Հայաստանում աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության միակ ծառայությունը գործում է 2005 թ-ից՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:

Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝  կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապիճի պաթոլոգիաներով հիվանդների  վիրահատում և բուժում: 

Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ վիրաբույժ Բ.Գ.Թ. Արմինե Ղարաքեշիշյանը: Նա վերապատրաստվել է ԱՄՆ-ի Ռոչեսթեր համալսարանում և Հնդկաստանի ԼՎ Պռասադ Աչքի Ինստիտուտում՝ 2003-2004 թթ.:

 

Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում հատուկ մասնագիտացված պլաստիկ վիրաբույժի կողմից իրականացվում են հետևյալ վիրահատությունները.

1.  Դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով
2. Արցունքային ուղիների պլաստիկա
3. Բլեֆարոպլաստիկա
4. Պտոզի ուղղում
5. Ծանր աստիճանի պտոզի ուղղում սիլիկոնային լարերով
6. Կոպերի ուռուցքի հեռացում կոպերի ռեկոնստրուկցիայով
7. Ակնակապիճի պլաստիկա
8. Էնուկլեացիա պլաստիկայով
9. Լագոֆթալմի պլաստիկա ոսկյա իմպլանտով
10. Էկտրոպիոնի և էնտրոպիոնի պլաստիկա: 
  
Քրոնիկ արցունքահոսությունը հանդիսանում է խիստ տարածված պաթոլոգիա, որի հիմնական պատճառը հանդիսանում է արցունքաքթային կանալի բլոկադան: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ արցունքահոսության դեպքում իրականացվում է դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով: Այս վիրահատության շնորհիվ բուժում են ստանում և՛ բնածին, և՛ ձեռքբերովի, և՛ հետտրավմատիկ քրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդները:

Պտոզը վերին կոպի կախվածությունն է, որը հանդիսանում է կոսմետիկ դեֆեկտ և կարող է բերել աչքի տեսողական ֆունկցիաների խիստ սահմանափակման: Հատկապես ծանր աստիճանի պտոզը նախկինում հանդիսանում էր անբուժելի պաթոլոգիա: Ներկայում Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը տարածաշրջանում հանդիսանում է միակը, որտեղ իրականացվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում՝ աշխարհում լավագույնը հանդիսացող սիլիկոնային լարերի միջոցով:

Կոպերի ուռուցքները հանդիսանում են բավականին տարածում ունեցող պաթոլոգիա: Հաճախ ուռուցքի հեռացումից հետո մնում է կոպեզրի 50%-ից մեծ դեֆեկտ: Երբեմն անհրաժեշտ է լինում հեռացնել ամբողջ կոպը: Պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից իրականացվում են կոպերի վերականգնողական վիրահատություններ, որոնց միջոցով վերականգնվում է կոպի և՛ անատոմիան, և՛ ֆունկցիան:

Դիմային ներվի պարիեզից հետո առաջանում է լագոֆթալմ, որը բնորոշվում է վերին կոպի փակվելու ֆունկցիայի բացակայությամբ: Լագոֆթալմը հանդիսանում է և՛ կոսմետիկ դեֆեկտ, և՛ խիստ վտանգավոր վիճակ ակնագնդի համար: Լագոֆթալմը անգամ կարող է բերել ակնագնդի կորստի:  

Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնը հանդիսանում է տարածաշրջանում միակը, որտեղ իրականացվում են աչքի պլաստիկ վիրահատություններ լագոֆթալմի վերացման համար՝ ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով: