Քաշի նվազեցման սննդակարգերի տարբեր ուղղությունների կիրառման արդյունքների մասով մեծաքանակ տվյալների մետա վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց միջև էական տարբերություններ չկան: Կանադացի գիտնականների կողմից կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ քաշի զգալի նվազեցման է հանգեցնում ճարպերի և ածխաջրերի սահմանափակմամբ ցանկացած սննդակարգ՝ անկախ դրանց բրենդային անվանումից: Աշխատանքը հրատարակվել է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի JAMA ամսագրում:
 
Քաշի նվազեցման բրենդավորված ծրագրերը, որոնք սպառողներին առաջարկում են ճիշտ սննդակարգի և առողջ ապրելակերպի վերաբերյալ կառուցողական առաջարկություններ, իրենցից ներկայացնում են միլիարդների հասնող շրջանառություն ունեցող մի ամբողջ ինդուստրիա: Այս սննդակարգերից յուրաքանչյուրի վերաբերյալ գովազդը երաշխավորում է, որ հենց այդ սննդակարգն է ամենաարդյունվետը և օգտակարը առողջության համար, ինչը ճարպակալությամբ կամ հավելյալ քաշով տառապող մարդկանց կանգնեցնում են բարդ ընտրության առաջ: 
 
Քաշի նվազեցման տարբեր հայտնի սննդակարգերի հարաբերական արդյունավետության գնահատման նպատակով՝ ՄակՄասթեր համալսարանից Բրեդլի Ջոնսոնի ղեկավարությամբ գործող մասնագետների խումբն անց է կացրել բժշկական գրականության մեջ հրապարակված՝ այդ ոլորտում հետազոտությունների և կլինիկական փորձերի ընթացքում ստացված տվյալների մետա վերլուծություն: Ընդհանուր առմամբ վերլուծությունն ընդգրկում էր 59 հոդված, որոնցում արտացոլվում է 48 ռանդոմիզացված կլինիկական հետազոտության արդյունքներ: Մասնակիցների ընդհանուր քանակը եղել է մոտ 7300 մարդ, որոնց միջին տարիքը՝ 46 էր, իսկ միջին քաշը՝ մոտ 94 կիլոգրամ: 
 
Արդյունքում հաստատվել է, որ եթե մարդը՝ որևէ սննդակարգի լիարժեք բացակայության պայմաններում կես տարվա ընթացքում խստորեն հետևում է քաշի նվազեցման ցանկացած ծրագրի խորհուրդներին, ապա նրա քաշը նվազում է մոտավորապես 8-9 կիլոգրամով: Ի դեպ, առավել ակնհայտ արդյունք են տալիս այն սննդակարգերը,  որոնց հիմքում ճարպերի և ածխաջրերի օգտագործման նվազեցումն է: Պարզվել է, որ սնուցման տարբեր ծրագրերի արդյունքների միջև տարբերությունները չնչին են: Օրինակ՝ Ատկինսի հայտնի ցածրածխաջրային սննդակարգին հետևելը հանգեցնում է քաշի նվազեցման միջինում 1.7 կիլոգրամով ավելի, քան մեկ այլ հայտնի ծրագրի՝ Զոնա սննդակարգին հետևելու դեպքում: «Չնայած  սննդակարգերի արդյունքների միջև կան որոշակի վիճակագրական տարբերություններ, սակայն դրանք այնքան չնչին են, որ չեն կարող ազդել նիհարել ցանկացողների ընտրության վրա»,- ասում են հետազոտության հեղինակները: 
 
«Մեր կողմից ստացված տվյալները պետք է ևս մեկ անգամ համոզեն մասնագետներին և հավելյալ քաշից ազատվել ցանկացողներին, որ կարիք չկա նորաձևությանը տուրք տալով կամ այլ նկատառումներից ելնելով՝ կուրորեն հետևել ինչ-որ մի սննդակարգի, քանի որ ամեն սննդակարգ ունի իր առավելությունները: Դա կարևոր է, քանի որ շատ մարդիկ դժվարություններ են ունենում որոշ սննդակարգերի հետևելու հարցում՝ կապված իրենց սովորական ապրելակերպից հրաժարվելու կամ դրա խախտման հետ: Մեր արդյունքները վկայում են այն մասին, որ մարդիկ կարող են ընտրել այն սննդակարգը, որին հետևելը նրանց համար առավել քիչ դժվարություններ է առաջացնում. կարևորն այն է, որ նրանք կարողանան հետևել այդ խորհուրդներին, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն քաշի նվազմանը»,- եզրափակում են Ջոնսոնը և գործընկերները:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medportal.ru