Առաջին անգամ Հայաստանում «Բլադ Սելս» լաբորատորիաներում, Docus-ի հետ համագործակցությամբ, ներդրվել է արհեստական բանականությամբ աշխատող ծրագիր, որը նախատեսված է լաբորատոր հետազոտությունների արդյունքների խորը և բազմակողմանի վերլուծության համար։

Նախաձեռնությունը ներկայացվեց «Արհեստական բանականության օգտագործմամբ լաբորատոր տվյալների վերլուծության առաջին լուծումը Հայաստանում» խորագրով մամուլի ասուլիսի շրջանակներում։ Ծրագրի մանրամասները ներկայացրին «Բլադ Սելս» լաբորատորիաների հիմնադիր-տնօրեն Արման Հովհաննիսյանը և Docus-ի համահիմնադիր-տնօրեն Ռոբերտ Սարգսյանը։

«Բլադ Սելս» լաբորատորիաների հիմնադիր-տնօրեն Արման Հովհաննիսյանը իր խոսքում նշեց «Մեր մշակած համակարգը գործում է ապացուցողական բժշկության սկզբունքներով։ Այն ապահովում է լաբորատոր տվյալների համապարփակ վերլուծություն՝ միաժամանակ թողնելով վերջնական ախտորոշման և բուժման որոշումները բժշկի իրավասության շրջանակում։ Մեր նպատակը բժշկին և բուժառուին օգնելն է՝ տրամադրելով հստակ, հասկանալի և արժանահավատ տվյալներ»։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով իր ելույթում ընդգծեց արհեստական բանականության գործիքների կարևորությունը առողջապահական համակարգի զարգացման գործում «Իմ և մեր կառավարության նպատակն է, որպեսզի Հայաստանում խթանենք արհեստական բանականության տարբեր գործիքների ստեղծումը նաև առողջապահական ոլորտում։ Ավելի ու ավելի լայն տարածում են ունենալու այս գործիքները՝ ինչպես պացիենտներին ճիշտ ուղղորդելու, այնպես էլ սեփական առողջության վերաբերյալ տվյալները վերլուծելու նպատակով»։

Ինչ է առաջարկում նոր ներդրված ծրագիրը։

  • Լաբորատոր հետազոտությունների արդյունքների մանրամասն վերլուծություն։
  • Տվյալների համապարփակ ներկայացում՝ կատարված հետազոտությունների տեսակների, դրանց դերի և կլինիկական նշանակության մասին։
  • Շեղված ցուցանիշների վերլուծություն, միտումների և ռիսկերի բացահայտում։
  • Առաջարկներ՝ համապատասխան բժշկի դիմելու և լրացուցիչ հետազոտություններ կատարելու վերաբերյալ՝ կախված արդյունքներից։
  • Բուժառուի համար ստեղծվում է անձնական էջ, որտեղ առնվազն 3 տարի պահպանվում են բոլոր արդյունքներն ու դինամիկայի գրաֆիկները։
  • Արդյունքները ավտոմատ կերպով ուղարկվում են օգտատիրոջը՝ բջջային հաղորդագրությամբ և էլեկտրոնային նամակով։

Ամփոփելով նշենք, որ «Բլադ Սելս» բազմապրոֆիլ լաբորատորիաների ցանցը շարունակելու է ներդնել նորարարական լուծումներ՝ ապահովելով ժամանակակից, վստահելի և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ ինչպես բժիշկների, այնպես էլ բուժառուների համար։