Երեխաները մեր կարիքն ունեն: Այն ինքնագիտակցական մակարդակը, որն ունենք մենք, պետք է ամենայն ջանասիրությամբ ու սիրով հաղորդենք մեր երեխաներին՝ օգնելով նրանց ոտքի կանգնել, ճանաչել, հաղորդակցվել: Ահա մի քանի կանոն, որոնցով, մեր կարծիքով, պետք է առաջնորդվի ամեն ծնող երեխային դաստիարակելիս:
  
 1. Շատ սովորեցնել, քիչ պատժել: Յուրաքանչյուր երեխա ունի գիտելիք ստանալու պահանջ, և յուրաքանչյուր ծնող պարտավոր է գիտելիք տալ երեխային: Եթե երեխան վատ է իրեն պահում, նշանակում է նրան դեռ չեն սովորեցրել իրեն լավ պահել: Ցանկացած երեխայի էլ կարելի է սովորեցնել, անգամ՝ ամենաչլսողին: Ամեն ինչ կախված է ծնողների և ուսուցիչների հմտությունից, որը ձեռք չի բերվում միանգամից: Չլսող երեխաներին պատժելը՝ առանց հստակ բացատրության, թե «ինչո՞ւ համար», առաջացնում է կոնֆլիկտ. երեխան ոչ մի լավ բան չի սովորում, այլ միայն չարանում է: Միակ լուծումը երեխայի հետ ժամանակ անցկացնելն է, մշտապես համբերատար հուշել, թե ինչպես է պետք ճիշտ վարվել տարբեր իրավիճակներում: Այս դեպքում երեխաներին պատժելու անհրաժեշտություն էլ չի առաջանա:

 2. Հաղորդակցվել և ոչ թե հրամայել: Երեխաների հետ պարտադիր պետք է զրուցել, ըստ որում՝ տարբեր կերպ: Երեխաների հետ զրույցի ընթացքում ձևավորվում են նրա հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ հիմքերը: Զրուցեք երեխաների հետ ճաշելիս, ընթրելիս, քնելուց առաջ, պատմեք նրանց հեքիաթներ, պատմվածքներ, ինչ կցանկանաք: Տան ճանապարհին հարցեր տվեք, որպեսզի նա պատմի, թե ինչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել օրվա ընթացքում: Այս կերպ երեխան կսկսի վստահել ծնողներին, կիմանա, թե ումից կարող է խորհուրդ հարցնել դժվար իրավիճակում: «Ծնող-երեխա» հաղորդակցական գիծը պետք է աշխատի շուրջօրյա:

 3. Հաճախ խրախուսել, քիչ նախատել: Երեխաները պարտադիր պետք է սովորեն հավատալ իրենց ուժերին: Նրանք պետք է իմանան, որ երբ սկսեն գործել, հաջողություն են ունենալու այն ամենում, ինչ կցանկանան, այսինքն՝ կկանգնեն իրենց ուղու վրա: Սակայն նրանց պետք է օգնել, ավելի ճիշտ՝ աջակցել, մինչև նրանց մոտ կառաջանա իսկական ինքնավստահություն: Սեփական ուժերի նկատմամբ հենց այս հավատն էլ երեխային կտա անհրաժեշտ կենսական ուրախությունը:

 4. Սիրով ասել.  «դա անել չի կարելի»: Կյանքում մենք տարբեր վայրերում բախվում ենք տարբեր իրավիճակների, ամենուր կանոնները տարբեր են, երբեմն՝ ոչ այնքան հաճելի: Ծնողները մասամբ յուրացրել և հետևում են դրանց, իսկ երեխաները՝ ոչ: Նրանք ակտիվորեն փորձում են հասկանալ՝ ինչն է իրենց հարմար, ինչը՝ ոչ՝ հաճախ խախտելով թույլատրելիի սահմանները: Նրանք վախենում են հայտնվել նոր վայրում, անծանոթ իրավիճակում: Երեխաներին սովորել չվախենալ կարող է օգնել միայն ծնողական սերը: Չէ՞ որ միայն սիրով կարելի է համոզիչ ասել. «դա անել չի կարելի»:

 5. Երբեք չմեկուսացնել:Աշխարհում ոչ մի երեխա չի բողոքել այն հանգամանքից, որ իր նկատմամբ ծնողների սերը չափազանց է: Երեխաների համար ամենակարևորը ծնողական սերն է: Երբ զայրացած ասում ենք «գնա՛ քո սենյակ», «հեռո՛ւ գնա ինձնից» կամ «ես հիմա ոչ ոքի չեմ կարող տեսնել», նշանակում է երեխային ասում ենք «ես քեզ չեմ սիրում», նա դա այդպես է ընկալում: Ի՞նչը կարող է երեխայի համար ավելի  սարսափելի լինել… Ծնողները ծանր, կոնֆլիկտային իրավիճակներում պետք է կարողական հավաքվել, շունչ քաշել և… լռել: Հանգստանալուց հետո միայն կարելի է որդեգրել ճիշտ, երեխային խնայող վարքագիծ:

 6. Յուրահատուկ, բայց միաժամանակ այնպիսին, ինչպիսին բոլորը: Յուրաքանչյուր ոք ցանկանում է իմանալ, թե ինչում է նա առանձնահատուկ և ինչում՝ նման մյուսներին: Երեխաները սկսում են հարաբերություններ կառուցել շրջակա աշխարհի և իրենք իրենց հետ ծնվելուց անմիջապես հետո: Ծնողները պետք է հիշեն, որ իրենք մեծացել են ճիշտ նույն կերպ՝ նրանք մեկ ցանկացել են միայնակ մնալ իրենք իրենց հետ՝ ճանաչելու համար իրենց, մեկ՝ շփվել մյուսների հետ: Այս առումով տարիների հետ քիչ բան է փոխվում. մենք մշտապես համադրում ենք մեզ մյուսների հետ՝ փորձելով պահպանել մեր անհատականությունը: Երեխաները ծնողների հայելին են, իսկ ծնողները`՝ երեխաների:



psymag.am