Երբ ձեր մտերիմների երեխան հիվանդանում է քաղցկեղով, ապա թվում է թե նրանց համար չկա որևէ մխիթարիչ խոսք՝ որ օգնության ցանկացած փորձ միանշանակ ձախողված է, սակայն այդպես չէ: Անկախ ամեն ինչից, ծայրահեղ իրավիճակում հայտնված այս մարդիկ իրականում ամեն տեսակ օգնության կարիք էլ ունեն, պարզապես այդ պահին ամենաքիչն են մտածում այդ մասին: Օգնությունը պետք է տրամադրել նրբանկատորեն, դա շատ կարևոր է:

Ձեզ ենք ներկայացնում այս խնդրի հետ առնչված ծնողների կարծիքների հիման վրա կազմված խորհուրդներ, որոնք անպայման կօգնեն ձեզ ճիշտ օգնություն տրամադրել:

Հաղորդակցություն

  • Երբեմն ուղղակի լինել ծնողների կողքին և ոչինչ չասել:
  • Հաճախ ասել, որ դուք իրենց կողքին եք և նրանք կարող են ձեզ վրա հույս դնել:
  • Հիշել բուժման հետ կապված կարևոր իրադարձությունների մասին, նախապես զանգահարել և հաջողություն մաղթել:
  • Կարելի է նաև նկարահանել փոքրիկ քաջալերող տեսանյութեր և ուրախացնել երեխային և ծնողներին:
  • Խոսել առանց քաղցկեղի «նորմալ» կյանքի մասին. Դա կարող է լինել թեկուզ կենցաղային խոսակցություն, կարևոր չէ: Քաղցկեղով հիվանդ երեխաներից մեկի մայրը խոստովանել էր. «Ես այդպես զգում էի, որ կա նաև այլ կյանք՝ կյանք առանց այս դժոխքի»:

Օգնություն հիվանդանոցում

  • Հիվանդանոց բերել անհրաժեշտ իրեր:
  • Փոխարինել հիվանդանոցում՝ թեկուզ մի քանի ժամով:
  • Հիվանդանոց բերել տանը պատրաստված սնունդ:
  • Օգնել դեղորայքի գնման հարցում:
  • Վերցնել պունկցիայի համար անհրաժեշտ կենսանյութերը և տեղափոխել լաբորատորիա:
  • Հաճախ օգնել մեքենայով տեղափոխման հարցում:

Երեխաներ

  • Ժամանակ անցկացնել մյուս երեխաների հետ, անել ամենը, որպեսզի իրենց ընկճված չզգան:
  • Այցելել հիվանդ երեխային, խաղալ նրա հետ, ցույց չտալով, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ:

Երեխայի համար զբաղմունքի միջոցներ մտածել: Օգնել ծնողներին հատկապես քիմիաթերապիայից հետո խնամել երեխային:

Հանգիստ՝ հիվանդանոցային կյանքից դուրս

  • Այնպես կազմակերպել, որ ծնողները կարողանան գոնե մի քանի ժամ հանգստանալ առանց երեխաների:
  • Ծնողներին նվիրել ձեռագործության միջոցներ, միգուցե դա օգնի նրանց չկենտրոնանալ վատ մտքերի վրա:

Միգուցե այս խորհուրդները ձեզ շատ պարզ թվան, բայց իրականում օգնությունը կարող է շատ պարզ հարցերի մեջ լինել: