Դեմքի դիմակը յուրաքանչյուր կնոջ համար պատճառաբանված անհրաժեշտություն է: Դիմակն օգնում է մաքրել դեմքը, մաշկը դարձնում է հարթ և սնուցում է այն:

Դեմքի մաշկը ոչնչով պաշտպանված չէ: Այն բաց է քամու, անձրևի, ձյան, փոշու և այլ անբարենպաստ պայմանների համար: Այդ պայմաններում դիմակն օգնում է մաքրել դեմքը, սնուցում է մաշկը, բարձրացնում տոնուսը: Դիմահարդարները հավատացնում են, որ առանց որակյալ դիմակի նախնական օգտագործման գրեթե հնարավոր չէ ստեղծել որակյալ դիմահարդարում:

Կարելի է, իհարկե, գնալ սրահ կամ կոսմետիկայի խանութում թանկարժեք միջոց ձեռք բերել: Սակայն մասնագետները պնդում են, որ տնային խնամքը ոչնչով չի զիջում և նույնիսկ առավել է պատրաստի միջոցներից:

Յուրաքանչյուր կին ինքը կարող է պատրաստել հիանալի դիմակներ: Եթե դիմակը ճիշտ է ընտրված, ապա արդյունքը կլինի ակնհայտ: Տնային դիմակների մեկ այլ առավելությունը դրանց բացարձակ բնականությունն է, հետևաբար ալերգիկ երևույթները գրեթե բացակայում են:

Դիմակների ճիշտ պատրաստումը

1. Դիմակը քսելուց առաջ դեմքը պետք է անպայման մաքրել մաքրող գելով կամ տոնիկով, ինչպես նաև գոլորշու կոմպրեսով: Դեմքը լավ մաքրում է խնձորը, այն ծառայում է նաև որպես լավ սկրաբ` խառնելով տրորած խնձորը կամ խաղողը խոշոր աղացած սուրճի հատիկների կամ հացահատիկների հետ: Տարածեք այն դեմքի վրա թեթև շարժումներով:

2. Եթե մաշկը չոր է, և ճարպագեղձերը վատ են աշխատում, ապա մաշկը ճարպի և խոնավության կարիք է զգում: Նման դեպքում պետք է ընտրել մեծ քանակությամբ խոնավացնող նյութեր պարունակող դիմակներ: Ավելի հեշտ է պատրաստել յուղային դիմակներ. վերցրեք բուսական յուղ, թեթևակի տաքացրեք, այնուհետև դրա մեջ թաթախեք բամբակը կամ որևէ մաքուր /առանց ներկանյութերի/ կտոր և 20 րոպե պահեք դեմքի վրա: Այնուհետև յուղի մնացորդները դեմքից մաքրեք տաք ջրով թրջած տամպոնով, դրանից հետո խորհուրդ է տրվում դեմքը ծածկել սառը ջրի մեջ թրջած սրբիչով: Չոր մաշկի համար օգտակար է նաև կաթնաշոռայուղային դիմակը. այն լավ փափկացնում է և սնուցում է մաշկը. 2 ճաշի գդալ կաթնաշոռը խառնեք 2 թեյի գդալ բուսական յուղի հետ, քսեք դեմքին 10-15 րոպեով, հանեք այն ճիշտ նախորդի նման: Դեմքի կնճիռներից խուսափելու համար օգտակար է 2 ճաշի գդալ ալյուրից, ձվի 1 դեղնուցից և 1 թեյի գդալ մեղրից պատրաստած դիմակը: Խառնեք ալյուրը և դեղնուցը, ավելացրեք մեղրը, զանգվածը քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե և լվացեք դեմքը գոլ ջրով:

3. Նորմալ յուղայնությամբ և խոնավությամբ, մաքուր, առաձգական մաշկով կանայք պետք է պարզապես պահպանեն մաշկի այդ առողջ հավասարակշռությունը: Նման մաշկի համար օգտակար են բանջարեղենի կամ մրգի հասարակ դիմակները: Տրորած ձվի դեղնուցի մեջ ավելացրեք ցանկացած թարմ քամած հյութի մեկ թեյի գդալ և տարածեք մաշկի վրա: Սկզբում այն դեմքից հեռացրեք գոլ, այնուհետև սառը ջրով Մաշկը վաղաժամ ծերացումից պաշտպանում և սնուցում են լոլիկի հիմքով դիմակները. վերցրեք 1 հատ լոլիկ, 1 հատ ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ օսլա և խառնեք մինչև համասեռ խառնուրդ ստանալը: Այնուհետև քսեք այն դեմքին: 20 րոպե անց լվացեք դեմքը սկզբում գոլ, այնուհետև սառը ջրով:

4. Յուղոտ մաշկի դիմակների առաջնային խնդիրը մաշկի յուղոտ փայլի հեռացումը, լայն ծակոտիների սեղմումը և ճարպաբշտիկների /угреватости/ նվազեցումն է: Պետք է հիշել յուղոտ մաշկը լավ փիլինգի միջոցով մաքրելու անհրաժեշտության մասին: Մաքրելուց հետո պետք է քսել դիմակ, օրինակ` թթխմորային դիմակ, որի պատրաստման համար պետք է վերցնել 10գ. թթխմոր, խառնել կաթնաթթվի հետ մինչև թթվասերի խտություն ստանալը, ավելացնել մեկ թեյի գդալ ցանկացած հատապտղի հյութ: Խորհուրդ է տրվում դիմակը քսել դեմքի այն հատվածում, որտեղ շատ են լայնացած ծակոտիները: Հանեք դիմակը 15 րոպե անց, այնուհետև լվացեք դեմքը նախ` գոլ, ապա` սառը ջրով:

Թեփով դիմակը նույնպես լավ սնուցում և հանում է մաշկի ավելորդ յուղը: Հարեք ձվի դեղնուցը, ավելացրեք 1 թեյի գդալ մեղր, կաթ, կիտրոնահյութ: Լցրեք խառնուրդի մեջ մի բուռ ցորենի թեփ, խառնեք և զանգվածը տարածեք դեմքին, պահեք 15-20 րոպե: Դիմակը հանեք գոլ կոմպրեսով, այնուհետև լվացեք ջրով:

Դիմակը քսելիս կարևոր է հիշել, որ

- Մաշկը պետք է լինի մաքուր

- Դիմակը դեմքին պետք է տարածել հավասար, թեթև հպումներով, չի կարելի սեղմել և տրորել մաշկը

- Դիմակները պետք է պատրաստել օգտագործելուց անմիջապես առաջ, չի կարելի դրանք պահել

- Դիմակը դեմքին պետք է պահել ընդամենը
15-20 րոպե:



Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"