2020 թ.-ի Փետրվարի 25-ին Երևանի «DoubleTree by Hilton» հյուրանոցում տեղի ունեցավ «Պրեանալիտիկ օրեր Հայաստանում. պրեանալիտիկ սխալների բացառումը լաբորատորիաներում» թեմայով մեծամասշտաբ միջոցառումը, որը կազմակերպել էր բժշկական սարքավորումների ներկրմամբ զբաղվող «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը` «Բժշկական ախտորոշիչ լաբորատոր մասնագետների ասոցիացիա»-ի հետ համատեղ: 
Միջոցառմանը հրավիրված էին բուժքույրեր, լաբորատոր ախտորոշման մասնագետներ Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից: Միջոցառումը նախատեսված էր 200 անձի համար, սակայն հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ հյուրերի թիվն անցնում էր 300-ը:
Միջոցառումը սկսվեց «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Դավիթ Առաքելյանի, այնուհետև՝ «Բժշկական ախտորոշիչ լաբորատոր մասնագետների ասոցիացիա»-ի նախագահ Վահագն Գևորգյանի ողջույնի խոսքով:
Միջոցառմանն իր լուրջ դերակատարումն ուներ «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ գործընկեր հանդիսացող «Greiner Bio-One» ընկերությունը և ընկերության տարածաշրջանային մենեջեր Ռենատա Պավկովիչն իր ելույթում ներկայացրեց ընկերության գործունեությունը:

Միջոցառման գլխավոր՝ կրթական հատվածում «Greiner Bio-One» ընկերության ուսումնական բաժնի ղեկավար Ագնիեշկա Մոլասը ներկայացրեց ընկերության պրեանալիտիկ փուլի «19 քայլ» ուղեցույցը, որի արդյունքում մասնակիցները ստացան ճիշտ նմուշառման գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Այնուհետև, ստացած տեսական գիտելիքները բուժքույրերը հնարավորություն ունեցան ամրապնդել դասընթացի գործնական փուլի ընթացքում: Տարբեր բուժհաստատություններից հրավիրված բուժքույրերը ոգևորված էին դասընթացի արդյունքներից և փաստում էին, որ ստացած տեղեկատվությունն իսկապես շատ անհրաժեշտ էր իրենց և որ անպայման դրանք կկիրառեն իրենց աշխատանքում:


«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ լաբորատոր սարքավորումների մասնագետ Անուշ Ղարաջյանը մեզ հետ զրույցում խոսեց միջոցառման կարևորության և արդիականության մասին. «Հայաստանում արյան նմուշառման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Արյան նմուշառումից է հենց կախված լաբորատորիայում ստացված պատասխանների սխալ կամ ճիշտ լինելը : Եթե արյան նմուշառումը սխալ է իրականացվում, ապա հետազոտության պատասխանն էլ սխալ կլինի, հետևապես նաև՝ բուժումը: Այս միջոցառման նպատակն այն է, որ մենք Հայաստանում փորձենք կանխել, հիշեցնել, ինչու ոչ՝ սովորեցնել նմուշառման ճիշտ ձևերը՝ պրեանալիտիկ սխալներից խուսափելու համար» :
Նախատեսվում է, որ միջոցառումը լինի շարունակական և, հաշվի առնելով պահանջարկը, հաջորդ անգամ ներգրավվել է՛լ ավելի մեծ թվաքանակով մասնակիցներ:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը

Լուսանկարները՝ Արման Պապիկյան