Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ այս ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին նիստը:

Հագեցած օրակարգով նիստին ներկայացվեց գիտական խորհրդի 2019-2020 ուստարվա աշխատանքային պլանը, որը հաստատվեց խորհրդի անդամների կողմից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրդյանը գիտխորհրդի անդամներին առաջարկեց աշխատանքային պլանում ներառել նաև 2020 թվականին բժշկական կրթության 100-ամյա հոբելյանի հետ կապված առաջարկներ ու դիրքորոշում: «Ողջ ուսումնական տարին, ինչպես նաև ավարտական միջոցառումը պետք է նվիրված լինի բժշկական կրթության հիմնադրման հոբելյանին»,-նշեց ԵՊԲՀ ռեկտորը: Գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատեց ռեկտորի առաջարկը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը ներկայացրեց ֆակուլտետի գործունեության ուղղությունները, ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև միջազգային հարթակում ֆակուլտետի ձեռքբերումները: Այնուհետև ռազմաբժշկական ֆակուլտետի պետը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ռազմաբժշկական ֆակուլտետի խորհրդի կազմը:

Անվանական կրթաթոշակառուների կլինիկական օրդինատուրայի վարձի զեղչման հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր՝ Գառնիկ Ավետիսյանը: ԵՊԲՀ-ն արդեն 2-րդ տարին է խրախուսում է անվանական կրթաթոշակառուներին՝ հնարավորություն տալով անվճար սովորել կլինիկական օրդինատուրայում, եթե դա նախատեսված չէ պետական պատվերի շրջանակում:

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտորի հաջորդ զեկույցը վերաբերում էր կլինիկական օրդինատուրայի մասնագիտությունների ցանկում լրացուցիչ մասնագիտությունների ներառման հարցը:

Գիտխորհրդի այս տարվա անդրանիկ նիստին ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը ներկայացրեց ինչպես բուհում, այնպես էլ համալսարանական հիվանդանոցներում 2018-2019 թվականներին կատարված, ինչպես նաև նախատեսված շինարարական, վերանորոգաման աշխատանքների ընթացքը:

Սամվել Բարոյանի խոսքով՝ վերակառուցման և վերանորոգման բոլոր աշխատանքներն իրականացվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պահանջներին և շինարարական նորմերին համապատասխան: Մինչ տարվա վերջ՝ վերանորոգման աշխատանքների մեծ մասը կհասցվի ավարտին:

Անդրադառնալով համալսարանական հիվանդանոցներում իրականացված աշխատանքներին՝ ռեկտոր Արմեն Մուրադյանն առանձնացրեց Միքայելյան հիվանդանոցի գրանցած հաջողությունները, ինչը վերջինիս թույլ է տալիս աշխատել ֆինանսապես ավելի անկախ ու վստահ, ինչպես նաև «Մուրացան» հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի գրանցած դրական ցուցանիշները՝ մանկական մահացության նվազման հետ կապված:

Կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան տարեկան սպասարկում է 1000-ից ավելի երեխա, որոնց մեծ մասը մարզերից: Մանկական մահացելությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 33 տոկոսով:

Գիտական խորհրդին ներկայացվեց նաև ուսումնական գրականության հաստատում, ինչպես նաև՝ ընթացիկ մի շարք հարցեր:


Աղբյուրը՝ ԵՊԲՀ