Ստենֆորդի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ շարժումները կարգավորող գլխուղեղի հատվածի խթանումը կարող է արագացնել հետինսուլտային վերականգնումը: Հետազոտողները լույսի միջոցով ազդել են մկների գլխուղեղի վրա: Այդ կենդանիներն ավելի արագ էին շարժվում, քան մնացածը: Գիտնականները գտնում են, որ իրենց բացահայտումը կօգնի հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում գլխուղեղի վերականգնումը ինսուլտից հետո, և մշակել բուժման նոր մեթոդներ, հաղորդում է BBC-ն:
 
Ինսուլտը ախտահարում է հիշողությունը, շարժումները և շփվելու կարողությունը: Գլխուղեղի բջիջները մահանում են, երբ նրանց թթվածնի և գլյուկոզայի մատակարարումն արգելափակվում է թրոմբի գոյացման պատճառով: Բուժումն ուղղվում է արագ վերականգնմանը և վնասը նվազագույնին հասցնելուն, բայց այն կարող է տևել ամիսներ, քանի որ գլխուղեղը ստիպված է ամեն ինչ սկսել սկզբից:
 
Գիտնականները գլխուղեղը խթանելու համար օգտագործել են օպտոգենետիկա: Այս մեթոդի օգնությամբ հնարավոր է լույսի միջոցով խթանել գլխուղեղի համապատասխան կառուցվածքների կոնկրետ նեյրոնները: Լույսը գլխուղեղ է հասնում օպտիկական թելերի միջոցով: Այն ակտիվացնում է գենետիկ մոդիֆիկացված բջիջները, որոնք ունակ են արձագանքել լույսին: Տվյալ դեպքում թիրախ են հանդիսանում շարժողական կեղևի նեյրոնները, որոնք պատասխանատու են շարժումների համար: 
 
Յոթ օր տևած խթանումից հետո մկները կարողանում էին ավելի երկար ճանապարհ անցնել, քան մյուսները: 10 օրից նրանք ավելի արագ սկսեցին շարժվել: Հետազոտողները ենթադրում են, որ օպտոգենետիկ խթանումը կօգնի վերականգնել գլխուղեղը ինսուլտից հետո, քանի որ նրանք կենդանիների մոտ հայտնաբերել են քիմիական նյութերի բարձր մակարդակ՝ կապված գլխուղեղի բջիջների միջև նոր միացությունների ձևավորման հետ:
 
Գիտնականներն ուզում են շարունակել իրենց հետազոտությունները, որպեսզի պարզեն, թե արդյոք այն արդյունավետ է նաև գլխուղեղի այլ հատվածների համար: Իրենց նպատակն է ստեղծել միջամտության հստակ սխեմաներ, որոնք հետագայում կիրառելի կլինեն կլինիկական փորձարկումների ժամանակ: Դեռևս օպտոգենետիկան չի կարելի կիրառել մարդկանց համար, քանի որ այն պահանջում է գենետիկ մոդիֆիկացված բջիջ-թիրախ: Սակայն հետազոտողները համոզված են, որ մոտ ապագայում այն հնարավոր կդառնա:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ BBC.co.uk