Իտալացի բուժաշխատողները տասներեքժամյա հերթափոխերից հետո կիսվել են իրենց այտուցված դեմքերի լուսանկարներով: Լուսանկարները հիշեցում են այն մասին, թե ինչ դժվարությունների միջով են անցնում բուժաշխատողները վարակի դեմ պայքարում: Իտալիան կորավիրուսով վարակվածների ամենախոշոր թիվը գրանցած երկներից մեկն է, և բուժաշխատողների անձնազոհ աշխատանքն է, որ շարունակում է հուսադրել մարդկությանը:

Բուժաշխատողների հոգնած և այտուցված դեմքերը շատ արագ տարածվեցին սոցիալական ցանցերում: Ժամեր և օրեր շարունակ պաշտպանիչ դիմակներ կրելուց առաջացած կապտուկներն ու այտուցները նաև նախազգուշացում են` տանը մնալու և վարակի տարածմանը չնպաստելու մասին:

Իտալացի բժիշկ Նիկոլա Սգարբին իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Ես սելֆիներ չեմ սիրում: Երեկ, այնուամենայնիվ, ես արեցի այս նկարը, 13 ժամ շարունակ պաշտպանիչ դիմակ կրելուց հետո: Ես ինձ հերոս չեմ համարում... Ես սովորական մարդ եմ, ով սիրում է իր աշխատանքը և ով, ավելի քան երբևէ, հպարտ է կատարել այն` առաջնագծում կանգնած հրաշալի մարդկանց հետ միասին (բժիշկներ, բուժակներ ու բուժքույրեր, տեխնիկներ և մաքրուհիներ):

Սգարբին և այլ բուժաշխատողներ իրենց լուսանկարներով ցույց են տալիս այն փորձություններն ու դժվարությունները, որոնց միջով նրանք անցնում են: Միևնույն ժամանակ նրանք մեզ հորդորում են չհուսահատվել: Սգարբին շարունակում է` դիմելով բոլորիս.


«Սա անցնելու է իմ և քո դժվարին աշխատանքի, զոհաբերությունների շնորհիվ: Սա անցնելու է, եթե մենք միասնական ենք... մի' հանձնվեք»:

Մարտինա Բենեդետին բուժքույր է Տուսկանիայում` ինտենսիվ խնամքի բաժանմունքում: Լուսանկարի տակ նա նկարագրում է իր և կոլեգաների աշխատանքային առօրյան` Covid-19 ունեցող հիվանդներին խնամելիս.


«Քրտինքի կաթիլներն ընկնում են դեմքիցդ և կարծես հալվում է դիմակի, պաշտպանիչ ակնոցի, գլխարկի տակ: Հիվանդին հարկավոր է արհեստական շնչառական սարքը, ...կարգավորիր ճնշումը, թթվածնի պակաս... վազի'ր, շարունակի'ր քրտնել, ...պատրաստի'ր դեղամիջոցը, երբ ձեռնոցները սահմանափակում են շարժումներդ...»

Բենեդետին զգուշացնում և հորդորում է բոլորին (նույնիսկ նրանց, ովքեր չեն վախենում վարակվելուց) մնալ տանը` չվտանգելով իրենց և այլ մարդկանց, ում առողջությունն ապահովելու համար բուժաշխատողները զոհաբերում են իրենք իրենց:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ www.today.com