Մեր օրերում օրեցօր տարածվող ճարպակալման համաճարակը հանգեցնում է մի շարք սիրտ-անոթային և թոքային հիվանդություների ռիսկի գործոնների մեծացմանը, քնի խանգարումների և արյան խնդիրների, որոնց հետևանքով ավելանում են վերջիններիս ունեցած հետևանքները՝ ներառյալ մահացության ցուցանիշի աճը:
Ճարպակալման տարածվածությունն ամբողջ աշխարհում համաճարակի ծավալների է հասնում: Ամեն տարի առնվազն 2.8 միլիոն մարդ է մահանում ավելորդ քաշի կամ ճարպակալման հետևանքով:
Թեպետ նախկինում վերջինիս տարածվածությունը բնորոշ էր ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներին, ներկայում այն տարածված է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Համադրելով մի շարք հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները՝ կարելի է առանձնացնել այն հիվանդությունների մի մասը, որոնց դրսևորման ռիսկը մեծանում է, երբ կա ճարպակալման խնդիր՝

  1. սրտային անբավարարություն,
  2.  պսակաձև զարկերակների հիվանդություններ,
  3.  կաթված,
  4.  արյան գերճնշում,
  5.  մետաբոլիկ համախտանիշ,
  6.  ապնոե,
  7.  ասթմա,
  8.  2-րդ տիպի շաքարային դիաբետ,
  9.  անաշխատունակության և թուլության,
  10.  էնդոթելիալ դիսֆունկցիա,
  11.  պրոկոագուլանտ և պրոթրոմբոտիկ վիճակներ,
  12.  ինսուլինային ռեզիստենտություն և գլյուկոզայի հանդեպ տոլերանտության խանգարում
  13.  ալբումինուրիա,
  14.  երիկամային հիպերֆիլտրացիա,
  15.  քաղցկեղի որոշ տեսակներ
     

Փաստ 1
Ավելորդ քաշը և ճարպակալումը սահմանում են որպես «ճարպի պաթոլոգիկ կամ ավելորդ կուտակում, որը կարող է հանգեցնել առողջական խնդիրների»:
Մարմնի զանգվածի ինդեքսը մեծ կիրառում ունի ավելորդ քաշի և ճարպակալման դասակարգման գործում: Զանգվածի ինդեքսը հաշվում են ՝ մարմնի զանգվածը բաժանելով հասակի քառակուսուն (կգ/մ2): Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման՝ ավելորդ քաշի դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը 25 կամ 25-իցավելի է, իսկ ճարպակալման դեպքում՝ 30 կամ 30-ից ավելի:

Փաստ 2
2008 թվականին ավելի քան 1.4 միլիարդ մարդ ունեցել է ավելորդ քաշի խնդիր, իսկ ավելի քան կես միլիարդ մարդ՝ճարպակալման:
Ամեն տարի առնվազն 2.8 միլիոն մարդ մահանում է ավելորդ քաշի կամ ճարպակալաման խնդրից: 1980-2008 թվականներին ճարպակալման դեպքերի քանակը ավելացել է գրեթե կրկնակի:

Փաստ 3
2013 թվականին ամբողջ աշխարհում նախադպրոցական տարիքի 42 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշի խնդիր:
Մեր օրերում երեխաների ճարպակալումը հանրային առողջապահության ամենալուրջ խնդիրներից մեկն է: Ավելորդ քաշ ունեցող երեխաները մեծ տարիքում հավանական է, որ կունենան ճարպակալման խնդիր:
Հավանականությունը, որ այս երեխաներն ավելի վաղ տարիքում կունենան սիրտ-անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ ավելի մեծ է, քան այն երեխաների դեպքում, ովքեր չունեն ավելորդ քաշի խնդիր: Ճարպակալման հետևանքով ի հայտ եկած հիվանդությունները կարող են հանգեցնել վաղաժամ մահվան և հաշմանդամության:

Փաստ 4
Ամբողջ աշխարհում ավելորդ քաշն ու ճարպակալումը հանգեցնում են մահացության ավելի մեծ թվի, քան քաշի անբավարարությունը:
Աշխարհի բնակչության 65%-ն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ ճարպակալման և ավելորդ քաշի հետևանքով մահանում է ավելի շատ մարդ, քան քաշի անբավարարությունից: Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետի 44%, սրտի իշեմիկ հիվանդությունների 23%, քաղցկեղի որոշ տեսակների 7-41%-ը հետևանք են ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրների:

Փաստ 5
Առողջ սնվելու և ճիշտ սննդակարգի շնորհիվ կարելի է կանխել ճարպակալումը
Մարդիկ կարող են:

  • Պահպանել առողջ քաշ:
  • Սահմանափակել ճարպերի ընդհանուր օգտագործումը և հագեցած ճարպերի փոխարեն սննդակարգում կիրառել չհագեցած ճարպեր:
  • Ավելացնել ընդունվող մրգերի, բանջարեղենի,լոբազգիների, ընկուզեղենի և ցորենի ամբողջական հատիկից պատրաստված սննդի օգտագործումը:
  • Սահմանափակել աղի և շաքարի օգտագործումը:   


Ճարպակալման համաշխարհային համաճարակը ճնշելու համար հարկավոր է բազմակողմանի և համալիր մոտեցում մշակել, որը կուղղվի բնակչության հստակ խմբերի՝ հաշվի առնելով վերջիններիս մշակութային առանձնահատկությունները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Համաշխարհային ռազմավարություն» նախագիծը ներառում է նաև ծրագրեր՝ ուղղված ոչ վարակիչ հիվանդությունների՝ այդ թվում ճարպակալման կանխարգելմանը, վարմանը և վերահսկմանը:
Ճարպակալման և այն ուղեկցող հիվանդությունների համար հնարավոր բուժում գտնելը (հետազոտություններ իրականացնելու ճանապարհով) հանրային առողջության ոլորտի արդիական խնդիրներից մեկն է:
Ճարպակալման կանխարգելման գործում իրենց ներդրումը պիտի ունենան ինչպես քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, երկրի կառավարությունն ու մասնավոր սեկտորը, այնպես էլ միջազգային գործընկերները:


Աղբյուրը՝«Առողջապահություն» ամսագիր


​​​​​​​