Բժիշկ - ուրոլոգ Ռուզաննա Աղաջանյանի հետ քննարկել ենք միզապարկի քաղցկեղի առաջացման պատճառները, դրա զարգացմանը նպաստող գործոնները, ինչպես նաև այն կանխարգելելու լավագույն ուղիները։
1. Միզապարկի քաղցկեղը կազմում է ընդհանուր ուռուցքների 3%-ը։ Ի՞նչպես է առաջանում միզապարկի ուռուցքը և ի՞նչ գործոններ են նպաստում։
Միզապարկի քաղցկեղն առավել հաճախ զարգանում է ուռուցքային մուտացիաների հետևանքով, որոնք խաթարում են բջջային կարգավորումը և բերում չարորակ պրոլիֆերացիայի։
Միզապարկի քաղցկեղի առաջացմանը նպաստող գործոններն են՝ ծխախոտի օգտագործումը (ամենակարևոր ռիսկային գործոնը), քիմիական նյութերի ազդեցությունը (անիլինային ներկեր, արոմատիկ ամիններ, արդյունաբերական նյութեր), քրոնիկ բորբոքումները և վարակները, ճառագայթային թերապիան՝ հատկապես փոքր կոնքի շրջանում։ Ռիսկի գործոն է նաև տարիքը, որը բերում է միզապարկում մնացորդային մեզի առկայության, ինչը ծխողների մոտ առաջացնում է մեզի միջի վնասակար նյութերի լորձաթաղանթի վրա ազդեցության ժամանակի երկարեցման։
Նաև նպաստող գործոն կարող է լինել գենետիկ նախատրամադրվածությունը։
2.Ծխախոտի օգտագործումը համարվում է միզապարկի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկային գործոններից մեկը։ Ի՞նչ հիմնական մեխանիզմներով է ծխելու հետևանքով առաջանում միզապարկի ուռուցքը։
Ինչպես գիտենք ծխախոտի այրման հետևանքով առաջանում են մի քանի տասնյակ վնասակար և կոնցերոգեն նյութեր, որոնցից են նաև արոմատիկ ամինները և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները, որոնք քիմիապես մոդիֆիկացնում են ԴՆԹ-ն՝ հանգեցնելով մուտացիաների։
Այդ թունավոր նյութերը արյան հունից ֆիլտրվելով երիկամների կողմից հայտնվում են միզային համակարգում, որտեղ և թողնում են իրենց վնասակար (ուռուցքածին) ազդեցությունը, իսկ առկա ուրոթելի վնասումը էլ ավելի է բարձրացնում ռիսկը։
3․ Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ռիսկը դադարեցման կամ այլ մեթոդների միջոցով։
Ռիսկը նվազեցնելու ամենակարևոր քայլերից է ծխելը դադարեցնելը։ Բայց, ինչպես ցույց է տալիս միջազգային և անձնական փորձը մարդկանց շատ քիչ տոկոսն է ամբողջությամբ հրաժարվում ծխելուց։ Չթողնելու դեպքում կարելի է անցում կատարել ավելի քիչ ռիսկեր պարունակող այլընտրանքային տարբերակների՝ նիկոտինային սպեղանիներ, մաստակներ, ծխախոտի տաքացման համակարգեր։
Միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկը կարելի է նվազեցնել հետևյալ գործողություններով՝ հեղուկի բավարար ընդունում, միզուղիների վարակների և քրոնիկ բորբոքումների կանխարգելում, աշխատանքային անվտանգություն (քիմիական նյութերի հետ աշխատելու դեպքում՝ պաշտպանիչ միջոցների օգտագործում)։



