Ուշ ընտանիք կազմելու, հետևաբար հղիության հետ խնդիրներ ունենալու միտումը նկատվում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ֆրանսիայում, օրինակ, այսօր ծննդաբերության միջին տարիքը 31-ն է. մարդիկ շատ ուշ են զբաղվում ընտանիք կազմելու հարցով, այդ պատճառով էլ մեր օրերում կանայք հղիության հետ կապված լուրջ խնդիրներ են ունենում: Այդ երևույթն ունի արդեն իր տերմինը` "սոցիալական անպտղություն":

Հայաստանի բնակչության մոտ 18 տոկոսը` ամեն 6-րդ զույգը, ունի վերարտադրողական խնդիր: 2010 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ արհեստական բեղմնավորման հեղինակը` անգլիացի Ռոբերտ Էդվարդսը: Այս ցուցանշի ֆոնին հուսադրող փաստ  է, որ  վերարտադրողական բժշությունն ամենաարագ զարգացող ճյուղերից է այսօր: Հայաստանում արհեստական բեղմնավորման տոկոսը հասնում է մոտ 2-ի, իսկ աշխարհի մասշտաբով` մոտավորապես 5%-ի:

Մասնագետներն ասում են, որ վերարդադրողական բժշկությունը սոցիալական և ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղ է:

Բժշկական գիտությունների դոկտոր, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբաձումյանի խոսքով` մեր օրերում 20-30 տարեկան հասակում(վերարտադրողականության ամենալավ տարիքում) կանայք իրենց ուսումով, աշխատանքով են զբաղված, ինչպես տղամարդիկ: Շատ երկրներում կանանց առաջին ծնունդը մոտ 30 տարեկանում  է գրանցվում: "Այս խնդիրը մոտենում է նաև Հայաստանին, որովհետև քանի գնում է,  հայ կանայք ինքնուրույնություն են ձեռք բերում, սկսում են գիտությամբ զբաղվել",-ասում է Համբարձումյանը:

Մասնագետի խոսքով`կարիերայով տարվելն անպտղության խնդրին նպաստող առաջին գործոնն է:

Համբարձումյանը հատկապես տարիքով կանանց համար ասում է, որ սխալ է վերարտադրողական խնդիրներով զբաղվող բժիշկներից չափազանց մեծ սպասումներ ունենալը. "Մենք շատ ենք հանդիպում 40-45 տարեկան կանանց, որոնք ասում են` դե, հիմա արդեն եկել ենք, որոշել ենք երեխա ունենալ, տեսել ենք` Աֆրիկայում կամ Հնդկաստանում 60 տարեկանը ծննդաբերում է, մենք ինչո՞վ ենք պակաս":

Բժշկի գնահատմամբ` 18-44 տարեկանը կանանց վերարտադրության ամենանպաստավոր շրջանն է: Նա խորհուրդ է տալիս 1 տարի սեռական կյանքով ապրող զույգերին չհղիանալու դեպքում  դիմել բժշկի, այլապես ժամանակը կորցնելու արդյունքում իրավիճակը կարող է ճակատագրական դառնալ:

38-40 տարեկան կանանց բժիշկը խորհուրդ է տալիս  3 ամսից արդեն անհանգստանալ: Նա պարտադիր  է համարում զույգով ներկայանալ բժշկին:

"Մեր հիվանդների 50%-ը կանայք են, 40-ը` տղամարդիկ, մոտ 10 տոկոսիմոտ խնդիրը երկկողմանի է",-ասում է Համբարձումյանը:

Մասնագետը խորհուրդ է տալիս երիտասարդ տարիքից հոգալ վերարտադրողական խնդիրների մասին`ճիշտ սեռական կյանք վարել, ճիշտ սնվել, պահպանել հիգիենայի կանոնները: Աղջիկներին խորհուրդ է տրվում ճիշտ հագնվել, հետևել դաշտանային ֆունկցիային, խանգարման դեպքում դիմել բժշկի:  Իսկ տղամարդկանց մոտ կարող են նկատվել սեռավարակներ, սեռական թուլություններ. այս դեպքում նույնպես պետք է դիմել բժշկի`ինչքան շուտ, այդքան լավ:

impokrik.am