Այսօր գնալով աճում է այն ամուսինների թիվը, որոնք երկար ժամանակ չեն կարողանում երեխա ունենալ: Բժշկության մեջ այսպիսի դեպքերն անվանում են չբերություն: Սա այն հիվանդությունն է, երբ մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում կնոջ մոտ բացակայում է հղիությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով' 40 տոկոս դեպքերում չբերությունը կնոջ պատճառով է, իսկ 45 տոկոս դեպքերում' տղամարդու:
Չբերության պատճառները բազմաթիվ են, հիմնականում պայմանավորված են ամուսիններից մեկի վերարտադրողական ֆունկցիայի խանգարմամբ:
Կանանց մոտ հիմնականում չբերության կարող են հանգեցնել ձվարանների կամ արգանդի տարբեր հիվանդությունները, հորմոնալ խախտումները, սեռական օրգանների թերզարգացվածությունը, ինչպես նաև սուր ինֆեկցիոն հիանդությունները, երկարատև ծխելը, ալկոհոլային կախվածությունը, թմրամոլությունը, վիտամին E-ի պակասը և շատ այլ պատճառներ:
Տղամարդկանց մոտ չբերության պատճառ են դառնում միզօրգանային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, սեռական, նյարդային և հորմոնալ խախտումները, բացասական էմոցիաները և այլն:
"Չբերության պատճառ կարող են դառնալ նաև ոչ ճիշտ հիգիենան, հղիության արհեստական ընդհատումը հատկապես առաջին երեխայի դեպքում, ինչպես նաև բնածին արատներն ու ժառանգական տարբեր գործոններ",- "Արմենպրես"-ի հետ զրույցում ասաց Թիվ 8 պոլիկլինիկայի ակուշեր-գինեկոլոգ Նաիրա Ոսկանյանը:
Բազմաթիվ ժամանակակից գիտական ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ աբորտը' հղիության արհեստական ընդհատումը, որը կատարվել է մինչև 25 տարեկան կանանց մոտ, առաջին հղիության ժամանակ 40 տոկոս դեպքերում հանգեցնում է չբերության, երբեմն նաև քաղցկեղի: Գիտնականների կողմից վաղուց ապացուցված է, որ հղիությունը բնական ճանապարհով բազմաթիվ նախաքաղցկեղային հիվանդությունների բուժման լավագույն միջոց է:
"Աբորտից չբերություն մեկ քայլ է". այսպիսի ձևակերպումների հաճախ կարող ենք հանդիպել բազմաթիվ հեղինակավոր առողջապահական կազմակերպությունների և գիտնականների հոդվածներում ու ուսումնասիրություններում, որոնք հասկանալով հարցի լրջությունը' իրենց աշխատություններում մանրամասն ներկայացրել են աբորտի պատճառով առաջացած բազմաթիվ հոգեբանական և ֆիզիկական անցանկալի և երբեմն նաև անդառնալի հետևանքները:
Երբ կինը հղիանում է, նրա օրգանիզմում կատարվում է հորմոնալ տեղափոխություն' ուղղված այդ հղիության պահպանմանը, անջատվում են մեծ քանակությամբ հորմոններ, իսկ աբորտի դեպքում հորմոնալ հավասարակշռությունը կնոջ օրգանիզմում խախտվում է:
Գիտնականների նորագույն հայտնագործությունները փաստում են նաև այն մասին, որ ոչ միայն աբորտը' առաջին հղիության դեպքում, այլև նույն զուգընկերների միջև տեղի ունեցող կանոնավոր սեռական հարաբերությունների պարագայում երկարատև ժամանակահատվածում (2-3 տարի) հակաբեղմնավորիչների օգտագործումը ևս կարող է հանգեցնել չբերության:
Որքան շատ են չբերության տեսակներն ու առաջացման պատճառները, նույնքան շատ են բուժման եղանակներն ու ձևերը: Չբերությունը բազմաթիվ այլ հիվանդություների նման առավել արդյունավետ բուժում է ստանում, երբ ամուսնական զույգը հիվանդության նախնական շրջանում է դիմում բժշկի: Բժշկին ուշ դիմելը' կախված չբերության տեսակից, կարող է հանգեցնել տարբեր քրոնիկ բորբոքային պրոցեսների, որոնք բնականաբար նվազեցնում են դրական արդյունքի հասնելու հավանականությունը: Երբեմն չբերության խնդրի առջև կանգնած զույգերն անհապաղ մասնագետին դիմելու փոխարեն դիմում են հեքիմների և այլ նմանատիպ "զբաղվածություն" ունեցող մարդկանց, ովքեր բուժումներ են իրականացնում բույսերի կամ այլ կասկածելի եղանակների միջոցով, իսկ ցանկալի արդյունքի չհասնելուց և իրավիճակն ավելի բարդացնելուց հետո զույգը դիմում է բժշկի' հետագայում կրկնակի դժվարեցնելով նրա աշխատանքը: Որպեսզի կանխվի չբերության առաջացումը' Ն. Ոսկանյանը խորհուրդ է տալիս հաճախակի այցելել բժշկի, կամ գոնե տարին մեկ անգամ կատարել բուժզննում անցնել:
Չբերության բուժումը բժշկի կողմից պահանջում է յուրաքանչյուր հիվանդի հանդեպ ցուցաբերել գրագետ, պրոֆեսիոնալ և անհատական մոտեցում: Այս հիվանդության բուժման գործում կարևոր է ամեն մի մանրուք. հիվանդի ընդհանուր առողջական վիճակը, վաղ հասակում ունեցած հիվանդությունները, գենետիկան, վնասակար սովորությունները:
Այսօր տասը զույգից հինգի մոտ առաջանում են տարբեր դժվարություններ երեխա ունենալու հարցում: «Բժշկության մեջ լինում են դեպքեր, երբ զույգը երեխա չի կարողանում ունենալ, հետազոտվում է, սակայն բժիշկներին այդպես էլ չի հաջողվում գտնել հիվանդության պատճառը, դա կոչվում է անհայտ պատճառի չբերություն»,- նշեց բժիշկը: Նման դեպքերում ամուսնական զույգերը հաճախ դիմում են արհեստական բեղմնավորման:
Բժշկական պրակտիկայում պատահում է, որ տարիներ շարունակ զույգը երեխա չի կարողանում ունենալ, նույնիսկ դիմելով արհեստական բեղմնավորման, սակայն անցնում է առողջ ապրելակերպի' սնվում մրգերով և բանջարեղեններով, զբաղվում է սպորտով, և որոշ ժամանակ անց երեխա է ունենում:
Armenpress