Մարտի 10-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Մրցանակ շնորհվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին:
 
-   Խիստ կարևոր է մեր ազգաբնակչության համար ապահովել արտադրանքի և ծառայությունների մատուցման բարձր որակ սննդի, կրթության, շինարարության , և որ անչափ կարևոր է առողջապահության ոլորտում: Պետության լծակները, կարծում եմ, ժամանակի ընթացքում պետք է ավելի  հզորանան, որ հնարավոր լինի ապահովել այս բոլոր ոլորտներում որակային բարձր ցուցանիշ: Շնորհակալությունս եմ հայտնում այս մրցանակը մեզ շնորհելու համար: Սա իհարկե պարտավորեցնում է, որ մենք բոլորս աշխատենք էլ ավելի մեծ պատասխանատվությամբ, ջանասիրությամբ, հետևողականորեն զբաղվենք նաև զարգացման ծրագրերով,- ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը:
 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն՝ իր 36 տարիների պատմության ընթացքում, հասարակության շրջանում հայտնի է որպես Շտապ օգնության հիվանդանոց: Սկզբնական շրջանում այն նախատեսված էր 350 մահճակալի համար: Հետագայում՝ վերակազմակերպման արդյունքում, հիվանդանոցին միացան նաև ծննդատունը, պոլիկլինիկան:
 
- Ես այսօր ուրախ եմ հայտարարել, որ մեր բժշկական կենտրոնը Հայաստանում խոշորագույն բուժհիմնարկ է և ընդունում է տասնյակ հազարավոր հիվանդների (2011թ.-ին 26.000, 2012թ.-ին 33.000, 2014 թվականին՝ 47.000 հիվանդ): Ուրախալի է հատկապես այն փաստը, որ դիմելիության ցուցանշի աճը պայմանավորված է ոչ թե հիվանդացությունների թվի աճով այլ այն հանգամանքով, որ մարդիկ սկսել են ավելի շատ վստահել մեր բժշկական կենտրոնին և իրենց առողջությունը վստահել հենց մեզ: Այս դժվարին տնտեսական վիճակի պարագայում, երբ կար աշխատավարձերի վճարման խնդիր, խնդրում եմ ուշադրություն դարձնել, թե մեր կազմակերպությունն ինչ առաջընթաց է գրանցել: Մեզ մոտ նվազագույն աշխատավարձը կազմում է 105.000, միջինը՝ 170.000 դրամ, - ասում Արա Մինասյանը:
 
Հիշեցնենք նաև, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ձեռքբերումներից է նաև բուժքույրական քոլեջի ստեղծումը:
 
     
 
 
    
 
   
 

 

Հեղինակ՝  Ամալյա Գրիգորյան
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
11 մարտի 2015