Կոիտուս-սեռական հարաբերություն, ֆոբիա-վախ - կպչուն վախն է սեռական հարաբերությունից, որն անհնարին է դարձնում սեռական ակտի իրականացումը։ Տագնապը, վախը առաջանում են մարդու կամքից անկախ, և տվյալ իրավիճակում անհատը չի կարողանում կառավարել այն։

Կոիտոֆոբիայի առաջացման պատճառներից են՝ հոգետրավմաները, սեփական մարմինը չընդունելը, կոմպլեքսները, բացասական սեռական փորձը (բռնություն, ցավոտ սեքս), զուգընկրոջ ոչ ադեկվատ, ագրեսիվ վարքը, պահպանողական, անտիսեքսուալ դաստիարակությունը, սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին ինֆորմացիայի բացակայությունը կամ սխալ ինֆորմացիաները(օր․՝ առաջին սեռական հարաբերւթյունը ահավոր ցավոտ է, շատ արյուն է գալիս և այլն)։ Որոշ դեպքերում հանդիպում է ծննդաբերությունից հետո՝ վախ կրկին հղիանալուց։ Անկախ պատճառից, դրսևորումը մեկն է ՝վախը, որի միջոցով օրգանիզմը փորձում է պաշտպանել վտանգավոր կամ թվացյալ վտանգ ներկայացնող իրավիճակներից։

Ի՞նչ ախտանշաններով է դրսևորվում․

սրտխփոց, սրտխառնոց,

գլխապտույտ, գլխացավ,

գիտակցության կորուստ,

ճնշման կտրուկ փոփոխություն,

ինքնազգացողության վատացում,

մարմնի կամ վերջույթների դող,

մաշկի գույնի փոփոխություն և այլն։

Նշված ախտանշանները կարող են դրսևորվել ոչ միայն սեռական հարաբերության փորձերի ժամանակ, այլ նաև դրա մասին մտածելիս։ Ինչպես նաև կոիտոֆոբիան դրսևորվում է ոչ միայն նշված տհաճ զգացողություններով, այլ նաև անհաջողության կամ սեռական ակտի բացասական հետևանքների սպասման կպչուն մտքերով։

Հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Կանանց մոտ կոիտոֆոբիան դրսևորվում է վագինիզմի (հեշտոցի մկանների ակամա կծկում, որն անհնարին է դարձնում սեռական ակտի իրականացումը), օրգազմի բացակայության տեսքով։ Տղամարդկանց մոտ կարող է դրսևորվել այսպես ասած անհաջողության սպասման վախի տեսքով․ սեռական փորձի բացակայության դեպքում՝ մասնավորապես առաջին հարաբերության ժամանակ, ինչպես նաև սեքսուալ խնդիրների դեպքում, որի ժամանակ առաջանում կրկին ձախողման տագնապ, վախ։

Պացիենտները բավականին ծանր են տանում ստեղծված իրավիճակը, գիտակցում են անբացատրելի վախը, փորձում են ինքնուրույն ազատվել ՝ օգտագործելով տարբեր միջոցներ, հույսը դնելով ժամանակի և իրար հաջորդող անհաջող փորձերի վրա, հարցնելով շրջապատի փորձը (որն իհարկե մեծամասամ էլ ավելի է խորացնում խնդիրը), հասնելով մինչև ‹‹վախ չափողների մոտ›› կամ ընդհակառակը, սկսում են հրաժարվել սեռական փորձերից և դրսևորում խուսափողական վարք։ Սակայն այս ամենը ժամանակի անիմաստ կորուստ է ։

Պետք է ճիշտ ժամանակին դիմել մասնագետի և կարգավորել խնդիրը, քանի որ ինչպես նշեցի ինքնուրույն չի լինում հաղթահարել կպչուն վախը։

Նյութի հեղինակ՝ սեքսապաթոլոգ Լուսինե Ստեփանյան 

Բժշկի մասին ավելի մանրամասն ինֆորմացիան այստեղ՝

https://www.doctors.am/doctor/lusine-stepanyan