Բոլոր հիմնական համաշխարհային կրոնների սուրբ գրքերն արգելում են մարդուն առանց անհրաժեշտության սպանել այլ կենդանի արարածների: Հին Կտակարանում ասվում է. «Մի սպանիր»: Լայնորեն տարածված է այն թյուր կարծիքը, թե այս արգելք է դնում միայն մարդու սպանության վրա: Բայց բնագրում հին եբրայերենով գրված է lo tirtzach, այսինքն` «մի սպանիր», իսկ դոկտոր Ռուբեն Ալկալայը «Հին եբրայերեն-անգլերեն մեծ բառարանում» նշում է, որ tirtzach բառը, հատկապես դասական հին եբրայերենում վերաբերում է ցանկացած տիպի սպանությանը, ոչ թե միայն մարդու:

Թեև Հին Կտակարանում կան սննդի մեջ մսի օգտագործումն առաջարկող մի շարք կարգադրություններ, բայցևայնպես կասկած չի մնում, որ իդեալականն այն է, որ մարդ սնվի միայն բուսակերական սննդով: Գիրք Ծննդոցում Աստված ինքն է ասում. «Ահա ձեզ տվի ամբողջ երկրի վրա եղած ամեն խոտը, որ սերմ ունի, և ամեն ծառ, որի վրա սերմ տվող ծառի պտուղ կա. սրանք ձեզ համար կերակուր պիտի լինեն»: Ամենուրեք, որտեղ Հին Կտակարանում խոսվում է սննդի մեջ մսի օգտագործման մասին, խոսք է գնում բազմաթիվ արգելքների ու սահմանափակումների մասին: Հին Կտակարանի պատմության շատ դրվագներ վկայում են այն մասին, որ մսեղեն սննդի թույլտվությունը լոկ զիջողություն է մարդու համառ ցանկությանը: Այսպես, Թվերում պատմվում է այն մասին, թե ինչպես Աստծո կողմից իրենց ուղարկված մանանայից դժգոհ հրեաներն սկսեցին տրտնջալ` ուտելու համար մսեղեն պահանջելով: Զայրացած Աստված նրանց լոր ուղարկեց, բայց հաջորդ առավոտյան բոլոր նրանք, ովքեր լոր էին կերել, ախտահարվեցին համաշխարհային խոցով: Հին Կտակարանի ավելի ուշ գրքերում մեծ մարգարեները նույնպես դատապարտում են մսակերությունը: Օրինակ, Դանիել մարգարեի Գրքի ամենասկզբում բուսակերական սննդակարգի առավելությունները լուսաբանող մի պատմություն է նկարագրված, իսկ Եսայի մարգարեի Գրքում Աստված ասում է. «Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը, ես կշտացել եմ ձեր գառների ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արյունը չէ, որ ուզում եմ: Եվ եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով»:

Քրիստոնյաների մեծամասնությունը համոզված է, որ Հիսուս Քրիստոսը միս ուտում էր, ինչի մասին Նոր Կտակարանում մի քանի տեղ հիշատակվում է: Նրանցից շատերի համար դա լուրջ փաստարկ է բուսակերության դեմ: Սակայն հունարեն բնօրինակների ձեռագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ բառեր (trophe, brome և այլն), որոնք սովորաբար թարգմանվում են որպես «միս», իրականում նշանակում է սնունդ կամ ուտելիք` բառիս ամենալայն իմաստով: Հունարեն «միսը» կլինի «kreas» (միս, մարմին), և Նոր Կտակարանում ոչ մի տեղ այդ բառը չի գործածվում Հիսուս Քրիստոսի հետ կապված: Նոր Կտակարանում ոչ մի տեղ ուղղակիորեն չի ասվում, որ Հիսուս Քրիստոսը միս է կերել: Դա համապատասխանում է Հիսուս Քրիստոսի հայտնվելու մասին Եսայու հայտնի մարգարեության հետ. «Այսպես, Կույսն իր արգանդում կընդունի ու կծնի մի Որդի, և Նրան Էմանուել կանվանեն: Նա կսնվի կաթով ու մեղրով, քանի դեռ չի ճանաչում/տարբերում չարն ու բարին»:

«Այսպես է ասել Մուհամեդը» գրքում (հադիսների թարգմանությունն է` արված դոկտոր Մ. Հաֆիզ Սիդի կողմից) Մուհամեդ մարգարեի աշակերտները հարցնում են նրան. «Ճի՞շտ է արդյոք, որ մեզ կհատուցվի նրա համար, որ լավություն ենք անում չորքոտանիներին ու ջուր ենք տալիս նրանց»: Մուհամեդը պատասխանում է. «Կպարգևատրվի նա, ով բարիք է բերում ցանկացած կենդանու»: Մսի օգտագործումը թեև թույլատրված է Ղուրանում, բայց, ինչպես և Հին Կտակարանում, սահմանափակված է մի շարք կանոններով ու արգելքներով, որոնցից մեկն ասում է. «Արգելված է ձեզ լեշը, և արյունը, և խոզի միսը, և այն, ինչ մորթված է ցանկացած անվան վկայակոչմամբ, բացի Ալլահի անունից»: Խիստ ասած` Հին Կտակարանի սահմանափակմանը նմանվող այս սահմանափակումն արգելք է դնում ցանկացած մսի օգտագործման վրա, որովհետև սպանված կենդանու միսն արյունից ամբողջությամբ մաքրել գործնականում անհնար է:

Բուդդան հայտնի է կենդանիների սպանության դեմ ուղղված իր քարոզով: Հայտնի են նրա երկու աֆորիզմները. «Մի սպանիր այն ցուլին, որը հերկում է քո արտը» և «Մի խրախուսիր որկրամոլությունը, որ կապված է կենդանի սպանելու հետ»: «Դհամապադայի» մեկ այլ աֆորիզմ նախազգուշացնում է սննդի մեջ միս օգտագործելու ցավալի հետևանքների մասին. «Նա, ով երջանկություն գտնելու հույսով տանջում կամ սպանում է այլ կենդանի արարածների, որոնք նույնպես ձգտում են երջանկության, իր առջև փակում է երջանկության տանող ճանապարհը հաջորդ կյանքի համար»:

Հնդկաստանի` մինչբուդդայական ժամանակաշրջանին վերաբերող վեդական գրքերը նույնպես պնդում են, որ ահիմսայի սկզբունքը բուսակերության բարոյագիտական հիմքն է հանդիսանում: «Միս հնարավոր չէ ստանալ առանց կենդանի արարածներին վնաս պատճառելու, - ասվում է «Մանու-սամհիտայում», Հնդկաստանի օրենքների հնագույն ժողովածուում, - դրա համար էլ թող բոլորն էլ խուսափեն միս գործածելուց»: «Մանու-սամհիտայի» մեկ այլ բաժնում խորհուրդ է տրվում. «Հիշիր այն մասին, թե ինչ գարշելի եղանակով է ձեռք բերվում միսը, և այն դաժանության մասին, որով գերության մեջ պահվում ու սպանվում են կենդանի էակները, մարդը պետք է մեկընդմիշտ հրաժարվի միս օգտագործելուց»:

«Մահաբհարատայում» (աշխարհում ամենամեծը համարվող էպիկական պոեմում) կենդանիների սպանությունն արգելող մի շարք կարգադրություններ կան: Ահա դրանցից մի քանիսը. «Նա, ով իր միսն աճեցնում է` ուտելով այլ արարածների, իրեն դատապարտում է տառապանքների, ինչ մարմնում էլ որ ծնվի», «Աշխարհում չկա ավելի դաժան ու եսասեր մարդ, քան նա, ով մեծացնում է իր մարմինը` անմեղ կենդանիների մարմին ուտելով», «Նա, ով ուզում է երկար ապրել` պահպանելով գեղեցկությունը, հստակ հիշողությունն ու լավ առողջությունը, ինչպես նաև օժտված լինել ֆիզիկական, բարոյական ու հոգևոր ուժով, պետք է հրաժարվի կենդանական սննդից»:

Ինչպես Կրիշնա Աստվածն է բացատրում «Բհագավադ-գիտայում», նա, ով հասկանում է, որ բոլոր կենդանի էակներն իրար հավասար են, հասել է հոգևոր կատարելության. «Ճշմարիտ գիտելիքով օժտված համեստ իմաստունը միանման ձևով է նայում ազնվաբարո բրահմանին (հեգևորականին), կովին, փղին, շանն ու շնակերին»:

ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Սննդի մեջ մսի օգտագործումը համարվում է թույլատրված, բայց ոչ կարգադրված: Սննդի մեջ բոլորովին միս չէին օգտագործում հեսեները` երկրորդ Տաճարի ժամանակների Հուդայականության ներսում առաջացած ուղղություն, որ հայտնի է իր բարեպաշտությամբ: Ընդհանրապես մսեղենի գործածությունը պայմանավորված է սահմանափակումների մի ամբողջ շարքով, մասնավորապես` կենդանուն սպանելու ժամանակ նրա մեջից լիովին պետք է հանվի ամբողջ արյունը, չի կարելի ուտել այն կենդանիների միսը, որոնք իրենք են սնվում մսով, ինչպես նաև այլ եղանակով սպանվածներին, բացի ավանդական անցավ եղանակից, չի կարելի մսեղենն օգտագործել կաթնեղենի հետ համատեղ, կան նաև այլ սահմանափակումներ:

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ: Կաթոլիկության և ուղղափառության մեջ բուսակերությունն ընդունված է վանակաների շրջանում, այդ թվում նաև բարձրագույն հոգևորականության շրջանում: Աշխարհիկների համար սովորաբար սահմանված է պասերի համակարգ, որոնց ընթացքում արգելված է մսեղեն սննդի օգտագործումը (Ուղղափառության մեջ պասուց օրերը տարվա ընթացքում կազմում են շուրջ 200): Հնադավանության մեջ, բացի դրանից, մսակերության վերաբերյալ լրացուցիչ սահմանափակումներ են հանդիպում, որոնք սկիզբ են առել Հին Կտակարանի կանոնադրություններից: Ռուսական ավանդական ոչ ուղղափառ քրիստոնեական ուղղություններում (հոգեմարտիկների (духоборы), մոլոկանների, քրիստոսահավատների (христововеры) մոտ) բուսակերությունն ընդունված էր գրեթե ամենուրեք (հարկ է նշել, որ ոչ ուղղափառ, ներառյալ Հնադավանությունը, քրիստոնեական հավատալիքներին հետևում էր Ռուսաստանի բնակչության մոտավորապես կեսը): Բողոքականության տարբեր ուղղություններում այս հաշվով գոյություն ունեն զանազան ավանդույթներ, օրինակ` բուսակերությանը հետևում են յոթերորդ օրվա ադվենտիստները, բայց, ընդհանուր առմամբ, բողոքական ուսմունքները բուսակերության հակված չեն:

ՄԱՀՄԵԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Մսակերության նկատմամբ վերաբերմունքի ավանդույթները մոտ են հուդայականներին, բայց փոքր-ինչ ավելի մեղմ են. Ռամադան ամսվա ընթացքում ցերեկային ժամերին ընդունված է լիակատար պաս բոլոր հավատացյալների համար: Բուսակերությունը կիրառվում է առավելապես սուֆիստների` մուսուլմանական միստիկների շրջանում:

ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Հինայանան (խիստ բուդդայականությունը) մերժում է մսակերությունը, Մահայանան թույլատրում է, բայց չի խրախուսում: Ամբողջությամբ բուսակերական են որոշ առանձնահատուկ հոսանքներ, օրի

նակ` ձեն-բուդդայական վանականությունը:

ՀՆԴՈՒԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀԻՆԴՈՒԻԶՄ): Բուսակերությանը միանգամայն հակված է: Շատ ուղղություններ ուղղակիորեն կարգադրում են այն: Հնդուականները Հնդկաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն են կազմում (700 մլն բնակիչ), նրանք համարյա բոլորը բուսակերներ են:

ՋԱՅՆԻԶՄ: Խիստ բուսակերություն է ենթադրում իր բոլոր հետևորդների համար:

ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Բուսակերությունը ուսմունքի և պրակտիկայի մաս է կազմում բոլոր հավատացյալների համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: Գործնականում բոլոր կրոնական համակարգերում բուսակերությունը համարվում է ինքնամաքրման անհրաժեշտ բաղադրիչը, առանց որի հոգևոր վերելքն անհնար է: Երբեմն այդտեսակ ինքնամաքրումը համարվում է ընտրյալների, երբեմն էլ տվյալ կրոնական համակարգի բոլոր կողմնակիցների ճակատագիրը: