Մեզնից շատերը բժշկի օգնությանն են դիմում միայն հիվանդանալիս: Բայց մարդկանց մեծ մասը բշժկին համարում է մեր առողջության պահապան և հասկանում, որ շատ ավելի խելամիտ է կանոնավոր կերպով խորհրդակցել նրա հետ: Ճիշտ այնպես, ինչպես խորհուրդ է տրվում տարեկան առնվազն մեկ անգամ ատամնաբուժարան այցելել, այդպես էլ պետք է տարեկան մեկ անգամ պրոֆիլակտիկ զննման ենթարկվել ընտանեկան բժշկի մոտ:

Նման սովորությունը որոշ մեծահասակներ շքեղություն են համարում: Մինչդեռ այն չափազանց անհրաժեշտ է, երբ խոսքը երեխաների մասին է: Կյանքի առաջին տարում երեխային պետք է պատվաստումների ենթարկել. խորհուրդներ ստանալ նրա սնվելու մասին: Ի վերջո, լինում են նաև մանկական հիվանդություններ, որոնք բժշկի միջամտություն են պահանջում: Թեև ընտանեկան բժիշկն, իհարկե, լիովին կարող է գլուխ հանել երեխայի հիվանդություններից, սակայն, միևնույնն է մակաբույժի օգնության դիմելն ավելի ճիշտ է:


Մանկաբույժը, որին դուք ընտրում եք, ոչ միայն երեխայի, այլև ձեր բժիշկն է: Նա այնպիաի մարդ պետք է լինի, որի հետ կարող եք առանց քաշվելու խոսել ձեր բոլոր հոգսերի մասին, որին կարող եք զանգահարել ամեն անգամ, որբ որևէ խորհրդի կարիք ունեք:

 Բնական է, դուք չեք ուզենա, որ նա ձեր երեխայի նկատմամբ անտարբեր լինի: Իր մասնագիտության մեջ գիտակ լինելուց զատ՝ մանկաբույժը պետք է նաև բարի մարդ լինի, պետք է կարողանա հանգստացնել ծնողներին և պարտավոր է հասկանալ, թե ինչ կապ ֆիզիկական հիվանդությունների և հոգեբանական խնդիրների միջև: Իսկ եթե նա ձեզ չի բավարարում, մի՛ ամաչեք և փոխարինեք նրան այլ մասնագետով:
Մանկաբույժը կարող է շատ սիրալիր և գիտակ մարդ լինել, բայց դուր չգալ երեխային այն պարզ պատճառով, որ նա բժշկի տեսքը միշտ կապում է ցավի հետ: Չէ՞ որ երեխան բժշկի հետ գործ է ունենում միայն այն ժամանակ, երբ հիվանդանում և ցավ է զգում կամ երբ իրեն սրսկում են: Զարմանալի չէ, որ արդյունքը միշտ նույնն է՝ բժիշկը երեխայի աչքում դառնում է սարսափ առաջացնող մի էակ: Դուք շատ բան կարող եք անել երեխայի և բժշկի փոխհարաբերությւոնները բարելավելու ուղղությամբ:

  • Երբեք մի՛ արտասանեք. «Տե՜ս հա, բժիշկ կկանչեմ» արտահայտությունը՝ որպես սպառնալիք: Բժշկի այցը անհրաժեշտություն է, այլ ոչ թե պատիժ:
  • Ջանացեք, որ բժիշկը, որքան որ թույլ է տալիս մասնագիտական էթիկան, դառնա ձեր բարեկամը:Մենք սովորաբար դրական կարծիք ենք հայտնում մեր բարեկամների մասին, և շատ հնարավոր է, որ այդ բարյացակամ վերաբերմունքը հաղորդվի նաև երեխային:
  • Փոքրիկին ուժով քարշ մի տվեք բժշկի սենյակ, եթե նա չի ուզում մտնել: Շատ մայրեր այդ պատճառով զայրանում են երեխաների վրա, բայց կարող եք չկասկածել՝ բժիշկը շատ ավելի վատ բաներ է տեսել, և եթե նա չի կարողանում իր գործը կատարել, ապա դա նրա մեղքն է, այլ ոչ թե ձերը:

Անհրաժեշտ է նաև համոզված լինել, որ ինչքան էլ ուժեղ լինի բժշկի նկատմամբ երեխայի բացասական հակազդումը, փոքրիկն աստիճանաբար նրա նկատմամբ իր վերաբերմունքը փոխելու է դեպի լավը: Ահա թե ինչու պետք չէ տագնապել բժշկի սենյակում տեղի ունեցածի կապակցությամբ: ժամանակի ընթացքում երեխան, անկասկած, կհասկանա, որ բժիշկն իրեն պետք է, կգնահատի դա և այլևս նրանից չի վախենա:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Allan Fromme, «ABC of Child Care»