Ֆարինգիտն այն հիվանդություններից է, որը կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին: Այն հանդիպում է հիմնականում միջինից բարձր տարիքի մարդկանց շրջանում: Այս հիվանդությունն անհանգստացնում է հատկապես մասնագիտության բերումով հաճախ կամ տևական ժամանակ խոսող անձանց՝ ուսուցիչներին, դասախոսներին, հաղորդավարներին, դերասաններին և այլն:

Doctors.am-ը «Օտորինոլարինգոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում այս խնդրի մասին  զրուցեց Ռինո բժշկական կենտրոնի օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Նարինե Առուշանյանի հետ:

-Բժիշկ Առուշանյան, կներկայացնեք, ի՞նչ է ֆարինգիտը:

-Ֆարինգիտն ըմպանի լորձաթաղանթի բորբոքումն է։ Հաճախ տվյալ ախտորոշումը դրվում է ընդհանուր պրակտիկայի բժիշկների կողմից, որը կարող է հերքվել ԼՕՌ մասնագետների զննումից հետո: Դա հաճախ հանգեցնում է հիվանդության մասին վիճակագրական տվյալների անհստակեցման։ Ֆարինգիտը լինում է սուր և քրոնիկական։

-Որո՞նք են հիվանդության առաջացման հիմնական պատճառները:

-Սուր ֆարինգիտի առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառներից են վիրուսային հիվանդությունները, ապա բակտերիալ, ֆիզիկական ու քիմիակակ ներգործությամբ պայմանավորված գործոնները։ Քրոնիկական ֆարինգիտ առաջանում է ըստ մարդու զբաղվածության պայմանների՝ վատ կամ սխալ օդափոխություն, քիմիական կամ այլ ազդակներ, ինչպես նաև քթային դժվարաշնչության հետևանքով, երկարատև տեղային անոթսեղմիչների կիրառումից, քրոնիկ սինուսիտներից, ադենոիդի գերաճից  և այլն։ Կարևորվում են հորմոնալ փոփոխութնունները՝ դաշտանադադարը, հիպոթիրեոզը, նաև ավիտամինոզ A-ն, համակարգային հիվանդությոնները, շնչուղիների ալերգիկ ախտահարումները։

-Ինչպիսի՞ ախտանշաններ են լինում հիվանդության ժամանակ:

-Դիմողներն առավել հաճախ գանգատվում են կլման ժամանակ կոկորդի ցավից, բերանում չորության, քորի, այրոցի զգացողությունից, հազից՝ երբեմն նոպայաձև, որը կարող է ավարտվել փսխումով։

-Այս ախտանշանների առկայության դեպքում ի՞նչ պետք է անել: Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը:

-Ախտանիշների առկայությունը միշտ չէ, որ ստիպում է պացիենտին դիմել բժշկի, սովորաբար դիմում են միայն այն ժամանակ, երբ սիմպտոմներն անհնար են դարձնում մասնագիտական գործունեությունը ( երգիչներ, ուսուցիչներ, հանդիսավարներ, հեռախոսավարներ) կամ ազդում են կյանքի որակի վրա՝ առաջացնելով բազում սահմանափակումներ։
Ֆարինգիտի ախտորոշումն իրականացվում է հիմք ընդունելով գանգատները, մանրամասն հավաքած անամնեզը, օբյեկտիվ զննման տվյալները, իսկ տարբերակիչ ախտորոշման նպատակով, ինչպես նաև գանգատների և օբյեկտիվ զննման տվյալների անհամապատասխանության դեպքում՝ կատարվում են լաբորատոր հետազոտություններ։

-Ինչպե՞ս է ընտրվում բուժման տարբերակը: Ինչպիսի՞ եղանակներ կան:

-Սուր ֆարինգիտները բուժվում են սիմպտոմատիկ, միայն հաստատված բակտերիալ ախտահարման դեպքում է ցուցված հակաբակտերիալ բուժում։
Քրոնիկական ֆարինգիտները ( կատառալ, հիպերպլաստիկ, ատրոֆիկ) բուժվում են կոնսերվատիվ եղանակով՝ դեղորայք, ֆիզիոթերապիա և այլն:

-Բժիշկ Առուշանյան, հաշվի առնելով խնդրի տարածվածությունը, ի՞նչ խորհուրդ կտաք այն բոլոր անձանց ովքեր ունեն ֆարինգիտի ախտանշաններ:

-Դեղորայքային բուժումն արդյունավետ է միայն կենսակերպի ( կլիմա, սնունդ, ծխախոտ) փոփոխության և անատոմիական շեղումների (քթի միջնապատի թեքում, գերաճած քթային խեցիներ,ադենոիդ) շտկման դեպքում։

Կենսակերպի փոփոխության անհնարինությունն անարդյունավետ ելք է կանխատեսում, այդ իսկ պատճառով բուժման արդյունավետությանն ու ախտանիշների թեթևացմանը նպաստում է միայն կոմպլեքս մոտեցումները։

Հարգելի ընթերցողներին խորհուրդ կտամ ինքնաբուժությամբ չզբաղվել, դա կարող է խորացնել խնդիրը, հետագայում դժվարացնելով թե՛ ախտորոշում, թե՛ բուժման ընթացքը։

Շնորհակալություն, որ ինձ վստահեցիք այս շա՜տ տարածված խնդրի լուսաբանումը։


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
28 փետրվար, 2018