեւ օտարազգի զույգեր, որոնք լսելով մեր կենտրոնի հաջողությունների, ուլտրաժամանակակից մեթոդների մասին, որոշել են դիմել մեզ»,- նշեց Է. Համբարձումյանը՝ հավելելով, որ իրենց նպատակն է մասնաճյուղեր բացել նաեւ մարզերում:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ով ընդգծեց Պտղաբերության կենտրոնի կարեւորությունը.

«Վերարտադրողական առողջությունը մեր երկրի գերական խնդիրներից է, քանի որ մենք ունենք շատ ցածր պտղաբերություն: Կառավարությունն այսօր մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի բարձրացնենք ծնելիության մակարդակը Հայաստանում: Եվ ամենակարեւոր ուղղություններից մեկն անպտղության բուժումն ու հաղթահարումն է, որին լծված են այստեղ հավաքված մասնագետները:

Ուզում եմ փաստել, որ դուք ոչ միայն մարդասիրական գործ եք անում, ոչ միայն օգնում եք զույգերին ունենալ երեխաներ, այլեւ լուծում եք երկրի համար կարեւորագույն խնդիրները՝ անվտանգության, հետագա զարգացման եւ այլն: Այս կենտրոնի բացումը մի նոր քայլ է, որով մենք ավելի մեծ թվով զույգերի կարող ենք երջանկացել: Fertility-ն իսկապես իր տվյալներով առանձնանում է նման գործունեությամբ զբաղվող այլ կենտրոնների ցուցանիշներից: Շնորհավորում եմ եւ ցանկանում ձեզ կենտրոնին պտղաբեր աշխատանք»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ գլխավոր տնօրեն Արման Հովակիմյանը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, իր ողջույնի խոսքում նշեց.

«Շատ ուրախ եմ գտնվել այստեղ Fertility Center 2-րդ մասնաճյուղի բացմանը: Ձեր կենտրոնի առաքելությունը եղել եւ լինելու է ամենալավ եւ բարի գործ անելը: Ուրախ եմ, որ մեր բժշկական կենտրոնը սերտ համագործակցություն է սկսել Fertility-ի հետ: Շնորհավորում եմ եւ ցանկանում ձեզ արգասաբեր աշխատանք»:

Նշենք, որ այս տարի ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ը բացել է կլինիկական օրդինատուրա՝ Մանկաբարձության, Գինեկոլոգիայի եւ Ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնում, որի  ուսումնական բազան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն եւ Fertility Center-ն են:

Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը Fertility Center-ի 2-րդ մասնաճյուղի բացմանն իր ելույթի խոսքում ընդգծեց Մանկաբարձության, Գինեկոլոգիայի եւ Ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի բացման կարեւորությունը՝ հավելելով. 

«Ես կարող եմ լինել Fertility կենտրոնի եւ Էդուարդ Համաբարձումյանի կենսագիրը: Քչերը գիտեն, թե ինչ ճանապարհ է նա անցել: Եվ երբ նա վերցնում էր առաջին շենքը, մարդիկ մտածում էին, թե ինչին է պետք այդքան մեծ կենտրոնը, բայց տարիներն անցան, եւ կենտրոնի միջանցքներում արդեն հերթեր էին գոյանում»:

Անպտղությամբ տառապող զույգերին հաճախ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում բարեգործական կազմակերպությունները: Այդպիսի մի կազմակերպություն է «Հայ» ասոցիացիան: Ասոցիացիայի տնօրեն Տիգրան Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց.

«Շատ հզոր օր բացվել է մի շատ հզոր կենտրոն: Միշտ կրկնել եմ՝ այն գործը, որով դուք զբաղվում եք, աշխարհի ամենալավ գործն է, որովհետեւ դրա արդյունքում ծնվում է մարդ, եւ բնության մեջ չկա ավելի մեծ գործ:

Ուրախությամբ հայտնում եմ, որ Պտղաբերության կենտրոնից մենք ստացել ենք շատ լավ արդյունքներ: Շնորհավորում եմ եւ խոնարհվում այս մեծ գործի առջեւ»: 

Fertility Center 2-րդ մասնաճյուղը մինչեւ սեպտեմբերի վերջ կհյուրընկալի իր առաջին այցելուներին: