Կոգնիտիվ-վարքային թերապիան լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում՝ օգնելով հազարավոր մարդկանց հաղթահարել հոգեբանական մի շարք խնդիրներ: Իսկ այն մասին, թե ինչ է կոգնիտիվ հոգեբանությունը և որքանով է արդյունավետ կոգնիտիվ-վարքային թերապիան, մենք մանրամասն զրուցել ենք բժիշկ, հոգեթերապևտ, կլինիկական հոգեբան Ռաֆայել Պետրոսյանի հետ:

 

Բժի՛շկ Պետրոսյան, ի՞նչ է կոգնիտիվ հոգեբանությունը և ինչպե՞ս է աշխատում կոգնիտիվ-վարքային թերապիան:

Կոգնիտիվ հոգեբանությունը հոգեբանության ուղղություններից մեկն է, ինչպես օրինակ, հոգեվերլուծությունը, գեշտալտ թերապիան, արթ-թերապիան և այլն: Կոգնիտիվ բառը թարգմանաբար նշանակում է իմացական կամ մտածական: Կոգնիտիվ-վարքային թերապիան ամբողջ աշխարհում լավագույններից մեկն է: Փորձը ցույց է տալիս, որ այն արդյունավետ է դեպրեսիաների, նևրոզների, տագնապային խանգարումների, կպչուն մտքերի, ֆոբիաների դեպքում: Այն արդյունավետ է նաև ժամանակի առումով, քանի որ միջինում 10-15 այցի կարիք  է լինում: Եթե պատկերավոր նշենք, կոգնիտիվ թերապիայի ընթացքում մենք սովածին ոչ թե հաց ենք տալիս, այլ սովորեցնում ենք, թե ինչպես հաց թխել: Այսինքն, այցելուն ինքն է սովորում հետագայում լուծել իր խնդիրները:

Կասե՞ք որևէ օրինակ, որը թույլ կտա պատկերացնել, թե այդ կարճ ժամանակահատվածում ինչպես է հաջողվում հաղթահարել հոգեբանական խնդիրները:

Օրինակ, տագնապային խանգարման դեպքում, ինչպես գիտենք,  դիտվում է սրտխփոց, գլխապտույտ, շնչելու դժվարություն: Կոգնիտիվ թերապիայի ժամանակ մենք սովորում ենք ոչ թե ազատվել սրտխփոցից, այլ սրտխփոցի հանդեպ վերաբերմունքը փոխել:  Նման մարմնական դրսևորումները նորմալ են, մենք դրանց առօրյայում նորմալ ենք վերաբերում և չենք ֆիքսում: Իսկ տագնապային խանգարում ունեցող մարդը այդ ամենը «բռնում» է՝ դրանց վերաբերելով որպես վտանգավոր երևույթ, ինչն էլ ավելացնում է տագնապը:  Մենք նման խանգարում ունեցող մարդուն սովորեցնում ենք սովորական վերաբերել այդ մարմնական դրսևորումներին և փաստացի ապացուցում ենք՝ ոչ թե համոզում կամ հույս ենք տալիս, որ այդ ամենը նորմալ ֆիզիոլոգիա է:  Այս նույն խնդրի դեպքում նյարդաբանը կարող է դեղեր նշանակել, որոնք կբարելավեն գլխուղեղի արյան շրջանառությունը կամ սպազմը վերացնող դեղեր խորհուրդ տալ, սակայն խնդիրը վերաբերմունքի մեջ է:

Այսինքն, ստացվում է, որ կոգնիտիվ թերապիան չի ուսումնասիրու՞մ եղած խնդիրների պատճառները: 

Կոգնիտիվ-վարքային թերապիան ավելի շատ կարևորում է ներկան, քանի որ մեր կյանքը և եղած դժվարությունները ներկայում են:  Եթե աչքերդ բացել ես ինչ-որ խաչմերուկում, ապա կարևոր չէ, թե ինչպես ես այդտեղ հայտնվել, կարևոր է, թե ուր ես գնալու այդտեղից, քանի որ քո կյանքը հիմա է:  Ես բազմաթիվ այցելուներ եմ ունեցել, որոնք երկու այց հետո էլ չեն գնացել տվյալ հոգեբանի մոտ, նշելով, որ մասնագետը չի փորձել լուծել այդ պահին եղած խնդիրը, այլ, օրինակ, ասել է պատմել մանկությունից:

Ինչպես գիտենք, հոգեվերլուծության ժամանակ մասնագետը փորձում է գտնել խնդրի պատճառները: Հետաքրքիր է այս երկու մեթոդները՝ կոգնիտիվ թերապիան և հոգեվերլուծությունը, կարելի՞ է համադրել այցելուին առավելագույնս օգնելու համար:

Իհարկե, կարող ենք համադրել, սակայն հոգեվերլուծությունը հրաշալի մեթոդ է առավելապես ախտորոշման համար: Օրինակ, պատերազմից հետո, երբ զինվորները նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն, հոգեվերլուծաբանը անելիք չունի: Սա նաև շատ լավ ցույց է տալիս, որ մարդու կյանքն ու եղած խնդիրները այդ պահին են: Եթե կոգնիտիվ թերապիայի ժամանակ կարիք լինում է, մենք խոսում ենք պատճառների մասին: Սակայն ավելի արդյունավետ կլինի, եթե այցելուն սովորի որոշակի մտածական գործիքների տիրապետել:

Եթե փորձենք ամփոփել, կնշե՞ք կոգնիտիվ-վարքային թերապիայի հիմնական կարևոր կետերը:  

Այս թերապիան կարելի է ասել երեք կարևոր կետ ունի՝ առաջինը՝ հասկանալ, թե ինչպես փոխել վերաբերմունքը կյանքի ազդակների հանդեպ (սրա հիմքում կոգնիտիվ մոդելն է՝ ազդակ, դրան պատասխան վերաբերմունք և առաջացած հույզ շղթան), երկրորդը՝ գիտակցել, որ կյանքը այստեղ և հիմա է, երրորդը՝ գիտակցել, որ ցանկացած պահի մենք ինքներս ենք ընտրում, թե ինչ անել տվյալ իրավիճակում: Կոգնիտիվ-վարքային թերապիան սովորոցնում է այդ պահին որոշում կայացնել՝ չհենվելով անցյալի փորձի վրա:            

Իսկ ի՞նչ կլինի, եթե հիմնվենք անցյալի փորձի վրա:

Այդ դեպքում իրականությունը խեղաթյուրված ենք ընկալում: Պատկերացրեք երեխա, որ գնում է արդեն ձևավորված դասարան: Իրեն ամենայն հավանականությամբ կարող են ծաղրել: Այս ամենի հիման վրա ձևավորվում է բացասական փորձ, որ նոր դասարան գնալը տրավմատիկ է: Եթե նա հաջորդ անգամ նոր դասարան մտի՝ հենվելով անցյալի փորձի վրա, ապա կլինի  վախեցած, կուչ եկած:  Դասարանի մյուս աշակերտները, տեսնելով նրան այդպիսին, բնականաբար նույն վարքը կդրսևորեն՝ ծաղրելով նրան: Այդ աշակերտի մոտ եղած համոզմունքը կհաստատվի: Կոգնիտիվ թերապիան սովորեցնում է մտածել հետևյալ կերպ՝ ճիշտ է այն ժամանակ այդպես է եղել, սակայն դա չի նշանակում, որ հիմա էլ է այդպես լինելու:

Որպեսզի մեր զրույցը առավել արդյունավետ լինի ընթերցողի համար, եկեք նաև նշենք, թե ինչպե՞ս մարդը հասկանա, որ իրեն առավելապես կօգնի հենց կոգնիտիվ թերապիան:

Այս թերապիան օգնում է միշտ: Պարտադիր չէ, որ ինչ որ խնդիր լինի: Ես ունեմ այցելուներ տարբեր բնագավառներից՝ երգարվեստ, քաղաքականություն և այլն, որոնք մեծ հաշվով խնդիր չունեն, սակայն գիտեն, որ այս թերապիայի շնորհիվ առօրյայում կարող են եղած իրադարձություններին ավելի թեթև և հանգիստ վերաբերել: